«Չեմ կարծում, որ ունեցել եմ մեծագույն դժվարություն. անընդհատ պատրաստվել եմ, որ պիտի ունենամ… Միգուցե ունեցել եմ և վերջում դա կհատկանշեմ՝ որպես մեծագույն դժվարություն»,- ասում է նկարիչ-դիզայներ Նուռը և հավելում. «Ինքս ինձ համար եմ ստեղծում դժվարություններ, որպեսզի դրանց հաղթահարումով զորեղանամ ու պատրաստ լինեմ մյուս դժվարություններին»: Այս մի քանի նախադասությունն էլ բավ է Նուռի կենսաձևը պատկերացնելու համար, և, թերևս, այստեղ է նաև դիզայների հաջողությունների, տարած հաղթանակների գաղտնիքը: Բոլորովին վերջերս Նուռը Հայաստան վերադարձավ Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակով՝ Մեդիչիի «Lorenzo IL Magnifico» ոսկե մեդալով:
«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում Նուռի հետ զրուցել ենք արվեստից, ստեղծագործականությունից և այն մյուս կարևոր բաղադրիչներից, որոնց միջոցով կյանքը կայանում է: Զրույցի լավագույն հատվածները կարդացեք ստորև.
Երբ ես ծնվեցի, տեսա աշխարհն ու երևի հենց այդ պահից փորձեցի սկսել ապրել, քանի որ ծնվելը դեռ ապրել չէ: Իսկ ապրելը ուղին է դեպի մահ: Մահը վատ չէ, լավ է. այն մրցանակ ու պարգև է, որը տրվում է լավ ապրելու պարագայում: Մահը շատ տարբեր է, ինչպես և կյանքը: Մարդիկ, չգիտես՝ ինչու, տարբեր կյանք են պատկերացնում, իսկ մահը՝ մի ձև: Այդպես չէ. մահը նույնպես տարբեր է, ինչպես կապրես, այդպես էլ կմեռնես ու կանմահանաս…
«Ես կամ»-ը հայտագործություն էր. երբ երեխա էի, անընդհատ ինքս ինձ բռնեցնում էի այն մտքին, որ ապրում եմ, կենդանի եմ, և դա շատ զարմանալի է: Տպավորություն է, որ հիշում էի՝ ինչպես է եղել մինչև ապրել սկսելս: Ինձ համար Աստծուն հայտնաբերել եմ շատ ուշ, քանի որ մենք խորհրդային միջավայրում էինք ապրում. ոչ մեկը մեզ չէր ասում Աստծո մասին, չէինք պատկերացնում, որ կոմունիզմից և Լենինից այնկողմ ինչ-որ բան կա… բայց դրա հետ մեկտեղ՝ ենթագիտակցական շերտում անընդհատ հարցեր կային:
Հավատում եմ, որ իրականությունը մի հարթություն չի, դրանում տարբեր շերտեր կան, իսկ այդ շերտերում շատ տարբեր կերպարներ են ապրում. մանկությանս հրաշքն այդ կերպարների, հեքիաթային հերոսների իրական լինելուն հավատալն էր: Հիմա էլ համոզված եմ, որ մարդու երևակայությունն այնքան բուռն չի կարող լինել, որ 0-ից կերպար ստեղծի…
Հոգին բաղկացած է տարբեր մասունքներից , և ամեն ինչ հոգուց է բխում՝ և՛ ստեղծագործականը, և՛ մարդկանց հանդեպ վերաբերմունքը: Շատ ուսուցիչներ եմ ունեցել, ովքեր իրենց ոլորտում ազդել են տեսակիս ձևավորման վրա: Ստեղծագործական հատվածիս վրա ամենամեծ հետքը թողած մարդն առաջին ուսուցիչցս՝ Սամվել Բաղդասարյանն է եղել, ով շատ հետաքրքիր ու խորը արժեքներ է փոխանցել ինձ:
Իմ 99 տոկոսը կազմված է ստեղծագործելուց. ամբողջ օրը միտքս դրանով է զբաղված, առանց դրա չէի լինի այն, ինչ կամ: Մարդասիրությունն է երկրորդ երևույթը, ինչի վրա հիմնված է իմ կյանքը: Սիրում եմ մարդկանց, իրապես սիրում եմ՝ անկախ նրանից՝ դիմացս ով է, իմ բարեկամն է, ընկերը, թե պարզապես անցորդ: Մարդկային շփումը փոխադարձ պարգև է, բայց երբ ինձ դավաճանում են, նեղացնում են, ես պարզապես զրկում եմ այդ պարգևից: Ոչ թե չեմ ներում, ոչ, ներում եմ առաջին իսկ պահից, նույնիսկ առանց ներողության, պարզապես այլևս մոտ չեմ թողնում:
Երկիր մոլորակը պտտում է Աստծո սերը դրա և մարդկանց նկատմամբ: Քանի դեռ Աստված սիրում է, այն կպտտվի: Պիտի արժանի լինենք այդ սիրուն, որովհետև դա էլ անվերջ չէ:
Հուսահատության պահերին շարունակում եմ չհուսահատվել (ժպտում է,-Ա.Պ.): Չկա հուսահատություն, դա շատ կարճ մի բան է: Եվ ինքս ինձ թույլ չեմ տալիս հուսահատվել, որովհետև հնարավորություն չունեմ նման շռայլության:
Շատ մեծ պատասխանատվություն է դրված ստեղծագործող մարդու վրա: Քեզ տրվում է միտք, գաղափար, և եթե դու այն չես իրականացնում, ապա քեզ վստահված պատասխանատվությունը, քո առաքելությունը չես իրագործում: Դրանից հետո՝ վերջ, քեզ այլևս չի տրվում: Ինքս միշտ փորձել եմ իրականացնել ինձ տրված գաղափարները: Մտավախություն միշտ կա. եթե չիրականացնեմ՝ հոսքը կանգ կառնի… Դու գործիք ես ընդամենը, շնորհը քեզ ի վերուստ տրվում է, որպեսզի իրականացնես անելիքդ: Երբ գործիքը չի աշխատում, դրան այլևս չեն անդրադառնում, չեն վերցնում, որ դրանով աշխատեն:
Արվեստը մարդկանց դաստիարակելու, մտածելակերպ ստեղծելու և փոխելու համար է: Արվեստը հետք է թողնում, պատմական հետք: Ինչ արարում եմ, հետք է՝ լավ թե վատ, սերունդները կորոշեն, կարժևորեն կամ չեն արժևորի:
Իմ ամբողջ օրվա ընթացքում կա երաժշտություն. ականջակալները միշտ հետս են:
Երբ բնության գրկում եմ, երաժշտության կարիք չեմ զգում, բայց շատ ծանր եմ տանում այն աղմուկը, որը մեզ պարուրում է ներկայիս իրականության մեջ: Իրապես շատ ծանր եմ տանում, որովհետև շատ զգայուն եմ. ինձ թվում է՝ տարբեր շիկացած սրեր են մխրճում գլխիս մեջ: Երաժշտությունն ինձ անջատում է այդ ամենից և թույլ է տալիս մեկուսանալ:
Վերջին տարիներին հիմնականում դասական երաժշտություն եմ լսում և, իհարկե, առանձնացնում եմ Բախին:
Եթե առավոտյան արթնանում ես, անհամբեր հասնում ես աշխատանքիդ վայր, որովհետև սիրում ես այն, հաճույքով ես գնում անելիքդ կատարելու ու եթե աշխատանքիդ ընթացքում սպասում ես՝ երբ ես գնալու տուն, որովհետև քեզ այնտեղ սիրողներ ու սպասողներ կան, ուրեմն կյանքդ լիարժեք է:
Երևանում իմ ամենասիրելի եկեղեցին Սբ. Զորավոր Աստվածածինն է, Հայաստանի տարածքում՝ Դադիվանքը:
Որպեսզի լինես դիզայներ, նախ պիտի կայանաս որպես նկարիչ, որպես քանդակագործ ու ճարտարապետ: Այս գործում ամենաբարդը ժամանակի պակասն է. այն երբեք չի հերիքում:
Մտքերը շատ են, չես հասցնում իրագործել, ամեն ինչ անում ես վերջին վայրկյանին, գիշերները չես քնում, արյունահոսող քթով ես հասնում ինչ-որ տեղ… Իմ արած ցանկացած աշխատանք այդպես է արվել ու հասցվել ինչ-որ տեղ: Սա արդեն ապրելակերպ է:
Գաբրիել Գարսիա Մարկեսն է այն մարդը, ում հետ զրուցելու հնարավորություն կուզեի ունենալ: Երազում էի դրա մասին, արդեն նախապատրաստել էի իմ ուղևորությունը Մեքսիկա. նամակագրական կապի մեջ էի Մարկեսի կնոջ՝ Մերսեդեսի հետ: Ցավոք սրտի, այդ հանդիպումը չկայացավ, որովհետև Մարկեսը շատ ծանր առողջական խնդիրներ ուներ և այդպես էլ չապաքինվեց: Կարծում եմ, հանդիպելու պարագայում էլ որևէ հարց չէի տա: Նա մեր օրերի ամենահանճարեղ մարդն էր: Եթե հանդիպեինք, ուղղակի երկուսով կլռեինք: Դա ինձ կբավարարեր: Նման մեծության հետ լռելն իսկ մեծ ծավալի ինֆորմացիա է, որը դեռ պիտի կարողանաս յուրացնել:
Կյանքիս գլխավոր ձեռքբերումը ընտանիքս եմ համարում, երեխաներիս:
Իմ կյանքի սերը բնությունն է:
Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում ստեղծագործելիս, քանզի Աստված ևս ստեղծագործող է ու մեզ ստեղծագործել է Իր կերպարով: Հետևաբար մենք էլ ենք ստեղծագործող. Աստծո գենն ենք ստացել, փոքրիկ գենը: Բայց մենք Աստված չենք ու չենք կարող լինել:
Ցանակացած ստեղծագործող միշտ պիտի ձգտի կատարելության, բայց դրա հետ մեկտեղ հասկանա, որ երբևէ դրան չի հասնելու:
Դրախտն իմ պատկերացմամբ՝ ներկայիս կյանքն է:
Քրիստոս աշխարհից չի գնացել, չէ՞ որ մենք ապրում ենք Իր անունով, գործում ենք Իր անունով: Մեծագույն սխալ է համարել, որ Նա այստեղ չէ: Եթե վստահ լինեինք, որ Քրիստոս այստեղ է, և դա այդպես էլ կա, ոչ ոք չէր սխալվի: Կարծում եմ՝ եկեղեցու ու հավատի գլխավոր գործը դա է՝ մարդկանց սովորեցնել, որ Քրիստոս այստեղ է, հիմա է, կա, քո մեջ է, իմ մեջ է, բոլորիս մեջ է:
Զրուցեց՝ Ա. Պողոսյանը