Ծառայությունը՝ Տիրոջ օրհնության ճանապարհ

Ծառայությունը՝ Տիրոջ օրհնության ճանապարհ

Ձեռնադրության ժամանակ բուրվառ անելով` նոր ձեռնադրյալ սարկավագը խորանի առջև կանգնած երգում է ՝ «Եւ եւս խաղաղության զտեր աղաչեսցուք ընկալ կեցո և ողորմեա...»: Այնուհետև շրջվում է դեպի եպիսկոպոսն ու շարունակում, «Օրհնեա Տէր», և այսպես՝ երեք անգամ:

Մեր  զրուցակիցն  է Ասատուր սարկավագ  Բալջյանը․ «Ես, որ կրթել եմ տասնյակ սաների և տիրապետում էի բուրվառի բոլոր կանոններին, շարականներին, ձեռնադրության ժամանակ կարկամել էի,  շփոթվել: Ամեն ինչ ինձ համար կարծես նոր լիներ»:

 


Առաջին մուտքը եկեղեցի

Ինը տարեկան էի, երբ առաջին քայլերս կատարեցի դեպի եկեղեցի: Շապիկ հագա և սկսեցի մասնակցել ժամերգություններին: Էջմիածնի Ս. Աստվածածին եկեղեցում էի ծառայում: Իսկ տասներեք տարեկանում արդեն մեկնեցի Երուսաղեմ և սկսեցի ուսանել Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանում:
Զինորական ծառայությունից հետո կրթությունս շարունակեցի նաև Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնում: Բավական երիտասարդ տարիքում դարձա նախագահի մրցանակակիր: Երգում էի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում: Որոշ ժամանակ անց Երուսաղեմի պատրիարքի կողմից հրավիրվեցի դասավանդելու Ժառանգավորաց վարժարանում: Ապա պետք է մեկնեի Բեռլին՝ կրթությունս շարունակելու: Այնտեղ միևնույն ժամանակ շարունակում էի նաև հոգևոր ծառայությունս իբրև ուրարակիր՝ Գերմանիայի թեմում:

Այսպես սկսեցի համատեղել երաժշտությունն ու եկեղեցին և արդեն 2016 թվականին Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ձեռամբ ձեռնադրվեցի սարկավագ:

 

Այսպես 7 տարի

Հեշտ չէր: Ինձ թվում էր, թե փորձառություն ունեմ: Ամռանը մեկամսյա ճամբարների էի մասնակցում, բայց այս անգամ «ճամբարը» շատ երկար տևեց: Կարոտը խեղդում էր, բայց սովորեցի: Մխիթարությունն այն էր, որ ես միակը չէի: Մարդը հաղթահարում է ամեն դժվարություն, նա այդպիսին է ստեղծված:

Հաջորդ դժվարությունը տան ազատ կյանքից հետո խիստ ռեժիմով ապրելն էր:

Առավոտյան վերկաց, մարզանք, եկեղեցի ժամերգության, նախաճաշ, դաս: Հետո նորից եկեղեցի, մարզանք, ընթրիք, սերտողություն, աղոթք և քուն: Այսպես 7 տարի:

 

Տիրոջը փնտրելով

Միայն մեկ տարի ծառայելուց հետո` 14 տարեկանում դարձ ունեցա: Սկզբում գիտակից չէի և իմ աշխարհում էի: Դարձը տարբեր է ամեն մարդու մոտ: Ինձ մոտ դարձը եղավ դժվարությունների մեջ Տիրոջը փնտրելով: Փշոտ և ցավոտ մի ճանապարհ էր: Երբ հրաժարվում ես թողնել այն, ինչ ունես և որդեգրել նորը` տառապում ես: Սովորել, աշխատել, ծառայել եկեղեցում: Տարբեր աշխարհներ էին, բայց միևնույն ժամանակ համատեղելի: Պատահել է, որ Ս. Ծննդյան Բեթղեհեմի ժամերգությունից հետո մեկնել եմ Թել Ավիվ օպերայի փորձի և վերադարձել Բեթղեհեմ երեկոյան ժամերգության: Առավոտյան դասավանդում էի վարժարանում, կեսօրին մեկնում Թել Ավիվ դասի, ապա  վերադառնում  էի Երուսաղեմ երգչախմբի փորձի: Այս ամենը հաղթահարելու համար պետք է սիրես քո գործը և խիստ պարտաճանաչ լինես:

 

Բաձրյալի կամքն էր

Երկու անգամ հրաժարվել եմ սարկավագ ձեռնադրվելու մտքից: Կարծում էի, թե արժանի չեմ:

Իմ մանկության սրբերից մեկը Ս. Ստեփանոս Նախավկան էր: Ես երբևէ չեմ էլ մտածել, որ կոչումով մի օր մոտ կկանգնեմ նրան:

Երրորդ անգամ, երբ առաջարկ եղավ սարկավագ ձեռնադրվել, ասացի. «Տեր, եթե կամքդ է, թող լինի»: Վերջին օրերին աղոթում էի, թե՝ «Դեռ ուշ չէ, եթե Քո կամքը չէ, խնդրում եմ, չեղարկիր»: Բայց ձեռնադրվեցի և ընդունում եմ՝ Տիրոջ կամոք:

 

Ծառայել, ծառայել, ծառայել

«Սարկավագ» բառը լսելիս լրջանում եմ: Ծառայելու ցանկություն է արթնանում:

Ինձ համար սարկավագական կյանքի յուրահատկությունը մեկն է․ ծառայել եկեղեցական համայնքից ներս գտնվող ժողովրդին, քահանային, մի խոսքով ծառայել ,ծառայել ու ծառայել: Պարզապես մի քիչ ավելիով ծառայել քան յուրաքանչյուր քրիստանեայի պարտականությունն է:

Առիթից օգտվելով շնորհավորում եմ նոր ձեռնադրվող սարկավագներին և խորհուրդ եմ տալիս․ «Մշտապես Տիրոջ օրհնության մեջ մնալու բանալին դա ծառայելն է, այն ինչի համար արդեն ձեռնադրվել ենք: Քանի դեռ այս միտքը մեր մեջ վառ է, սիրելի կլինենք թե´ տեր Հիսուսից և թե´ հավատավոր ժողովրդից»:

 

 Հարցազրույցը վարեց Զարա Ղազարյանը

 

  • 2021-12-10
×