«Ճշմարտությունը չի փոխվել, փոխվել են ընկալումները»

«Ճշմարտությունը չի փոխվել, փոխվել են ընկալումները»

Qahana.am կայքի զրուցակիցը Նոր Նորք համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն է: Տեր հոր հետ զրուցել ենք քրիստոնեական հավատքի, 21-րդ դարի քրիստոնյայի կերպարի ընկալման մասին:

 

- Տարբեր կրոնների թվում ինչպե՞ս գտնել ճշմարիտը:
Եթե ուսումնասիրենք Սուրբ Գիրքը, մարդկության և կրոնների պատմությունը, ոչ մի կրոնում չենք հանդիպի Աստծուն և աստվածայինին առնչվող այնպիսի հանգամանալից ու հիմնավոր բացատրություններ, ինչպիսիք հանդիպում ենք քրիստոնեության մեջ: Աստված իր արարչագործությունից, իր զավակներից երբեք չի թաքցրել ճշմարտությունը և միշտ հաղորդակից է դարձրել այդ ճշմարտությանը: Աստված հայտնվեց և հենց Իր շուրթերով պատմեց մեզ այն ամենը, ինչ պետք էր մեր փրկության համար:

 

- Տեր հայր, քիչ չեն դեպքերը, երբ քրիստոնեական եկեղեցու հետևորդները ընկերություն են անում այս կամ այն աղանդին հարող մարդկանց հետ: Այս շփումը որևէ կերպ կարո՞ղ է ազդել քրիստոնյայի հավատքի վրա:
Եթե կարծենք, թե պետք է միայն արդարների, Եկեղեցում գտնվողների հետ շփվենք, ապա կնմանվենք փարիսեցիներին, քանի որ փարիսեցիները հենց այդպես էլ անում էին ու նույնիսկ սեղան չէին նստում անհավատների հետ, ինչի դեմ Ինքը՝ Քրիստոս արտահայտվեց, ինչպես կարդում ենք մաքսավորի մասին առակում։ Մենք ոչ ոքի առաջ դուռ չենք փակում: Ընդհակառակը, մեր շփումով փորձում ենք շտկել այն թյուր կարծիքը, որը տարբեր աղանդապետեր ստեղծել են եկեղեցու և եկեղեցականի մասին: Հենց այդպիսի կապերի դեպքում է շատերի մոտ տեղի ունենում դարձը, ու նրանք գալիս են եկեղեցի, մասնակցում պատարագների, արարողակարգերի:

 

- Այսօր շատերը, տեսնելով քահանայի լավ կամ վատ կերպար, նրան նույնացնում են Եկեղեցու հետ:
Ոչ քահանան է քրիստոնեությունը, ոչ էլ Եկեղեցին: Քահանան ընդամենը սպասավոր է: Եկեղեցին հավատացյալներն են: Կատարյալ մարդիկ չկան, կան կատարելության ձգտող մարդիկ: Եթե մարդը կատարյալ լիներ, Քրիստոս չէր գա: Բնականաբար, մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր եկեղեցի են գալիս՝ հետևելով որևէ հոգևորականի, կամ էլ նույն պատճառով չեն գալիս: Իմ հորդորն է մեր ընթերցողներին՝ քրիստոնեությունը երբեք չպայմանավորել հոգևորականի կերպարով: Ցանկանում եք քրիստոնյա լինել՝ հետևեք Քրիստոսին:

 

- Տե՛ր հայր, 21-րդ դարի մարդը ինչպե՞ս պիտի ճշմարիտ քրիստոնյա լինի:
Այնպես, ինչպես առաջին դարի քրիստոնյան: Ճշմարտությունը չի փոխվել, փոխվել են մարդիկ և ճշմարտության ընկալումները: Մշակույթները, ընկալումները, ամեն ինչ փոխվում են, բայց Աստված անփոփոխ է: Միակ ճշմարիտ ճանապարհն Աստծո հետևորդ լինելն է:

 

Մարիամ Խաչատրյան

  • 2021-12-10
×