Ես կոչված եմ մարդուն ուղիղ ճանապարհը ցույց տալու` այն ճանապարհը, որը դեպի երկինք է տանում:
Իմ զրուցակիցը Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանն է, ով ծնվել է 1956 թվականին, Երևանում: Շուրջ հինգ տասնամյակ ծառայում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում: Մեր զրույցը քրիստոնյա մարդու նկարագրի, հոգևորականի կոչման, Սուրբ Ծննդյան խորհրդի շուրջ է:
Ճանապարհի ընտրության հարցում չեմ երկմտել
- Տե՛ր հայր, ե՞րբ և ինչպես որոշեցիք հոգևորական դառնալ:
-Ես անընդհատ մի դեպք եմ հիշում. 11-12 տարեկան էի: Բակում ֆուտբոլ էինք խաղում: Ամենաթեժ պահին նկատեցի, որ մեր շենք եկավ մի հոգևորական: Հետո տեսա, որ նա փողոցն անցավ, կանգնեց: Չգիտեմ ինչու, թողեցի ֆուտբոլը և մոտեցա: Պայուսակն ինձ մեկնեց, պահեցի, նա ֆարաջան հանեց, դրեց պայուսակի մեջ, գնաց: Անասելի տպավորված էի նրա կերպարով: Հիմա մտածում եմ, որ դա ինչ-որ նախանշան էր, որ ես հետո պետք է հոգևորական դառնայի: Հետագայում՝ 6-րդ դասարանն ավարտելուց հետո, մեր ընտանիքի բարեկամ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Վահան եպիսկոպոս Տերյանի խորհրդով ընդունվեցի ճեմարան, որն ավարտեցի 1977 թ.:
- Ի՞նչ հիշողություններ ունեք Գևորգյան հոգևոր ճեմարանից:
-Տասնչորս տարեկան պատանու համար սկզբում ամեն ինչ նոր էր, փոքր-ինչ անսովոր: Միայն գիտեմ, որ շատ էի սիրում եկեղեցին, հոգևոր երաժշտությունը: Հետագայում, երբ խորությամբ տիրապետեցի այդ երաժշտությանը, դարձա դասապետ և ղեկավարեցի ճեմարանի երգեցիկ խմբերից մեկը: Նվագում էի երգեհոն, դաշնամուր և կիթառ: Չորս տարի ծառայել եմ Մայր Աթոռում՝ որպես գործավար: Տպավորությունների և պատգամների առանձին մի բույլ ինձ պարգևել է Վազգեն Առաջին Վեհափառը:
-Եվ ինչպիսի՞ն է հոգևորականի նկարագիրը:
- Այդպիսի մարդն ինձ համար նախ քրիստոնյայի կերպար է, որի օրինակը միշտ Քրիստոս է: Եթե ընտրել ես հոգևորականի ճանապարհը, պետք է գիտակցես, որ գնում ես ոչ թե դյուրին կյանքի, այլ` «խաչվելու»: Հոգևորականն ամեն ինչով պետք է տարբերվի` և՛ պետք է համբերող լինի, և՛ հայրենասեր, և՛ եկեղեցասեր:
Ծառայության տարիներ
-Տե՛ր հայր, Ձեզ վիճակված էր նաև ծառայել Հայաստանից դուրս: Մանրամասնեք, խնդրեմ:
- Ճեմարանն ավարտելուց հետո ծառայել եմ Թբիլիսիի Սուրբ Գևորգ, այնուհետև` Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում: Սարկավագ էի և թրծվում էի ծառայության մեջ: Մենք ոչ միայն ծառայում էինք, այլև հայապահպանության խնդիր լուծում: Եկեղեցական կանոնը նույնն է ամենուրեք, բայց որոշակի տարբերվող ավանդույթներ կային: Ե՛վ Թիֆլիսում, և՛ Բաքվում հավատացյալները շատ ամուր կառչած էին եկեղեցուն, համայնքային կյանքին:
- Անդրադառնանք նաև ծառայության հայաստանյան տարիներին:
- Տասը տարի ծառայել եմ թեմի Սուրբ Հովհաննես Մկրտիչ, երեք տարի` Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցիներում: 1995-ին նշանակվել եմ Նոր Նորք համայնքի և Հայորդյաց տան հոգևոր հովիվ: Հիմա ուրախությամբ եմ վերապրում թե՛ Սուրբ Կաթողիկեի վերաբացումն ու կից միությունների հիմնումը, թե՛ Հայորդյաց տան կայացումը: Դրանք տարիներ էին, երբ ժողովուրդը դեմքով դեպի եկեղեցի էր դառնում: Հետո ինձ համար բացվեց անծանոթ, բոլորովին նոր ոլորտ` աշխատանքը երեխաների հետ:
Ընտանիք, որն ապրում է իմ ստեղծած հեքիաթով
-Ձեր ընտանիքում կիսու՞մ են այդ հավատամքը:
-Ոչ միայն կիսում են, այլև օգնում են ինձ լինել ավելի ուժեղ: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ մասնակից դարձրեց մի հարսանիքի, որտեղ և հանդիպեցի իմ ապագա կնոջը: Ամուսնացանք, ունեցանք մեկ տղա, երեք աղջիկ: Ուրախ եմ, որ բոլորը կրթված են և որ ինձ համար շատ կարևոր է` երաժշտասեր: Հիմա իմ երկու դուստրերն ունեն իրենց ընտանիքը: Փեսաներս իմ որդիներն են: Շաբաթը մեկ անգամ հավաքվում ենք, քննարկում ամեն մեկին հուզող հարցերը, ճաշում: Երբեմն անակնկալ կերպով մի հետաքրքիր վայր եմ նրանց հրավիրում: Հաճախ եմ թոռներիս հետ խաղում, մի քիչ էլ՝ երես տալիս: Ընտանիքս ապրում է իմ ստեղծած հեքիաթով: Այդ հեքիաթում ամեն մեկն իր էջն է գրում:
Քրիստոսի հրաշափառ Ծննդյանն ընդառաջ
-Տե՛ր հայր, ևս մի քանի օր, և կնշենք Սուրբ Ծնունդը: Ձեզ համար` որպես հոգևորականի, ինչո՞վ է այն արժևորվում:
-Քրիստոսի Ծնունդն ինձ համար այն ոգևորող ուժն ու ջերմությունն է, այն սերմն է, այն թարմությունը, որով ես պիտի շարունակեմ իմ գործունեությունը: Քրիստոսի Ծնունդը քրիստոնյա մարդու համար հինն ավարտելու, նորին մեծ լիցք տալու և առաջ մղելու խորհուրդն ունի: Եվ, ամենակարևորը, Քրիստոսի Ծնունդը մեղքից դեպի լույս գնալու խորհուրդն է: Քանի որ Աստված չի ցանկանում մեղավորի մահը, ուստի Իր Միածին Որդուն ուղարկեց, որպեսզի ուսուցանի և պատգամի, որ պետք է հեռու մնալ մեղքերից: Խաչելությամբ ամբողջ մարդկության մեղքը վերցեց Իր վրա, մարդուն նորից առաջնորդեց դեպի երկինք: Քրիստոս եկավ մարդուն մեղքից բարձրացնելու, մահվանից դեպի կյանք առաջնորդելու: Նրա Ծնունդը հենց Փրկագործության խորհրդի սկիզբն է:
- Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին:
-Մենք փոքր ժողովուրդ ենք, հազարամյակներ շարունակ չենք ունեցել մեր պապերի ու հայրերի երազած այն անկախությունը, որն այսօր վայելում ենք: Սա յուրաքանչյուրիս մեծագույն հարստությունն է, որը նաև պետք է պարտավորեցնի, ուժ տա հայ մարդուն, որպեսզի նա կարողանա ձեռք բերածը պահել, պահպանել և ամրապնդել:
Իմ աղոթքն է, որպեսզի Աստված ամենից առաջ խաղաղություն պարգևի մեզ: Մենք ամենաշատը դրա կարիքն ունենք: Մեր ժողովուրդն աշխատանք տենչացող, լավագույնս ստեղծագործող ազգ է: Մեր ժողովուրդը նաև իր հողը սիրող ժողովուրդ է: Թող Աստված բարօրություն պարգևի ամենքիս, որպեսզի արարենք այս օրհնված հողի վրա, որպեսզի մեր դարավոր ժառանգությունը փոխանցենք գալիք սերունդներին: Դրանով հարատևվում են մեր հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը, դրանով մենք արժևորում ենք մեր նահատակների հիշատակը:
Պատրաստեց Գրետա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ