Սիրելի՛ ընթերցող, վերոնշյալ խորագիրը կրող շարքի շրջանակում մեր հերթական հանդիպումը Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի հետ է: Արդեն մոտ մեկ տասնամյակ նա իր ծառայությունն է բերում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ աշխատելով դատապարտյալների հետ: Հարցազրույցի ընթացքում ծանոթացել ենք ոլորտում եղած խնդիրներին ու նրբություններին:
Քառորդ դարից ավելի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բանտերում ունի իր հոգևոր սպասավորները: Աշխատանքը տարիների ընթացքում դարձել է ավելի կանոնակարգված: Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը նշանակվել է ծառայության հոգևոր պատասխանատու: Ներգրավված հոգևորականները, որ սպասավորում են ՀՀ-ում առկա գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում, տվյալ տարածքի քահանաներն են, որոնք շաբաթվա մեկ-երկու օրը լինում են բանտերում:
-Տե՛ր Գրիգոր, ինչո՞վ է տարբերվում հոգևոր ծառայությունը բանտերում Ձեր առօրյայի այլ բաղկացուցիչ մասերից:
-Իմ ծառայությունը և՛ տարբերվում է, և՛ չի տարբերվում: Քահանայի հիմնական խնդիրը մարդկային հոգիների փրկությունը պետք է լինի, զղջման, ապաշխարության, խոստովանության միջոցով մարդկանց դեպի երկնքի արքայություն առաջնորդելը, բայց մյուս կողմից բանտն ունի իր առանձնահատկությունները, որովհետև մարդիկ սահմանափակումների մեջ են գտնվում: Օրինակ՝ բանտարկյալը չի կարող մասնակցել Ս. Պատարագներին, եկեղեցական խորհուրդներին՝ բացառությամբ այն խորհուրդների, որ հնարավոր է բանտում կատարել: Թեև փորձում ենք ինչ-որ ելք գտնել: Արդեն մոտ հինգ տարի Ս. Ծննդյան և Ս. Հարության տնօրհնեքներ ենք անում ցմահ դատապարտյալների բանտախցերում, մի քանի անգամ խաղողօրհնեքի կարգ ենք կատարել, մկրտություններ և պսակներ ենք արել, ինչպես նաև ավելի պատրաստված և դրա պահանջը գիտակցող բանտարկյալների համար խոստովանության և ապաշխարության կարգեր ենք կատարում ու Ս. Հաղորդություն տալիս:
-Ի՞նչ դեր ունի հոգևորականի ներկայությունը բանտում:
-Այսօր հոգևորականի դերը մեծ է բանտերում, որովհետև մեր ներկայությունը, զրույցները բանտարկյալների հետ աշխարհայացք են փոխում: Գրեթե բոլորը գիտակցում են հոգևոր խոսքի անհրաժեշտությունը: Եվ քանի որ այն քրեակատարողական հիմնարկ է, հանդիպումները, որպես կանոն, լինում են անհատական, ինչն ավելի է բարդացնում հոգևորականի աշխատանքը: Մարդիկ, նեղության մեջ լինելով, առավել կարիք ունեն մխիթարության, այդ վիճակից դուրս գալու, որովհետև շատերը, մանավանդ ցմահ բանտարկյալները, ընկճված են լինում հատկապես իրենց դատապարտության առաջին տարիներին: Եվ եթե այստեղ մարդը չունենա հոգևոր գիտակցություն, հավատք, աստիճանաբար կկորցնի ապրելու ազդակները: Մենք առաջին հերթին մարդկային մոտեցում ենք ցուցաբերում բանտարկյալի հանդեպ՝ սկսելով պարզ զրույցներից, ինչից հետո միայն անցում ենք կատարում հոգևոր թեմաներին: Չմոռանանք՝ բանտում կան մարդիկ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանք չունեն, կան աղանդավորներ, անհավատներ: Բայց անգամ վերջինները պատրաստ են զրույցի՝ ելնելով հոգևորականի սրտացավ ու ջերմ վերաբերմունքից: Շատ կարևոր է, որ բանտարկյալը վստահի քեզ, ինչն այդ պայմաններում լուրջ խոչընդոտ է, նրանք շատերի հանդեպ անվստահություն ունեն, և հոգևորականին էլ սկզբում նույն դիտանկյունից են մոտենում, բայց երբ հասկանում են, որ շատերի նման չես եկել, որ գործդ անես ու գնաս, սկսում են վստահել, կիսվել իրենց խնդիրներով: Ուստի հոգևորականի կեցվածքն ու պահվածքը շատ կարևոր են: Ես փորձում եմ իրենց բերել ապաշխարության, մեղքերից ազատագրման՝ հանուն երկնքի արքայության, ինչի կարիքը բոլորս ունենք, պարզապես, ի տարբերություն այս մարդկանց, որոնց հանցանքները հայտնի են հասարակությանը, մեր մեղքերի մասին գիտի, թերևս, միայն Աստված:
-Տե՛ր հայր, Դուք ինքներդ այս տարիների ընթացքում ի՞նչ դժվարություններ եք ունեցել, և արդյոք միայն գիտելիքները բավարա՞ր են բանտում արդյունավետ հոգևոր ծառայություն իրականացնելու համար:
-Միայն հոգևորականի այցերը բավարար չեն լուրջ փոփոխությունների համար, եթե դիմացինն ինքը չցանկանա: Ձգտում ունեցողները լուրջ առաջընթաց ունեն քրիստոնեական առումով: Բանտում ես սովորել եմ որևէ մեկին չարհամարհել, չանտեսել: Բանտարկյալներից ոմանք անգամ առաջնորդվում են բարոյական ու քրիստոնեական բարձր արժեքներով: Մարդիկ կան այդ պայմաններում պահք են պահում, ծոմապահություն ունենում, Սուրբ Գիրքն ընթերցում և աղոթում: Ինչ վերաբերում է հոգևորականի գիտելիքներին, դրանք կարևոր են (շատ մարդիկ հենց դրանցով են հրապուրվում), բայց առավել կարևոր են հավատքն ու սերը, հոգածությունը և ուշադրությունը: Բանտում կան ծանր պատիժների դատապարտված մարդիկ, որ իրականում այդ հանցանքը չեն գործել, կամ իրենց հանցանքն ավելի փոքր է, քան սահմանված պատիժը: Նրանց հարցերին պատասխանելն ու մխիթարելը շատ դժվար է, եթե քրիստոնեական գիտակցություն չունեն՝ հասկանալու համար, որ Աստված ամեն ինչ գիտի, և եթե թույլ է տալիս, որ առանց մեծ հանցանքի պատիժ կրես, ուրեմն դա քեզ օգտակար է, քանի որ Տերն ուզում է դժվարության, նեղության, փորձության ճանապարհով քեզ հասցնել մեղքերից ազատագրության և փրկության: Իհարկե, արդյունքը միայն Աստված գիտի, բայց Նա տալիս է երկնքի արքայություն տանող նեղ և անձուկ ճանապարհը: Այս ամենից ելնելով էլ՝ ամեն անգամ բանտ գնալը հոգեբանական դժվարությունների առջև է կանգնեցնում, սակայն դեռ չի եղել մի օր, որ բանտից ճնշված հեռանամ: Միշտ դուրս եմ եկել թեթևացած սրտով, որովհետև բանտարկյալների հետ շփվելիս ավելի եմ մխիթարվել, քան իրենք:
-Ի՞նչ ընդհանուր բնութագիր ունեն բանտում գտնվող մարդիկ« ի՞նչ ապրումներ ու նպատակներ:
-Կան և՛ գրեթե անգրագետ, և՛ միաժամանակ գիտելիքների լուրջ պաշարով մարդիկ: Կյանքի ձգտում ունեցողները փորձում են ոչ թե ժամանակը սպանել, այլ ապրել կյանքը: Ցմահ դատապարտյալների մեջ գրողներ ունենք, ուսանողներ, համալսարաններ ավարտածներ, բանտից հեռահար աշխատողներ, ամենատարբեր ոլորտների թղթակիցներ ու ծրագրավորողներ: Նրանք բոլորն ունեն մեկ ընդհանուր հատկանիշ. ձգտում են ազատության, նորմալ կյանքի: Ուղղակի հենց այդտեղ է, որ խնդիր է առաջանում. հիմնականում չգիտեն՝ ինչպես նորմալ ապրել: Հարցն այն է, որ մարդը ոչ թե ուզում է բանտ գալ, այլ չգիտի՝ ինչպես ապրել կյանքը: Երկար տարիներ բանտում գտնվող դատապարտյալներից գրեթե նույն խոսքերն եմ լսել: Եթե ընտանիք չունեն, ուզում են ընտանիք կազմել, եթե ընտանիք ունեն, ուզում են գնալ մի հեռու գյուղ՝ մարդկանցից հեռու, աշխատել ու ապրել: Այս ընթացքը մի քիչ երազային է, ուստի այստեղ է, որ հոգևորականը պիտի օգտակար լինի՝ սովորեցնելով, որ Ճանապարհը, Ճշմարտությունն ու Կյանքը Քրիստոսն է, և որևէ մեկը չի կարող հասնել երկնքի արքայության, եթե ոչ Նրա միջոցով:
-Տե՛ր Գրիգոր, ի՞նչ խորհուրդ կտաք մեր հասարակությանը՝ ելնելով այս խնդրի շրջանակներից:
-Փաստում եմ՝ մարդիկ կան, որ բանտախցի ճաղերի հետևում ավելի ազատ են, քան մենք,այսինքն՝ Աստծո մեջ ազատություն են գտել, մեղքերի հետ պայքարելով՝ հասել են հոգու ազատության: Պարզապես մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ ընդունելու այս մարդկանց: Միայն ցմահ դատապարտյալ անունը բավարար է, որ ցանկացած լսող պատկերացնի ինչ-որ մարդասպան: Հասարակության մեջ կարծրատիպ կա, որ պետք է հաղթահարել, և ինչքան շատ լինեն նրանց մասին հրապարակումները, այնքան ավելի ճանաչելի կդառնան: Եթե նույնիսկ այդ մարդիկ իրենց կյանքի ինչ-որ հատվածում սխալվել ու սայթաքել են՝ չպետք է մոռանալ՝ բոլորս էլ մեղավոր ենք, և մի օր անպայման զղջում ենք՝ փորձելով շտկել մեր կյանքը: Այդ դեպքում ինչո՞ւ մենք դրա իրավունքն ունենք, ցմահ դատապարտյալը կամ բանտարկյալը՝ ոչ: Մենք տարբեր չենք նրանցից, և եթե այդ մարդիկ այսօր են կրում իրենց պատիժը, ապա մենք բոլորս մի օր պետք է Աստծո դատաստանի առջև կանգնենք: Ուրեմն հիշելով դա՝ այնպես ապրենք մեր կյանքը, որ խուսափենք հավիտենական դատապարտությունից, ինչը շատ ավելի ծանր ու սոսկալի է, քան ցմահ դատապարտված լինելը:
Զրուցեց Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Սկզբնաղբյուր` «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ