«Երգը-ընթացք է ու հուն, և՛ տեգ է, և՛ ոգու ադամանդյա վահան,
Ե՛վ բարիք է, և՛ շնորհ անանձնապատկան»:
Եղիշե Չարենց
Մեծ բանաստեղծը համոզված էր, որ «ո՛չ մի աշխատանք տքնաջան չէ այնքան, որքան ոգու հերկը»: Եվ մեր հանճարները հպարտ կլինեին տեսնել, որ ժողովուրդների ազգային ինքնությանը սպառնացող մարտահրավերներով լի մեր աշխարհում հայ երգը շարունակում է իր զորավոր ընթացքը և սերնդապահ առաքելությունը՝ շնորհիվ ազգային արժեքները կրող նվիրյալ հայորդիների: Իրականություն դարձավ համազգային նշանակություն ունեցող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը, որն աշխարհին ներկայացնելու է հայ ժողովրդի հոգևոր-մշակութային հզոր ժառանգությունը, իսկ հայ մարդը ճանաչելու է հազարամյակների խորքից եկող իր ազգային ակունքները: Միացնելով համակարգիչը և մուտք գործելով «http://www.armenianmusic.am/hy/audio» կայքը՝ հպարտության զգացում ես ապրում, որ սերում ես մի ժողովրդից, ով համաշխարհային երաժշտության գանձարանում իր ծանրակշիռ տեղն ու դերն ունի՝ սկսած միջնադարյան շարականներից մինչև Սայաթ-Նովա և Կոմիտաս: Այս գործում իր վիթխարի ավանդն է ներդրել կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, ում համար նախագիծը եղել է տարիների երազանք:
-Նախագիծն իրականացրել է «Մշակութային վերածնունդ» կազմակերպությունը, որի հիմնադիր-նախագահն է ռուսաստանաբնակ մեր հայրենակից Արթուր Ջանիբեկյանը: Ձայնագրվել են շուրջ 550 երգ և նվագ: Ընդգրկված են ամբողջ Հայկական լեռնաշխարհի՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանների ժողովրդական երգերը՝ բոլոր ժանրերում. հարսանեկան, աշխատանքային, էպիկական, մանկական, սիրային, օրորոցային, պարերգեր, պատմական, ողբ և այլն: Ձայնագրվել են նաև եկեղեցական երգեր՝ ընդգրկելով 5-14-րդ դարերը. շարական, տաղ, գանձ և այլն: Համացանցում ստեղծվել է մեծ պորտալ՝ «http://www.armenianmusic.am/hy/audio», որտեղ տեղադրված են այդ երգերն ու նվագները՝ համապատասխան նոտաներով և յուրաքանչյուրի մասին տեղեկություններով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչպես նաև տրված է երգերի բառերի տրանսլիտերացիան՝ հայերեն տառադարձումը: Եվ յուրաքանչյուր երգի նմուշ ներկայացված է իր բովանդակությանը համապատասխանող նկարով. մեր նկարիչները ստեղծել են 550 նկար, որոնք սեփականության իրավունքով օգտագործվել են միայն մեր կայքում: Նշենք, որ կայքում տեղ են գտել նաև այդ երգերի սկզբնաղբյուրների մասին տեղեկություններ և դրանց առաջին նոտագրությունները, որպեսզի մեր մշակութային արժեքները յուրացնել փորձող օտարները չկարողանան հայ մշակույթի գանձերն իրենց վերագրելու ակնկալիք ունենալ:
-Պարո՛ն Շահնազարյան, գիտենք, որ նախագծի շրջանակում Դուք իրականություն եք դարձրել Կոմիտաս Վարդապետի երազանքը՝ հրատարակելով իր իսկ կողմից ընտրված այն 100 երգերը, որոնցով նա ցանկանում էր հայ մշակույթը ներկայացնել աշխարհին: Կխոսե՞ք այս մասին:
- Այո՛: Մենք հրատարակեցինք և մեր կայքում տեղադրեցինք «Կոմիտաս. 1000 ու մի խաղ» ժողովածուն: Կոմիտաս Վարդապետը հավաքել ու գրի էր առել շուրջ 2500 երգ, որոնցից պահպանվել է 1500-ից ավելին (մնացյալը կորած են համարվում): Նա ընտրել էր դրանցից 100-ը՝ հայ ժողովրդական երգն աշխարհին և մեր ազգին ներկայացնելու համար: Կոմիտաս Վարդապետին, սակայն, գումար չտրամադրվեց, և հրատարակվեցին միայն դրանց բառերը: Եվ ահա 110 տարի անց մենք առաջին անգամ հրատարակել ենք «1000 ու մի խաղ» ժողովածուն՝ այդ երգերի նոտագրությամբ հանդերձ: Առաջին անգամ եվրոպական նոտագրությամբ հրատարակել ենք «Ժամագիրքը» (800 էջ), որը լույս էր տեսել 140 տարի առաջ՝ նոր հայկական նոտագրությամբ: Հրատարակել ենք նաև Մակար Եկմալյանի «Պատարագ»-ը՝ բոլոր տարբերակներով (նախկինում այն լույս էր տեսել 1895 թվականին):
- Ամեն անգամ բացելով կայքը ՝ հիշում եմ Ռափայել Պատկանյանի խոսքերը. «Թէ դու հայ ես՝ հայությունդ պետք է հարգես անպատճառ: Հայաստանը պետք է լինի լուսո աստղ քեզ համար»: Ինչպե՞ս Ձեզ և Ձեր թիմին հաջողվեց նման վիթխարի աշխատանք իրականացնել այսքան կարճ ժամանակում՝ ընդամենը երկու տարվա ընթացքում:
-Մեզ միավորում և ուժ էր տալիս հենց այդ գաղափարը՝ հավատք և նվիրվածություն: Նախագծի հիմնադիր-նախագահն է Արթուր Ջանիբեկյանը, տնօրենն է Մարինե Սուլթանյանը, երաժշտական պրոդյուսերն է Արմեն Մարտիրոսյանը, գործադիր տնօրենը՝ Արթուր Ասատրյանը, գլխավոր երաժշտական խմբագիրը ես եմ, գլխավոր տեխնիկական խմբագիրն է Վահրամ Սարգսյանը: Մենք նախագծի աշխատանքներն իրականացրել ենք մի քանի փուլով. նախ կազմեցինք երգերի ոսկե ֆոնդը: Երկրորդը կատարողների ընտրությունն էր. ժողովրդական երգերի կատարման համար ներգրավեցինք տարբեր խմբերի և անհատների: Միջնադարյան հայ հոգևոր երաժշտության բնագրային տարբերակով կատարման համար ստեղծվեց «Զարկ» արական երգչախումբը՝ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Նշենք, որ մեր բոլոր բարդ տաղերը կատարել է տաղանդավոր և բացառիկ երաժիշտ Վահե Բեգոյանը: Երրորդն ուսուցանելու փուլն էր՝ նոտագրելու, ձայնագրելու աշխատանքներով հանդերձ:
Երկու տարի տևած գործն արդեն ավարտված է, բայց սկսվել է ոչ պակաս դժվարին մեկ այլ փուլ. մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը տարածելն ու կիրառելը թե՛ Հայաստանում, և թե՛ աշխարհում:
-Տարիներ առաջ Ձեր հարցազրույցներից մեկում խոսելով ազգային երգի աղճատման ծայրաստիճան դրսևորումների մասին՝ Դուք հայտարարեցիք կոմիտասյան զորակոչ: Կարո՞ղ ենք այսուհետև «Ազգային երաժշտական գանձարան»-ը կոչել մեր հոգևոր տարածությունը պահպանող հայոց «մատյան գունդ»:
-Կոմիտասյան երաժշտությունը ամբողջ Հայկական լեռնաշխարհն է, մեր արևն ու բնությունն է, մեր հողն ու ջուրն է, մեր ազգային կոդն է… Կոմիտասի փիլիսոփայությամբ մեր բնությունը կենդանի էակ է, որի հետ հայ մարդը մեկ մարմին է: Առանց այդ երգերի չկա հայ մարդ, առանց հայ մարդու էլ չկա Հայրենիք… Արարատյան թագավորության ժամանակներում գլխավոր տաճարը կառուցված էր երկրի սահմանին. եթե թշնամին այն գրավեր, կնվաճեր նաև երկրի ֆիզիկական տարածքը: Պատահական չէ, որ Գարեգին Նժդեհն ասում էր. «Եթե հանձնեք ոգու սահմանը, կհանձնեք նաև ֆիզիկական տարածքը»: Մենք այսօր մշակութային պատերազմի շրջափուլում ենք, և այս երգերն էլ մեր հոգևոր Հայրենիքի սահմանները պաշտպանող մարտիկներ են:
- Կոմիտասի առջև խոնարհվեց ամբողջ Եվրոպան: Իսկ Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքերի պարագլուխ Թալեաթը, լսելով նրա ելույթները, ասել էր. «Եթե մենք էլ ունենայինք Կոմիտաս, այդժամ իրավունք կունենայինք մշակութային ազգ կոչվելու»… Մեր թշնամու՝ այս անկեղծ խոստովանությունից բացի հնարավո՞ր է պատկերացնել այլ գնահատական Կոմիտասի՝ մեր պատմության մեջ կատարած դերին:
-Ես ուրի՛շ փաստ կարող եմ վկայակոչել: Ժամանակին հունական թերթերը գրում էին. «Աստված մեզ արասցե Կոմիտաս Վարդապետ, որ հունական երաժշտությունը փրկեր փլատակներեն»… Եվ չնայած բոլոր քաղաքակիրթ ժողովուրդներն ունեն հիանալի ազգային երգեր, բայց նրանցից ոչ ոք չունեցավ Կոմիտասի նման հանճար, որը կկարողանար իրենց ազգային երգը վերադարձնել իր նախաստեղծ վիճակին… Փորձե՛ք լսել հունական երգ և այն համեմատել, օրինակ, որևէ հելլենական տաճարի կամ Հոմերոսի «Իլիական»-ի ու «Ոդիսական»-ի հետ: Որևէ աղերս չկա… Մինչդեռ լսե՛ք Կոմիտասի երգերից որևէ մեկը և կարդացեք «Սասունցի Դավիթ» էպոսը կամ դիտեք հայ ճարտարապետական կոթողները… Կարծես թե միևնույն երևույթի հետ գործ ունենք:
-Պարո՛ն Շահնազարյան, «Ազգային երաժշտական գանձարան»-ի մասին խոսելիս չենք կարող շրջանցել մի կարևոր փաստ. սա նման մասշտաբով իրականացված բացառիկ գործ է ոչ միայն մեր ազգային կյանքում, այլև միակն է ամբողջ աշխարհում:
-Մարդկության պատմության մեջ խոշոր հեղափոխություններ համարվում են գրի ստեղծումը և տպագրությունը: Այսօր էլ ականատեսն ենք համացանցային հեղափոխության: Եվ ինչպես 5-րդ դարում օգտագործեցինք գիրը, ապա ուշ միջնադարում եղանք առաջին տպագիր գիրքը ստեղծողներից մեկը, այսօր էլ պարտավոր ենք հետ չմնալ այս նոր իրողությունից: Եվ ահա մեր կատարած այս աշխատանքը կարելի է համարել նոր հեղափոխություն: Վստահաբար կարող եմ ասել, որ այսօր աշխարհում ոչ մի ժողովուրդ չի իրականացրել նման ծրագիր: Բայց եթե մեզ խնդրեն կամ համապատասխան պայմաններ ստեղծեն, մեր խումբը պատրաստ է նման ծրագիր իրականացնել նաև այլ ազգերի համար:
-Դուք տասնամյակներ շարունակ գիտամանկավարժական գործունեություն եք ծավալում: Տեսնու՞մ եք այն սերնդին, ով կարողանալու է պահպանել մեր մշակույթի անանց արժեքները:
-Մենք ունենք հրաշալի՛ սերունդ: Մեր խնդիրը պետք է լինի մեր սերնդին ծառայելը: Այս ուղղությամբ մեծ աշխատանքներ ենք տանում. օրինակ, լազերային սկավառակներով մենք օրորոցային երգեր ենք բաժանում ծննդատներում. դա մեծ զենք է՝ տիեզերքի առաջին ձայնն է, որով հայ մանուկը սկսում է ճանաչել իր Հայրենիքը: Եվ պետք չէ սպասել, թե օտարներն ինչ գնահատական կտան մեր մշակութային արժեքներին: Ժամանակին Կոմիտաս Վարդապետն էլ էր ոգևորված օտարների գնահատականներով: Սակայն տեսավ, թե թուրքերն ինչպես ցեղասպանության ենթարկեցին հայ ժողովրդին, և աշխարհը աչք փակեց: Նա 1931 թ. հոգեբուժարանում բացառիկ հարցազրույց տալով՝ ասաց. «Դուք երգեք ձեր տանը մեջ: Օտարը աչք ունի՝ կտեսնի, ականջ ունի՝ կլսի»:
Այսօր ինձ համար էլ առավել արժեքավոր է, թե հայ մանուկն ինչ է երգում մեր հեռավոր գյուղերում, քան թե ինչ է հնչում աշխարհի առաջատար բեմերում: Մեր սերունդը նախանձախնդիր է պահպանելու և տարածելու իր ազգային արժեքները: Մենք մեր մշակութային արժեքները և ազգային ինքնությունը պահպանելու համար է, որ երկրի սահմանին բանակ ու զինվոր ենք պահում, որոնք մեր սրբություններն են: Մենք չե՛նք հանձնելու ո՛չ մեր երկրի ֆիզիկական տարածքը, և ո՛չ էլ հոգևոր Հայրենիքի սահմանները: Մենք հաղթելո՛ւ ենք:
Զրուցեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ