«Առանց վախերի աշխարհի մասին եմ երազում, բայց չեմ ասի՝ ներդաշնակ, որովհետև բախումները հետաքրքիր են դարձնում մեր կյանքը, նոր մարտահրավերներ են նետում մեզ: Կարևորն այն է, որ դրանք դատարկ ինտրիգներ չլինեն», - ասում է լրագրող Մարի Թարյանը:
Նա լրագրության ոլորտում բավական կարևոր ու հետաքրքիր առաքելությամբ է հանդես գալիս. իր հեղինակային «Գիտամարդ» նախագծի շրջանակներում ներկայացնում է հայ գիտնականներին, նրանց ծավալած գործունեությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս: Մարին նշում է, որ իր վրա մեծապես ազդել է Հերման Հեսսեն՝ «Տափաստանի գայլը» ստեղծագործությամբ, սովորեցնելով սեփական «ես»-ը դնել փորձաքարին, միշտ բախումների մեջ լինել ներսի տարբեր «ես»-երի հետ ու դրա արդյունքում գտնել ներդաշնակություն:
Երևանյան լուսավոր ու տաք սրճարաններից մեկում Մարիի հետ կազմել ենք նրա «Կենաց ծառը» ՝ զրուցելով իր այդ «ես»-երից, շրջապատող աշխարհից, մարդկանցից ու մյուս կարևոր երևույթներից:
Զրույցի լավագույն հատվածները կարդացեք ստորև.
Երբ ես ծնվեցի, աշխարհում սիրո չափաբաժինն ավելացավ (ժպտում է, - հեղ.): Որովհետև ծնվեցի սիրելու առաքելությամբ: Սիրելը հեշտ չէ, որովհետև երբ
սիրում ես, ամբողջովին բացվում ես մարդու առաջ. բացված վիճակում վնասվելը հեշտ է…
Տուն վերադառնալու միտքն ինձ համար համարժեք է «վերադարձ արմատներին» արտահայտությանը: Ծնվել և մեծացել եմ գյուղում. այն փոքրիկ էկո-համակարգ է, ուր ես ձևավորվել եմ: Միշտ կարոտում եմ գյուղի մեր տունն ու կարծում եմ, որ այդ տունը չպիտի դատարկ մնա: Փառք Աստծո, հիմա դատարկ չէ. այնտեղ ապրող մարդ կա: Վերջերս գնացել էի այնտեղ. վաղուց չէի եղել: Տան պատերից մի քանիսում խոնավություն էր առաջացել, քանի որ կան սենյակներ, որոնք դատարկ են… Խոնավության այդ հոտն ասոցացրի հողի բույրին, և դա ինձ վերադարձրեց արմատներիս: Աշխարհի ամենալավ բանն է զգալ հողի բույրն ու տարածվել դրանում (ժպտում է,- հեղ.):
Մանկությանս հրաշքը հենց մանկություն ունենալն է, որովհետև շատերը զրկված են դրա հնարավորությունից: Մանկության կայացումը նպաստում է հետագայում որպես մարդ կայանալուն: Մեր ներսի մանուկը միշտ պիտի ապրի, պիտի հոգ տանենք նրա մասին և խնամենք նրան: Հիմա հրաշք եմ համարում լուսաբացը (ժպտում է, - հեղ.), որովհետև դա քո նոր օրվա ծնունդն է:
Աստված ճերմակ զգեստով էր ու ոտաբոբիկ, երբ մանուկ էի: Իմ մանկական պատկերացումներում երբեք չեմ տեսել Աստծո դեմքը… Հիմա Աստված ինձ շրջապատող մարդկանց մեջ է, որովհետև Նա մարդուն ստեղծել է Իր նմանությամբ: Եթե փորձես ճանաչել ու մոտենալ մարդուն՝ կգտնես նրանում աստվածայինը. ցանկացած էակի մեջ դա կա: Եթե աստվածայինը որոնելու և գտնելու նպատակով ես մարդուն մոտենում՝ գտնում ես:
Լավագույն դասը, որ քաղել եմ ծնողներիցս, այս է. ընտանիքն այն անկյունն է, ուր միշտ կարող ես վերադառնալ ու գտնել քո օրվա խաղաղ ավարտը:
Մյուսը, որ պիտի լինել համբերատար, ազնիվ ու վստահող: Եթե կա համբերատարություն, ազնվություն ու վստահություն, այն տունը, որը կառուցում ես, և որը համախմբում է ընտանիքը, երբեք դատարկ չի լինի:
Սերն, ազնվությունն ու հավատն՝ ինքս իմ, շրջապատող աշխարհի, բնության ու մեզ վերևից հետևող ուժերի հանդեպ, այն երեք երևույթներն են, որոնց վրա հիմված է իմ կյանքը:
Կա մի եկեղեցի, ուր ես լիակատար զգացել եմ Աստծո ներկայությունը. դա Սանահինն է:
Մենք պիտի մոտ լինենք այն միջավայրին, որտեղ ապրում ենք: Իսկ մոտ լինելու համար շատ ժամանակ պիտի անցկացնենք այնտեղ, պիտի քայլենք, ոտքի տակ տանք… Երբ շուտ եմ արթանում, կարողանում եմ ոտքով գնալ աշխատանքի. օրս սկսում է քաղաքի հետ, քաղաքը շնչելով: Օրվա ավարտը փելեշյանական դիստանցիոն մոնտաժն է փոքր-ինչ հիշեցնում (ծիծաղում է, - հեղ.), որովհետև, որպես կանոն, հաջողացնում եմ նաև ոտքով տուն գնալ…
Ու ինչպես սկսում է օրս, այնպես էլ փորձում եմ ավարտել:
Լրագրողի գործում ամենադժվարը մարդկանց վստահությունը շահելն է: Լրագրողների նկատմամբ կանխակալ տրամադրվածություն կա: Միշտ վիրավորվում եմ, երբ ասում են. «Վա՜յ, դու լրագրո՞ղ ես. քեզնից պիտի զգուշանալ»: Այս պատճառով է ամենադժվարը վստահություն շահելը, բայց, բախտի բերմամբ, ինձ մոտ միշտ ստացվել է ծանոթանալուց առվազն 15 րոպե անց վստահություն ձեռք բերել:
Երկիր մոլորակը պտտում է… ասում են` մոլորակն իր առանցքի շուրջ է պտտվում. իրականում մոլորակն իր առանցքի շուրջ պտտում է մարդկանց, որպեսզի մարդիկ հանդիպեն, ու հավատում եմ, որ այդ հանդիպումներն ինչ-որ հոյակապ արարումների համար են (ժպտում է, - հեղ.):
Մարդկությունն այսօր ամենաշատը կարիք ունի խաղաղության ու անկեղծության, որովհետև մարդիկ մոլագարների պես պատերազմում են՝ ամեն մեկն իր դաշտում ու տիրույթում, նաև ինքն իր հետ: Եթե նույնիսկ պատերազմի ընթացքում անկեղծություն ու ազնվություն գտնեն՝ հաստատ ինչ-որ պահի խաղաղության կգան, թեև չեմ հավատում աշխարհի լիակատար խաղաղությանը…
Կյանքը լիարժեք է, երբ ինքդ քո ներսում ես լիարժեք, և դա պայմանավորված չէ արտաքին որևէ գործոնով: Եթե քո հոգին ուժեղ է, հոգեպես լիարժեք ես՝ արտաքին աշխարհի ցանկացած ցնցում կմնա արտաքին աշխարհում:
Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի, որ պետք է համբերել:
Հուսահատության պահերին սկզբում գժվում եմ. չափից դուրս էմոցիոնալ եմ: Ապա ընդունում եմ ամեն ինչ այնպես, ինչպես կա ու չեմ ընդդիմանում. ցանկացած ապրված բան ի վերջո ավարտվում է: Այդպես էլ հուսահատությունը… երբ ինչ-որ բանի պատճառով ծագում է, այդ ինչ-որ բանը պետք է ապրել, ավարտել քո ներսում ու խաղաղություն գտնել: Նման պահերին միշտ Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն եմ կարդում. ոչինչ ինձ այդչափ չի խաղաղեցնում:
Մարդը սկսում է մահանալ, երբ դադարում է արարել:
Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում, երբ առնչվում եմ արվեստին՝ լինի դա բանաստեղծություն, երաժշտություն, կտավ… Աստված ստեղծագործ է. Նա արարեց մարդուն ու տվեց նրան անսահման ստեղծագործ լինելու հնարավորություն… բոլորիս մեջ դա կա, պարզապես անհրաժեշտ է ճանաչել ու վեր հանել այն:
Կյանքիս մեծագույն ձեռքբերումը համարում եմ ինքնուրույն կայանալը: Ծնողներիս եմ շնորհակալ, որ ինձ տվել են ինքնուրույն կայանալու հնարավորություն, որ կարողացել եմ ինքս հաղթահարել խնդիրներս ու չվախենալ, որ ինչ-որ օր կլինեմ մեն-մենակ, խուճապի կմատնվեմ, չեմ կարողանա ինչ-որ բան անել… Դժվար է 27 տարեկանում ասել թե որն է մեծագույն կորուստը: Բայց մեծագույն կորուստ են մարդիկ՝ նրանք, ովքեր մահացել են… նրանք, որոնց նույնիսկ չեմ տեսել. սա նույնպես կորուստ է:
Իմ կյանքի սերը ծովն է:
Սիրելի պատվիրանս «Մի՛ սպանիր»-ն է. մի սպանիր ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես… Կարելի է սպանել մարդու ներսի գեղեցիկը. բոլոր մարդիկ չէ, որ ուժեղ են, ու եթե մահափորձ կատարես նրանց ներսի գեղեցիկի դեմ, փաստ չէ, որ կկարողանան պաշտպանել այն. շատերը և, ցավոք, մեծամասնությունն այդ ուժը չի գտնում՝ ներսի լուսավորը պաշտպանելու համար:
Քրիստոսից 2000 տարի անց մարդիկ սարսափելի ագահ ու չար են դարձել:
Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝ նորից կխաչեն: Փոքր հասակում խաչելության մասին մի ֆիլմ էի դիտել, որի ընթացքում այնքան էի լացել՝ աչքերս կարմրել էին, չէին բացվում… Հիմա էլ գիտակցությունը, որ մոլագար ամբոխի մեջ ոչինչ անել չես կարող, սարսափելի ցավեցնում է…
Դրախտն իմ պատկերացմամբ անծայրածիր ծով է՝ սպիտակ ավազե ափով, որտեղ իմաստունները նստած զրուցում են նորեկների հետ:
Զրուցեց Ա. Պողոսյանը