«Իմ բանաստեղծությունների զգալի և առավել խորը մասը հոգևոր պոեզիա է: Սաղմոսներ սկսել եմ գրել 19-20 տարեկանից. դրանք հրատարակվել են «Աստծո հետ խոսելու ժամանակը» գրքում», - պատմում է բանաստեղծ Հուսիկ Արան: Հարցնում եմ՝, թե ե՞րբ է Աստծո հետ խոսելու ժամանակը, պատասխանում է. «Մի՛շտ է Աստծո հետ խոսելու ժամանակը. ցանկացած մարդ խոսում է՝ ամեն մեկն իր լեզվով: Եվ միայն դյուրին ու հարթ զրույց չէ, որ տանում ենք… Կա որոշակի վեճ, անհամաձայնություն՝ աշխարհի այսպիսին լինելու հետ կապված: Ես իմ սաղմոսներով պատմում եմ երկրի ցավը…»:
«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում Հուսիկ Արան խոսել է նաև իրենից, կյանքից, աշխարհից, գրականությունից. «Երբ մանուկ էի, Աստված մորս շուրթերին էր… մեծացա, ծառ տնկեցի, տուն կառուցեցի, զավականեր ունեցա: Ի՞նչ ասեմ… Սխալներ շատ եմ գործել մշտապես, նաև բանաստեղծություններ եմ գրել»:
Զրույցի մյուս հատվածները կարդացեք ստորև.
Ծնվել եմ ոտքերով, թարս. գյուղական հիվանդանոցում: Մայրս տխրել է. աղջիկ էր ուզում: Այսպիսի երկու անընդունելի հանգամանք՝ կապված ծնունդիս հետ (ծիծաղում է, - հեղ.):
Մայրս հաճախ ասում էր՝ թարս ծնվել ես, թարս էլ մնացել. աղջիկ լինեիր՝ ավելի հանգիստ կլինեիր… շատ չար երեխա էի: Այո, թարսությունը կա. աշխարհի հետ՝ թարս, ժամանակի հետ՝ թարս, իրականության հետ՝ թարս…
Մեծացել եմ կիսագետնափոր, հողաշեն տան մեջ: Այդ տունը կառուցել է մայրական պապս՝ վանեցի Խաչատուրը. նա մասնակցել է Վանի ինքնապաշտպանությանը, փրկվել է ցեղասպանությունից, իսկ 1928թ. կառուցել է մեր տունն, ուր հետագայում ապրել ենք ես ու մայրս: Այդ տարիների իմ ամբողջ ապրումներն արտացոլվել են «Միայնակ շան լուսնահաչը» գրքում… Մեր հողաշեն-գետնափոր տունը, մայրս, ես և այդ կիսամութի ու կիսագաղջի մեջ Աստծո զգացողությունը… Մայրս շատ հավատացյալ կին էր. անվերջ Աստված էր կանչում, Աստծո հետ էր զրուցում. այսպես է անցել մանկությունս:
Ես երջանիկ եմ, որովհետև ներսումս ունեմ սեր ու բանաստեղծություն՝ այսպես ասել եմ իմ ստեղծագործություններից մեկում: Ինձ համար հրաշք է նախ երկրային կյանքը, ապրելը… Երկրի վրա շփումը երկնքի հետ, կյանքը, որն ապրում ենք՝ որքան էլ դժվար լինի, այն բանաստեղծական շնորհը, որն ունեմ և սերը կյանքի, մարդկանց նկատմամբ. այս ամենը միասին հրաշք է:
Գրելու շնորհը, սերը և հայոց լեզուն այն երեք երևույթներն են, որոնց վրա հիմնված է իմ կյանքը:
Ինձ վրա մեծապես ազդած երևույթը գրականությունն է: Աշխարհի շատ պոետների ու գրողների եմ սիրում…
Բանաստեղծի գործում ամենադժվարը գրածը խմբագրելն է:
Կյանքը լիարժեք է, երբ դու ամբողջական ես… թեև չգիտեմ՝ կյանքը կարո՞ղ է երբևէ լիարժեք լինել, բայց գոնե այն լիարժեք դարձնող կարևոր շեշտադրումները քեզ հետ պիտի լինեն, քեզ ուղեկցեն:
Հուսահատության պահերին փորձում եմ դուրս գալ դրանից՝ մտածելով, կարդալով, գրելով, էլի գրականությանը դիմելով, էլի պայծառ բան տեսնելով, լույս տեսնելով… իսկ այդ լույսը հաճախ գրելու ու կարդալու մեջ եմ գտնում, չգիտեմ, թե գրե՞լն է ինձ ավելի շատ սփոփում, թե՞ կարդալը:
Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի, որ չպիտի դիմացինիդ պատճառես այն ցավը, որը տվել են քեզ, չպետք է դիմացինին թողնես այն վիճակում, որում դու ես եղել: Ասում են, թե մարդիկ դժվարություններ տեսնելիս չարանում են, ո՛չ… դաս ես առնում, փորձ ես հավաքում: Չեմ ուզում, որ մեկ այլ մարդ ապրի այն, ինչը դժվարացրել է կյանքս, ճնշել է ինձ, ճիշտ հակառակը, ուզում եմ թեթևացնել այդ մարդու բաժինը:
Երկիր մոլորակը պտտում է մարդկային դրական էներգիան: Բայց միշտ չէ, որ մոլորակը պտտվում է. երբեմն այն կանգ է առնում: Ամեն մեկի համար է կանգ առնում, ամեն մեկի դժվար պահին մոլորակը կանգ է առնում՝ իմ կյանքում, քո կյանքում… Նաև բարությունն է պտտում մոլորակը. Մայր Թերեզան միայնակ կարող էր պտտել մոլորակը: Մարդիկ են պտտում մոլորակը:
Մարդը սկսում է մահանալ, երբ այլևս չունի արժեքներ, ցանկություններ, արարելու շնորհ… Երբ արարում ես, կյանքին նայում ես պայծառ լույսով: Առանց դրա մարդը վերածվում է կենդանի դիակի: Մեր մեջ էլ շատերը մեռած են այդ առումով:
Մահից չեմ վախենում, վախենում եմ կիսատ կյանքից: Այն, ինչը սկսել եմ դեռ վաղ պատանեկությունից, ուզում եմ ամբողջացնել: Խոսքն Աստծո շնորհն է, գրելը՝ նույնպես. ուզում եմ Իր տվածն Իրեն ամբողջական վերադարձնել, որպեսզի հետո չամաչեմ:
Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում գրելիս: Իմ ուրախության ու ցնծության բուռն պահերին նույնպես զգում եմ, թե ինչպես է մաշկիս դիպչում… դժվար պահերին էլ: Բայց միայն դժվար պահերիս չէ, որ ասում եմ ՝ Տեր Աստված, օգնիր: Ավելի շատ շնորահակալ եմ և ավելի շատ զգում եմ Աստծուն լիարժեքության, հաղթանակած պահերիս:
Իմ կյանքի սերը հայերենն է:
Այն, ինչը ստեղծել եմ, համարում եմ կյանքիս գլխավոր ձեռքբերում… այն, ինչը չեմ ստեղծել՝ ամենամեծ կորուստ:
Մարդը երկիր է գալիս խաղաղ ապրելու համար՝ անկախ ազգությունից, դավանանքից, մաշկի գույնից: Այդպիսին է Աստծո թագավորությունը երկրի վրա: Մարդն աշխարհ է գալիս, որ վայելի կյանքը, իսկ մարդկության հիմնական մասը տառապում է, մյուս մասը՝ տառապանք պատճառելով՝ հաճույք ստանում: Կուզենայի այդպես չլիներ…
Մայր Թերեզան է այն մարդն, ում հետ զրուցելու հնարավորություն կուզեի ունենալ:
Պարզապես կնստեի կողքին ու կլռեի. լռելով էլ են զրուցում:
Դրախտն իմ պատկերացմամբ Աստծո արքայությունն է երկրի վրա… Միայն մի բանից եմ վախենում՝ ձանձրանալ միապաղաղությունից (ժպտում է, - հեղ.):
Սերմնացանի առակն եմ ինձ համար առանձնացնում Աստվածաշնչից. այն ցանկացած տեղ կիրառելի է, արդի է ցանկացած երևույթից խոսելիս:
Քրիստոսից 2000 տարի անց նորից Նրան ենք խնդրում երկրի վրա, նորից նշաններ ենք պահանջում, հավատում ու չենք հավատում, ամեն վայրկյան մեր երևակայության մեջ խաչում ենք Նրան... Քրիստոսի վարդապետությունն ակտուալ է, այն միշտ է ակտուալ լինելու՝ մինչև աշխարհի վերջը, աշխարհ գալով՝ Նա նահատակվելու է՝ լինի 2000 տարի առաջ, այսօր, թե 1000 տարի հետ…
Զրուցեց Ա. Պողոսյանը