Հոգով` Աստծուն, մարմնով՝ Եկեղեցուն

Հոգով` Աստծուն, մարմնով՝ Եկեղեցուն

Մեր հյուրն է Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորք համայնքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Մերինե Նիկողոսյանը: Արդեն երկու տարի է, որ Մերինեն ծառայում է եկեղեցում: Նա վստահ է, որ Եկեղեցին ճշմարիտ ճանապարհն է դեպի Աստված:



«Ծառայությունն Աստծո բարի նայվածքի իմ փոքրիկ հույսն է, որն անում եմ սիրով ՝ հավատից ելնելով»


Առաջին անգամ, երբ գնացի եկեղեցի․․․
- Հիշում եմ, երբ առաջին անգամ գնացի եկեղեցի՝ ոչ մի հոգևոր դրդապատճառ չունեի: Գնում էի շարականներ լսելու. գերված էի դրանցով: Քիչ-քիչ սկսեցին հարցեր առաջանալ, թե ինչո՞ւ եմ գնում, ի՞նչ եմ լսում, և առհասարակ ո՞ւմ համար է այդ ամենը: Սկսեցի հետաքրքրվել, թե ի՞նչ է ծեսը, եկեղեցական արարողությունը, ի՞նչ է եկեղեցին և ովքե՞ր են հոգևորականները: Անկախ ինձանից՝ այս հարցերը կապ ստեղծեցին եկեղեցու և հոգևորականների հետ: Քիչ-քիչ այս ամենը նպաստեց հոգևոր զարգացմանս և դարձավ Աստծուն կապող օղակ:


Թվում էր, թե անարժան եմ
Երբ սկսեցի հասկանալ, թե ինչ է մկրտությունը և թե ինչից է զրկվում չմկրտված մարդը, ինչ-որ տանջալի զգացողություն սկսեց հետապնդել ինձ: Ես մկրտված չէի: Մասնակցում էի Սուրբ Պատարագին, բայց բուն խորհրդին մնում էի անհաղորդ: Ինձ միշտ թվում էր, թե անարժան եմ: Այս ամենն իմ մեջ տագնապի զգացողություն էր արթնացնում, քանի որ չէի պատկերացնում, թե ինչպես պիտի ստացվի, որ ես էլ մի օր մկրտվեմ:


Հեշտ հանձնվելը հանցանք է
Ի սզբանե համոզված էի, որ Եկեղեցին իմ ընտանիքն է։ Գիտեի, որ ես ժամանակավորապես, ինչ-ինչ պատճառներով այդ ընտանիքից դուրս եմ: Հեշտ հանձնվելը հանցանք է, երբ գիտես, որ Աստված է քեզ բերել Եկեղեցի: Ինձ թվում էր, թե ինչ-որ ներքին ուժ ինձ Եկեղեցունը դառնալու պատրաստության է մղում: Այդ ժամանակ է, որ սկսեցի ջանքեր գործադրել, և փաստն այն է, որ Աստված ընդառաջեց:


Այսպես սկսվեց իմ հոգևոր կյանքը
Իմ համայնքը եկեղեցի չուներ: Երբ երեք տարի առաջ կառուցվեց եկեղեցին. և հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանն առաջարկեց ստեղծել երիտասարդաց միություն, ես և ընկերուհիս մեծ ոգևորությամբ «ձեռք բարձրացրինք»: Հետո ներգրավվեցինք Արարատյան հայրապետական թեմի գործունեության մեջ և այսպես շարունակ: Երբ հոգևոր կյանքդ նոր է սկսվում ու քեզ նման հնարավորություն է տրվում, գիտակցում ես, որ Աստծո տան համար մի փոքր բան դու էլ կարող ես անել, հավատացեք, որ դա մեծագույն բերկրանք է: Այսպես սկսվեց իմ հոգևոր կյանքը ու ես հոգով դարձա Աստծունը, իսկ մարմնով՝ Եկեղեցունը: Ավելի ճիշտ՝ փորձում եմ:

 

Լինել երիտասարդ ու լինել եկեղեցունը
Շատ օրինակներ գիտեմ, որ երիտասարդների՝ եկեղեցի գալն առաջին հերթին խնդիրներ է առաջացնում հենց ընտանիքում, հետո՝ ընկերական շրջապատում, բուհ-ում ու այդպես շարունակ: Դա նորմալ չէ, որովհետև Եկեղեցու մարդն իրենց պատկերացրած «հավատացյալը» (աղանդավորը) չէ: Իմ շրջապատում բարդություններ առաջանում են, երբ ինձ ընկալում են որպես Եկեղեցու անմիջական ներկայացուցիչ և ակնկալում որոշակի դիրքորոշումներ: Սա պատասխանատու և բարդ իրավիճակ է: Յուրաքանչյուր սխալ քայլ կարող է վերագրվել Եկեղեցուն և հակառակը:

 

Հիմա իրավունք չունեմ անզգույշ լինել
Եկեղեցում ծառայելով՝ ավելի զգաստացա։ Հիմա իրավունք չունեմ անզգույշ լինել: Նախ, որովհետև Աստված տեսնում է, հետո, կապ չունի, թե դու շապիկ ես հագնում, երգում, թե մաքրում ես եկեղեցու տարածքը, դու արդեն իսկ պետք է զգաստ լինես, որովհետև գործ ունես Աստծո տան հետ, այն սուրբ է: Եթե դու Եկեղեցու մեջ ես, դու այլևս Եկեղեցունն ես, դու պիտի սնվես Եկեղեցուց և կրես քո մեջ նրա ողջ էությունը, որպեսզի պետք եղած ժամանակ նաև արտացոլես:


Եթե տեսնեմ Աստծուն, կասեմ, որ․․․
Ասելու ժամանակն այսօր է, այստեղ, իսկ Աստծո հետ հանդիպելիս այլևս Նա է, որ պիտի խոսի մեզ հետ: Թե Ի՞նչ կասի՝ կախված է նրանից, թե ինչպես ենք օգտագործել այստեղ մեզ տրված ժամնաակը։


Եկեղեցին Քրիստոսի մարմնի շարունակությունն է երկրի վրա և իմ ու Աստծո հանդիպման վայրը:
Եկեղեցուց դուրս ես էլի Եկեղեցու մեջ եմ և Եկեղեցին՝ իմ մեջ։

 

Հարցազրույցը և լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

  • 2021-12-10
×