Գնդերեցը՝ զորամասի հոգևոր ծնող

Գնդերեցը՝ զորամասի հոգևոր ծնող

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը նոյեմբերի տասնչորսին դարձավ քսան տարեկան: Այս առիթով զրուցել ենք Հայոց բանակի տարբեր զորամասերում ծառայող հինգ գնդերեցների հետ: Նրանց մտորումները հոգևոր առաջնորդության լավագույն գնահատականն են և հոգևորականների կողմից հայ զինվորականին տրված սիրո ու ջերմության լավագույն ապացույցը:

 

Հրաչ սարկավագ Ղազարյան

Հայոց բանակում հոգևորականի մեծագույն ձեռքբերումը զինվորի կողքին լինելն է, Աստծո խոսքով նրանց հոգիները կերտելու առաքելությունը: Զինվորներն ունենում են իրենց հուզող հոգևոր հարցեր, ներանձնական շատ խնդիրներ, որոնց մասին հաճախ առանց կաշկանդվելու կարող են խոսել միայն գնդերեցի հետ և ստանալ առանձնահատուկ պատասխաններ: Երբ զինվորն իր կողքին և իր թիկունքում տեսնում է հայ հոգևորականին, դա մեծագույն մխիթարանք և զորացնող հանգամանք է դառնում նրա համար: Զորամասում գնդերեցը ոչ միայն հոգևոր հովիվ է, այլև զինվոր, որ ցանկացած պահին խաչը և զենքը ձեռքին կարող է դիրքեր բարձրանալ: Հոգևոր ծառայությանս տարիներն ինձ սովորեցրին, որ առանց Հայոց բանակի չի կարող լինել զորեղ հայկական պետականություն, ինչպես նաև չի կարող գոյություն ունենալ զորեղ բանակ՝ առանց ֆիզիկապես և հոգեպես կոփված զինվորի: Այս միտքն է, որ ես մշտապես փոխանցում եմ զինվորներին՝ շեշտելով նրանցից յուրաքանչյուրի անհատական կարևորությունը մեր բանակում: Նաև աշխատում եմ, որ զինվորներն ունենան հայոց պատմության ընդգրկուն իմացություն, որովհետև նրանց ոգու սնման աղբյուրը մեր անցած ճանապարհը պիտի լինի՝ մեզ տրված դասերի ճիշտ սերտումով: Իմ գնդերեց եղբայրներին մաղթում եմ, որ Աստծո խոսքին հավատարմորեն, ջանասիրաբար մշտապես լույս ու ջերմություն փոխանցեն մեր զինվորներին, իսկ զինվորականներն էլ իրենց մեջ անսասան ու եռուն պահեն Հայկ Նահապետի արյունը:

 

Սարգիս սարկավագ Ծատուրյան

Հոգևոր առաջնորդության ձեռքբերումները մեծ են Հայոց բանակում, որովհետև գնդերեցը և՛ հոգևոր քարոզչություն է իրականացնում, և՛ դաստիարակչական աշխատանքներ, որոնց արդյունքը զինվորի ունեցած ճիշտ վերաբերմունքն է թե՛ հոգևորականի, թե՛ սպայական կազմի հանդեպ: Զորամասն ինքնին մի մեծ տուն է, և յուրաքանչյուր հոգևորական պիտի դառնա այդ ընտանիքի հոգևոր ծնողը, ինչի հետևանքով ավելանում են մեր շնորհները, փոխվում է աշխարհայացքը, դառնում ենք ավելի հայրենասեր, հատկապես երբ ծառայում ենք դիրքային զորամասերում: Բանակում ես հասկանում հայրենիքի և զինվորի կարևորությունը, և շոշափելիորեն տեսնում, որ մեր զինվորներն այսօր ներդնում են իրենց ամենաթանկը՝ կյանքը, հանուն թիկունքում գտնվող ծնողների և հարազատների անվտանգության: Մենք էլ զինվորներին փոխանցում ենք աստվածային սիրո, եղբայրության և ընտանիքի գաղափարը: Նրանք պիտի հասկանան, որ բոլորը հավասար են, և ոչ մեկը մյուսից առավել չէ, և պետք է կարողանալ սիրել ընկերոջը, որովհետև առօրյայում և հատկապես բանակում զինվորների կյանքը կախված է մեկը մյուսից: Եթե ցանկանում ենք, որ մեր բանակում ամեն ինչ բնականոն հունով ընթանա, ապա այնտեղ պիտի տիրի սերն ու փոխադարձ հարգանքը: Դրա համար մեր գնդերեցներին կմաղթեմ հոգևոր բուռն գործունեություն, ջանասիրություն, իսկ զինվորներին՝ բարի վերադարձ:

 

Ատոմ սարկավագ Ղարագյոզյան

Այսօր հոգևոր առաջնորդությունը բանակի գործող կարևորագույն կառույցներից է իր խորհրդանիշերով՝ դրոշով և Աշոտ Երկաթի խաչով, որ մեր բանակի հովանավոր խաչն է: Վերջերս բոլոր զորամիավորումներին տրամադրվեցին օրհնված խաչվառներ: Գնդերեցներն ամենօրյա ծառայությամբ նպաստում են բանակի հոգևոր կարիքների ամբողջական բավարարմանը, ինչն արտահայտվում է թե՛ շարքային զինծառայողների հետ անհատական մտերմիկ շփումներով, թե՛ զորամասի բոլոր միջոցառումներին աղոթքի հնչումով, թե՛ պարզապես զորամասում հոգևորականի ներկայությամբ, ինչը չափազանց կարևոր է նաև ինքնասպանությունների կանխարգելման, ինքնախեղումների թվի նվազեցման առումով: Որպես ժամանակին նաև առաջին գծում ծառայած հոգևորական՝ կարող եմ ասել, որ գնդերեցի անփոխարինելիությունը հատկապես երևում է վտանգի պահին, երբ զինվորը, ի դեմս հոգևորականի, զգում է Աստծո ներկայությունը, և մարտական գործողությունների ժամանակ անվախ դեմ է գնում թշնամուն: Ինքս էլ մինչև զորակոչվելն այնքան տեղյակ չէի բանակի առօրյային և հենց այստեղ զուտ տեղեկատվական առումով շատ բաներ սովորեցի, ինչպես նաև հարստացա յուրաքանչյուր զինվորի, սպայի հետ շփվելուց: Նրանք այնպիսի հարցեր են տալիս, որ ստիպում են պրպտել, նորից ուսումնասիրել Սուրբ Գիրքը: Մենք սովորեցնում ենք նրանց սուրբգրային կանոնները, մեր հայրերի խրատները, փոխանցում ենք մեր կյանքի փորձը, ճեմարանական ուսումնառության բազմաբնույթ գիտելիքները և այլն: Նաև պետք է մշտապես մեր կոչման մեջ լինենք, որովհետև ցանկացած թերություն անմիջապես նկատվում է զինվորների կողմից: Նրանց անդադար հետաքրքրում է՝ մենք ինչպիսի վերաբերմունք ունենք ռազմական գործի հանդեպ, և եթե հարկ լինի՝ ինչպես կդրսևորենք մեզ: Սա էլ ձևավորում է զինվորական հոգևորականի կերպար, որը ցանկացած պահի պատրաստ պիտի լինի առաջնորդելու իր հետևից եկող զինվորներին՝ անվերջ ամուր հավատք ներշնչելով նրանց, որովհետև զինվորական գործն առանց հավատքի դատապարտված է: Այն գիտակցումը, որ մահը մեզ համար վերջը չէ, միայն հավատով է ամրապնդվում: Եթե զինվորը հասնում է հոգևոր գիտակցության այդ աստիճանին, նշանակում է՝ մենք հաջողել ենք մեր առաքելության մեջ՝ բանակին տալով ցանկացած խոչընդոտ վստահաբար հաղթահարելու ուժ: Մաղթում եմ, որ մեր հոգևոր առաջնորդության ներդրած ջանքերը պտղաբերեն զինվորների, սպաների և նրանց ընտանիքների ամուր հավատքի ծաղկման միջոցով:

 

Մարտուն սարկավագ Շահվերդյան

Հայոց բանակի հաղթական ոգին հայ ժողովրդի հաղթական ոգու ամենափայլուն դրսևորումն է, իսկ հոգևոր առաջնորդության մեծագույն հաջողությունը Հայոց բանակում քսան տարի առաջ ձեռք բերված համաձայնությունն էր եկեղեցի-բանակ հարաբերություններում: Եվ այսօր լինի զինվոր, թե սպա, գնդերեցի անձի մեջ տեսնում է Քրիստոսին, և հաճախ կարող ենք լսել «Աստծո մարդ» արտահայտությունը, որն ինքնին մեծ փակագծեր է բացում: Սպա-զինվոր հարաբերության մեջ բոլոր դեպքերում գոյություն ունի մի չերևացող միջակայք, որը լրացնում է գնդերեցը: Զինվորի համար մեծ ուրախություն է հոգևորականի ներկայությունը, որը նախ և առաջ զինվորի ընկերն է, որից նա կարող է ստանալ իր հարցերի ու խնդիրների պատասխանները Ավետարանի լույսի ներքո: Զինված ուժերում ծառայելու իմ այս ժամանակահատվածը բավական բովանդակալից էր և շրջադարձային: Ծառայության ընթացքում հասկացա՝ ի՞նչ է նշանակում սահմանապահ բնակավայր, ի՞նչ է նշանակում ապրել ու արարել թշնամու մշտական կրակոցների տակ, և, ի վերջո, ի՞նչ է նշանակում հովվական ծառայություն: Ստացվում է այնպես, որ զինված ուժերում մենք գերազանցաբար ծառայում և աշխատում ենք արական սեռի ներկայացուցիչների հետ և այն էլ որոշակի տարիքային շերտի շրջանակներում, հիմնականում փակ միջավայրում և բանակային ռեժիմով, ինչով էլ մեր ծառայությունը զգալիորեն տարբերվում է այլ վայրերում սպասավորող հոգևորականների ծառայությունից: Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բարձրյալն Աստված անխռով խաղաղության մեջ պահի մեր երկիրը, առավել զորացնի գնդերեցներին ու զինվորականներին, որ միշտ կրողը լինենք ազգային ու քրիստոնեական արժեքների, որ երբեք չմոռանանք մեր պարտքն ու պատվի զգացումը առ Հայրենին:

 

Գևորգ սարկավագ Միրզոյան

Հայոց բանակը, մեր հասարակության մի մասը լինելով, ևս հոգևոր պահանջմունքներ ունի, որը լրացվում է Աստծո Ավետարանի քարոզչությամբ: Հոգևոր առաջնորդության ամենամեծ ձեռքբերումը բազմաթիվ հավատավոր զինվորներն են և եկեղեցու անբաժանելի դերը հայ հաղթանակած զինվորականության կյանքում: Ներկայումս շատ կարևոր է, որ հատկապես զինվորների հետ խոսենք Հիսուս Քրիստոսի սիրուց ու մահվան հանդեպ տարած հաղթանակից, հարության լույսից: Այսօր հասարակության բոլոր խավերը բախվում են զինվորի կորստյան հետ: Մարդիկ պիտի հասկանան, որ կյանքի իմաստը միայն Քրիստոս կարող է բացատրել: Հատկապես սահմանային զորամասում ծառայող զինվորներին, որ ամեն վայրկյան առերեսվում են մահվան հետ, միայն Աստծո խոսքով կարող ես օգնության հասնել: Զինվորներն Աստծուն հոգևորականի միջոցով պետք է տեսնեն: Ինչքանով ես Աստծուն կճանաչեմ իմ կյանքում, այդքանով էլ կկարողանամ թարգմանել Նրան իմ զինվորներին, որովհետև Աստված անհաս է, իսկ Նրան ճանաչելու ձգտումը՝ անսահման: Իմ զինվորներից էլ ես սովորում եմ ծառայասիրություն և ինքնանվիրում. նրանք պատրաստ են դիմացինի համար ամեն վայրկյան կյանք տալու, ինչպես Հիսուս Քրիստոս: Այսինքն՝ մենք գենով ենք ժառանգել քրիստոնեությունը, որ պատրաստ ենք ընկերոջ համար մեր կյանքը տալու թեկուզ առանց հոգևոր խորը գիտակցության, ինչը խոսում է մեր գենի՝ կարևոր պահերին դրսևորվելու ունակության մասին: Սա մեր հաղթանակի, մեր ոգու արիության լավագույն գրավականն է: Սա Քրիստոսի ամենամեծ պատվիրանների իրագործումն է. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ և սիրիր քո դիմացինին քո անձի պես» (տե՛ս Մատթեոս ԻԲ 37-40): Հաճախ բանակը մարդիկ նույնացնում են կյանքի խտացման հետ, երբ զինվորներն ու սպաները կյանքի ողջ դպրոցն անցնում են ընդամենը երկու տարում: Եվ այն գիտակցումը, որ ամեն վայրկյան կարող են նահատակվել, ավելի է արժևորում նրանց ունեցածը: Ուզում եմ, որ Աստված առատացնի մեր մեջ Քրիստոսի հարությամբ ապրելու շնորհը, որ կարողանանք այդ լույսը վերցնել ու փոխանցել մեր զինվորներին, սպաներին և հասարակության մնացած անդամներին: Դժվարություններն ու նեղությունները միայն ու միայն Աստծուն մոտեցնելու և Նրան ծառայելու համար են: Միշտ հիշենք, որ հաղթանակած Աստված ունենք, մեզ միշտ օգնության եկող, մեզ երբեք չդավաճանող: Թող Տերը զորացնի մեր զինվորին ու զորականին, որ կարողանանք կիսատ գործն ավարտին հասցնել՝ մեր սուրը փառքով դնելով պատյան:


Պատրաստեց Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2021-12-10
×