Լուսինե Ազարյանի «Կենաց Ծառը»

Լուսինե Ազարյանի «Կենաց Ծառը»

«Պարտադիր չէ՝ չարությունն անձամբ ինձ վերաբերվի կամ կատարվի քթիս տակ, որպեսզի ազդվեմ։ Հեռու մի տեղ ընթացող պատերազմը, մեկ այլ մարդու նեղությունն ու ցավը մինչև սրտիս խորքը տխրեցնում և հուսահատեցնում է ինձ. հոգիս նեղվում է, սկսում եմ չհերիքել։ Մխիթարվում եմ՝ այդ ամենին հակառակ սիրով շաղախված այլ բան ստեղծելով»։ Այսպիսին է օպերային երգչուհի (մասնագիտություններից և գործունեության ոլորտներից ընդամենը մեկը) Լուսինե Ազարյանի աշխարհընկալումն ու վերաբերմունքը` ուղղված կյանքին ու մարդկանց:

«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք հենց նրա հետ:

 

Երբ ես ծնվեցի, ինչ-որ կարևոր մի բան կատարվեց, որովհետև ամեն մարդու ծնունդը, բացարձակապես բոլորի գալուստը Երկիր մոլորակ շատ կարևոր է. ամեն մարդ իր առաքելությամբ է գալիս:

 

Լավագույն դասը, որ քաղել եմ ծնողներիցս՝ ազնիվ և ուժեղ լինելն է: Մի դեպք եմ հիշում։ Ես ընդամենը 18 տարեկան էի և որպես ղեկավար աշխատում էի մի հայտնի կազմակերպությունում՝ տարիքով ինձնից բավականին մեծ մարդկանց հետ: Ուրիշները գուցե երազեին այդ աշխատանքի մասին: Շուրջ մեկ տարի աշխատելուց, մի շարք փորձությունների միջով անցնելուց հետո հասկացա, որ այլևս չեմ ցանկանում լինել այդտեղ. մթնոլորտը լավը չէր: Երբ հեռացման դիմումս դրեցի ղեկավարիս սեղանին, նա չստորագրեց. խնդրեց մեկ շաբաթ հանգստանալ, մտածել, ապա նոր որոշում կայացնել: Այդ ժամանակ հայրս շատ կարևոր մի դաս տվեց ինձ, որը նույն կերպ փորձում եմ փոխանցել իմ երեխաներին: Երբ նրան պատմեցի՝ ինչ է եղել, ասաց՝ եթե ոտքդ ուղղել ես դեպի դուրս, երբեք ետ չնայես: Մի կարևոր բան գիտակցեցի. ընտանիքս միշտ իմ կողքին է, թիկունքիս կանգնած, նույնիսկ եթե սխալված լինեմ։ Միշտ պիտի շարունակես քայլել առաջ:

 

Մենք երեք երեխա ենք. ես մեծն եմ: Մեծ լինելը միշտ զգացել եմ և, ճիշտն ասած, փոքր տարիքում չեմ սիրել դա (ժպտում է,-հեղ.): Որովհետև, որպես մեծ պիտի մշտապես զիջեի, հասկանայի: Հետագայում դա, կարծես թե, դարձավ բնավորության գիծ։ Մինչ օրս պատասխանատվությունն ինձ վրա վերցնելը հիմնական հատկանիշներիցս է: Դա տարածվում է ոչ միայն հարազատներիս և սիրելիներիս, այլև ինձ շրջապատող ու հոգատարությանս կարիքն ունեցող այլ մարդկանց վրա ևս:

 

Արա այն, ինչ քեզ անհրաժեշտ է, բայց հիշիր, որ դու պատասխանատու ես դրա համար: Եթե քեզ դա հարկավոր է՝ կարող ես անել ամեն բան, բայց միայն այն դեպքում և այն կերպ, որ որևէ մեկին չցավեցնես և նեղություն չտաս, և հիշես, որ դու ես դրա և դրա հետևանքի տերը։ Դու ես պատասխանատուն և արածդ առաջին հերթին քո՛ կյանքում է մնում: Սա հիմա իմ տանն էլ է օրենք, այս սկզբունքով եմ շատ բաներ թույլ տալիս իմ երեխաներին: Եվ, առհասարակ, ամեն մարդ պարտավոր է անել ամեն ինչ՝ երջանիկ լինելու համար, որովհետև նա տարածում է միայն այն, ինչ իր մեջ կրում է:

 

Այնքան կարևոր է, որ երեխան իմանա՝ իրեն սիրում են ոչ թե ինչ-որ բանի, լավ կամ վատ արարքի, ճիշտ ու սխալ գործելու համար, այլ սիրում են անկախ ամեն ինչից: Իմ երեխաները գիտեն, որ իրենք իմ ամենամեծ նվերն են Աստծուց: Նրանց ասում եմ. «Ձեզ շա՜տ եմ սիրում, ձեր «էծիկներին» չեմ սիրում, բայց եթե նույնիսկ աշխարհի բոլոր «էծիկներին» հավաքեք ձեր մեջ, միևնույնն է, ձեզ շատ եմ սիրելու»:

 

Կյանքն ինքնին հրաշք է. դրանում կան լավ և վատ բաներ, ու այդ ամենը հավասարակշռության մեջ է: Հրաշք է իմ բալիկների հայտնվելն իմ կյանք։ Մարդն է հրաշք, ամեն բան, ի վերջո, պտտվում է նրա շուրջ, աշխարհն է հրաշք ու այն ամենն, ինչի մեջ կա Արարչի շունչը:

 

Վերջերս հաճախ եմ մտածում, թե ինչու է մոլորակի վրա դաժանությունն, անարդարությունն այսքան շատ, ինչու են մարդիկ ավելի շատ իրար ցավեցնում, քան սիրում, ինչու են դեռ շարունակվում պատերազմները, ինչու են մարդիկ դեռ սպանում իրար, ինչքան կարելի է նույն սարսափելի սխալներն անել։ Ինքս ինձ փորձում եմ համոզել, որ գոյություն ունի սևի և սպիտակի բալանս, ու դա է աշխարհի շարժիչ ուժը: Բայց երբեմն չեմ կարողանում ինձ այդ մտքով մխիթարել. երանի հրաշք լիներ, և այդ անմարդկայնությունը վերափոխվեր սիրո։

 

«Եթե մեկը քո աջ այտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու» խորհրդի իմաստը վերջերս եմ ամբողջությամբ հասկացել: Այն բոլորովին կապ չունի անզորության հետ, նման իմաստ չի կրում։ Պարզապես մի՛ կրկնիր նույն ագրեսիան, մի կրկնիր, փոխարենը փորձիր ստեղծել մի այլ տատանում, սիրո տատանում, փորձիր ավելի մեծ և բարձր լինել: Հաճախ դա հեշտ չէ, և միշտ չէ, որ ստացվում է. մենք մարդ ենք ընդամենը, ովքեր կարող են ընկնել չարի տատանման տակ, բայց, միևնույնն է, ուրիշ լուծում չկա. սևի հետ պայքարելն անիմաստ է, չպիտի այն սնես քո վերաբերմունքով: Աշխարհը լիքն է սիրո տատանում ստեղծող ֆանտաստիկ զորեղ մարդկանցով, ինչքան էլ մեզ փորձում են հակառակը համոզել:

 

Կյանքի փուլեր փոխող ֆրազներ կան. մի շատ լավ ընկեր ունեի` Սուրեն Զուրաբյանը, որը, ցավոք, այլևս մեզ հետ չէ: Ֆանտաստիկ տենոր էր և ատամնաբույժ… Մի անգամ ինձ ասաց. «Մարդն այն չէ, ինչ կարող է լավ անել, այլ այն է, ինչը չի կարող չանել»: Երկու մասնագիտություն ունեմ, բայց հասկացա, որ երգչուհի եմ: Ես չեմ կարող չերգել: Կարող եմ շատ բաներ չանել, բայց առանց երգեցողության չեմ կարող: Ինձ համար կարևոր է նաև հոգատարությունն ու մարդասիրությունը, չեմ կարող չկիսվել սիրով, չեմ կարող օգտակար չլինել, երբ կարող եմ լինել, իսկ մարդը միշտ կարող է օգտակար լինել…

 

Բարեգործությունն ինձ համար նորմալ մարդու ապրելակերպ է ընդամենը: Բալիկներիս համար էլ դա նույն կերպ է. թվում է՝ փոքր են, ոչինչ չեն հասկանում, բայց երեխաները սովորում և անում են այն, ինչ տեսնում են, պարտադիր չէ՝ դրա մասին առանձնահատուկ խոսես, թեև ես նրանց հետ շատ եմ խոսում կյանքից, աշխարհից, բարուց...

 

Աստծո հետ զրուցելու հնարավորություն կուզեի ունենալ ու կհարցնեի՝ այլ մեթոդներ չկա՞ն մարդուն խելք սովորեցնելու (ծիծաղում է,-հեղ.), որովհետև հասկանում եմ սևի գոյությունը դեր ունի, բայց ամեն դեպքում ուզում եմ չարը չլինի, պատերազմներ չլինեն, բոլորը երջանիկ լինեն:

 

Ինձ վրա մեծապես ազդած մարդը Կոմիտասն է, որովհետև նրան ոչ մեկի հետ չեմ կարող համեմատել. նա մեր ազգային երաժշտության կերպն է, մեր արմատն է: Կոմիտասն ինձ համար անընկալելի, անըմռնելի, անսահման, անվերջանալի երևույթ է, հիմնաքար, որի վրա կառուցվեց ամբողջ ազգային երաժշտական դպրոցը: Նա արեց իր գործը, որովհետև չէր կարող չանել, ոչ որովհետև շատ հեշտ ու հարմար էր, ոչ որովհետև չէին խանգարում, այլ օգնում. արեց՝ ուղղակի գիտակցելով անելիքի անհրաժեշտությունն ու հրատապությունը: Նա ինձ համար ազնվության, նվիրվածության և ուժի օրինակ է: Իսկ բոլոր ուժեղները միաժամանակ նուրբ հոգի ունեն, շատ շուտ փշրվող և շատ նրբազգաց են: Թույլը չի կարող իրեն թույլ տալ նրբազգաց լինել...

 

Հուսահատության պահերին նախ թաքնվում եմ աշխարհից: Հասկանում եմ՝ միևնույնն է, պետք է քայլեմ, բայց մեկուսանում եմ, որպեսզի ամեն բան նախ իմ մեջ հասկանամ: Հետո ունեմ ֆանտաստիկ ընկերներ, որոնց վրա վստահ կարող եմ հենվել անհրաժեշտության դեպքում ու գիտեմ՝ բացարձակ ապահով եմ, ինչ վիճակում էլ լինեմ: Ես էլ եմ այդպիսին, ինձ վրա էլ է հենվելը հեշտ:

 

Երկիր մոլորակը պտտում է (երկար դադար հաջորդեց հարցին,-հեղ.) դադարը. ամենուր ամենախոսուն բանը դադարն է ՝ երաժշտության մեջ, մարդկանց արանքում…

 

Կյանքը լիարժեք է, երբ առողջ ես, ունես սիրելի մարդիկ, ունես սիրելի զբաղմունք և շուրջդ խաղաղություն է:

 

Մարդը սկսում է մահանալ, երբ դադարում է փնտրել, սովորել, զարգանալ, երբ կորցնում է հիանալու և սիրելու ունակությունը:

 

Այս աշխարհում ոչինչ հենց այնպես չի վերանում, ավելի քան վստահ եմ դրանում: Այն շարժիչ ուժը, որն Աստծո շունչ ենք կոչում, հենց այնպես չի կարող կորչել: Բայց ամենակարևորն ապրելն է, միևնույնն է, մահը կա ու կա. իսկ ինչպե՞ս ապրեցիր, ի՞նչ ճանապարհ անցար, ինչպե՞ս քեզ բարձրացրիր, ինչքա՞ն բարձրացրիր…

 

Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում ստեղծագործելիս, բալիկներիս նայելիս, այս աշխարհի հանճարեղությունն ու գեղեցկությունը տեսնելիս:

 

Խաղաղ, սիրով լի, ինքնաբավ, ոչ ագահ աշխարհի մասին եմ երազում. բոլոր խնդիրներն ագահությունից ու հպարտությունից են:

 

Դրախտն իմ պատկերացմամբ նույն մեր աշխարհն է, բայց առանց սևի. նույն բնությունը, նույն մարդկային էներգետիկան, բայց միայն սիրով պարուրված:

 

«Սիրիր մերձավորիդ, ինչպես քո անձն» աստվածաշնչյան խորհուրդն առանձնահատուկ է ինձ համար: Երանի թե բոլորս նախ դա վերցնեինք՝ որպես առաջնորդվելու, ապրելու պատվիրան, և կարողանայինք հետևել դրան: Սիրելը բարդ չէ, բարդ է չվրիպելը…

 

Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝ շատ կնեղվի. կարծեմ՝ Նա փուլ փոխեց աշխարհում, բայց կարծեմ թե՝ ոչինչ չի փոխվել…

 


Պատրաստեց՝ Ա. Պողոսյանը

  • 2021-12-10
×