Սյունե Սևադայի «Կենաց Ծառը»

Սյունե Սևադայի «Կենաց Ծառը»

«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում շարունակում ենք զրուցել ամենատարբեր մարդկանց հետ՝ բացահայտելու նրանց պատկերացումներն ու ապրումները կյանքի, մարդկանց և իրենք իրենց մասին: Այս անգամ իր աշխարհից մեզ պատմել է գրող, լրագրող Սյունե Սևադան: Սյունեն ակտիվ ստեղծագործում է շատ ինքնատիպ ձեռագրով, իրեն բնորոշ հումորի ու խորաթափանցության համադրմամբ. դա է պատճառը, որ նրա մտքերն ու ստեղծագործություններն արդեն իսկ բավականին սիրված և սպասված են…

 

Երբ ես ծնվեցի, մարդիկ դա համարեցին կյանքին մատով թեթև դիպչել ու նորից հետ գնալ, որովհետև ծնվել էի թերքաշ, երկու ամիս շուտ… բայց որոշեցի, որ ապրելու եմ:
Շուտ ծնվելը դարձավ բնավորություն. սպասել չգիտեմ:

 

Տունը շինություն չէ, տունը մարդիկ են, և իմ տունը եղել է պապիկս ու այն տարածքը, որը նա ստեղծել է ինձ համար փոքրիկ մեկ-սենյականոց տան մեջ՝ գրքերով, մինիմալ ու անհրաժեշտ իրերով, շատ կոմպակտ կահավորված: Այսպես սովորել եմ ընտրել պետքականն ու չունենալ ավելորդ բաներ: Պապիկիս տանը հաճախ էին հյուրեր լինում, երբեմն՝ շատ-շատ, բայց բոլորս հանգիստ տեղավորվում էինք: Միշտ կատակով նշում էինք, թե՝ սիրուց ճկվող տուն է, և դա այդպես էր:

 

Լավագույն դասը, որ քաղել եմ ծնողներիցս , այս է. ամեն ինչ տանելի է, ցանկացած խնդիր լուծում ունի, չլուծվող հարցեր չկան:

 

Մանկական Աստվածաշունչն առաջին գրքերիցս էր: Տեքստերը չէի հասկանում, փոխարենը նկարներն էի ժամերով թերթում ու պատմում: Մինչև հիմա Աստված ինձ համար գրական կերպար է, ում շատ կենցաղային (բառի լավ իմաստով) մակարդակով եմ ընկալում և ընդունում: Նա իմն է, գիտի ինձ: Իմ պատվածքներից էլ դա երևում է: Իհարկե, շատերը չեն ընկալում իմ՝ կեդեր, ջինսեր հագնող Աստծուն: Բայց Աստված պիտի ամենամոտ ընկերդ լինի, որ հետը կռվես ու սուրճ խմես:

 

Երաժշտությունն է ինձ հոգևոր դարձրել և եղել ուսուցիչս: Երբեք չեմ ունեցել առաջնորդներ, չեմ ունեցել մարդիկ, ովքեր կտանեն ինձ: Ինձ կոփող ամենամեծ երևույթը երաժշտությունն է: Այն ինձ սովորեցրել է տակտ, աշխատել ու հավաք լինել:

 

Հրաշք է գրելը, որովհետև հասկանում եմ, որ դա ես չեմ. 22 տարվա կենսափորձը շատ քիչ է գրելու համար, բայց եթե ինձ մոտ ստացվում է, ինձ կարդում են, ուրեմն դա իմ հոգու հիշողությունն է, և հրաշք է, որ ունեմ հնարավորություն՝ փոխանցել այն այս կյանքին ու հետագայում հետս տանել:

 

Չեմ կարող առանց գրելու:

 

Զգայական լինելն այն թանկ գինն է, որ վճարում ես գրելու համար: Մարդիկ կարող են ինչ-որ բան անել ու մոռանալ. դու դա հիշելու ես երկար: Հաճախ նրանք նաև հաշվի չեն առնում, որ դու ավելի խոցելի ես, քան ուրիշ մասնագիտության տեր մարդիկ…

 

Փորձում եմ համակերպվել, որ մի օր կորցնելու եմ ծնողներիս: Գիտակցում եմ, որ ինձ համար ծանր է լինելու առանց նրանց, որովհետև միայն իրենց ունեմ: Դրա համար փորձում եմ նրանց պահել իմ տեքստերում, որպեսզի ինչ-որ կերպ իրենց տանեմ հետս:

 

Մացառուտների միջով դեպի աստղեր (Per aspera ad Astra). ապրելակերպիս հիմքում ընկած միտքը:

 

Չեմ փախչում ցավից, եթե պետք է լացել՝ լացում եմ, եթե պետք է ցավել՝ ցավում եմ:
Փորձում եմ ինձ սովորեցնել ապրել ցավի հետ, այսինքն գնալ նրա հետ խանութ, հաց ուտել, տանել նրան զբոսանքի: Դա էլ դնում եմ իմ պատմվածքներում, որովհետև ցավը բնական է, ինչպես սերը, ուրախությունը, հարբուխը, ինչպես ցանկացած երևույթ, որը կատարվում է մարդու հետ: Պիտի ապրել, որ անցնի:

 

Կյանքը լիարժեք է, երբ շարժ կա, երբ ակտիվություն կա, գնալու տեղեր կան, քննարկվելիք և մարդիկ կան, ում հետ կարող ես դա անել ու գիտես, որ ասածդ տեղ կհասնի:

 

Մարդիկ այսօր ամենաշատը կարիք ունեն հեռախոսի լիցքավորիչի, իսկ եթե ավելի լուրջ՝ դա շատ անձնական է: Չեմ սիրում, երբ ասում են՝ մարդիկ կարիք ունեն խաղաղության, սիրո: Երբեք էլ չի լինելու այնպես, որ բոլորն ունենան խաղաղություն կամ ամենուր սեր լինի: Բայց բոլոր մարդկանց պետք է մոտիվացիա, որովհետև առանց դրա ապրելը շատ դժվար է:

 

Երկիր մոլորակը պտտում է սեփական որոշումը. որոշել է, որ պիտի պտտվի ու դեռ պտտվում է:

 

Մարդը սկսում է մահանալ, երբ որոշում է մահանալ, որովհետև կյանքում ամեն ինչը որոշում է: Եվ մահանում են նրանք, ովքեր որոշել են այդպես: Իհարկե, եթե խոսքը ֆիզիկական մահվան մասին չէ:

 

Աստծուն շատ մոտ եմ զգում, երբ մենակ սուրճ եմ խմում: Սիրում եմ գրելիս սիրուն լինել. տեքստերս չպիտի ինձ տգեղ ու չխնամված տեսնեն: Դրա համար գրելուց առաջ անպայման սանրվում եմ, պատրաստվում և նույնիսկ օծանելիք եմ օգտագործում… Տոնի զգացողություն է առաջանում: Աստծո հետ էլ այդպես է. երբ իմ սրտով հագնված ու խնամված եմ, երբ ինքս ինձ դուր եմ գալիս, Աստված ներկա է, ինձ հետ է:

 

Գրելու գործում ամենաբարդը համակարգիչը միացնելն է: Տեքստերը պահանջում են ժամանակ, իսկ ես սպասել չեմ կարողանում: Դրա համար մեծագույն երազանքս կմնա վեպ գրելը, թեև որոշել եմ ինձ ուղղել ու դառնալ համբերատար. վեպն էլ կլինի դրա հողեղեն ապացույցը:

 

Հրանտ Մաթևոսյանն է այն մարդը, ում հետ հանդիպելու հնարավորություն կուզեի ունենալ, և միակ հարցը, որ կտայի, սա է. արդյո՞ք չի ամաչում ինձ համար: Ւհարկե, շատ փոքր մարդ եմ, որպեսզի Մաթևոսյանն ինչ-որ էմոցիա ունենա ինձ համար, բայց այդ պահին համարձակությունս կհավաքեի ու կհարցնեի՝ չի ամաչո՞ւմ իմ գրածների համար:

 

Կյանքիս գլխավոր ձեռքբերումն այն մարդիկ են, ովքեր համարել են, որ այնքան կամ, որ կարելի է ինձ կարդալ: Շատ գնահատում եմ դա: Ես չեմ լավը, այլ՝ իրենք, որ թույլ են տալիս ինձ գրող խաղալ:

 

Կատարելություն կա, և դա Միքելանջելոյի «Դավիթն» է:

 

«Անառակ որդու վերադարձը» առակն իմ ամենասիրելին է, որովհետև ինձ ուրախացնում է, որ այս կյանքում ամեն ինչ վերադառնում է… վերադառնում է այն, ինչ դու սիրում ես, թեկուզ շատ թաքուն, թեկուզ երբ շատ ջղայնացած ես. այն վերադառնում է, ու դու իրեն գրկում ես:

 

Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝ հավանաբար ինձ կուղարկեն լուսաբանելու նրա ասուլիսը: Եվ, հավանաբար, ես էլի մի պահ կփախչեմ ու կհարցնեմ՝ արդյո՞ք ինձ համար չի ամաչում:

 


Պատրաստեց Ա. Պողոսյանը

  • 2021-12-10
×