Qahana.am կայքն իր հեղինակային «Կենաց Ծառը» խորագիրը կրող նախագծի շրջանակներում շարունակում է ներկայացնել տարբեր անհատների խոհերը կյանքի և դրա զանազան դրսևորումների մասին՝ պարզելով նրանց հայացքներն ու վերաբերմունքը մարդու և նրա հոգևոր աշխարհի վերաբերյալ:
Այս անգամ զրուցել ենք նկարիչ, անիմացիոն ֆիլմերի հեղինակ Հայկ Սայադյանի հետ:
Հավանաբար մնացել եմ մանկությունում կամ էլ այն ժամանակ չեմ կռահել, որ կան հարցեր, որոնք պետք է տալ ու պատասխաններ որոնել, ուստի հիմա ուզում եմ վերադառնալ այնտեղ` հենց այդ հարցերը տալու և պատասխանները ստանալու համար:
Առաջին ընկերս, ուսուցիչս, առաջին առաջնորդս հայրս է եղել: Նա է ինձ սովորեցրել ուժեղ լինել, մարդ լինել ու մարդկային լինել, հարգալից լինել ցանկացածի հանդեպ: Թույլ չտալ, որ քեզ տրորեն, բայց երբեք ոչ մեկին չտրորել: Տղամարդ լինել՝ էական չէ՝ որտեղ, ընտանիքում թե ընտանիքից դուրս: Նա, լինելով կոմ.կուսակցական, ունենալով բարձր պաշտոն (գիտեք՝ խորհրդային տարիներին դա ինչ էր նշանակում) , ինձ գաղտնի մկրտել է: Եթե իմանային՝ Սայադյանի որդուն մկրտում են, պաշտոնանկ կանեին, և շատ այլ խնդիրներ… Լինելով, այսպես ասած, աթեիստ, թեև դրան չեմ հավատում, որովհետև այդ պարագայում նման դաստիարակություն չէի ստանա, նա ինձ տանում էր ծննդավայրիս դարավոր եկեղեցիներն ու վանական համալիրները: Աստծուց չէր խոսում, չէր պատմում, բայց տանում էր, թողնում էր այդտեղ՝ հեռվից հետևելով ինձ:
Երբ մայրս հղի էր ինձնով, ինձ հարցնում էին՝ ինչ ես մտածում կյանքի մասին, և ես պատասխան չունեի, որովհետև դեռ չէի ծնվել, բայց համոզված էի, որ այս կյանքից այն կողմ էլ կողմ կա` Կյանք կա, որը ծնվելուցս հետո միայն կտեսնեմ։ Նաև հիմա` մինչև չմեռնեմ՝ մահվան մասին որևէ բան ասել չեմ կարող: Նոր ֆիլմումս մի դրվագ կա, որտեղ հերոսներից մեկն ասում է. «Հետաքրքիր էակներ եք դուք, մարդի՛կ, ամբողջ կյանքում մտածում եք մահվան մասին և միայն մահվան մահճում եք սկսում մտածել կյանքի մասին, գեթ մի քիչ էլ ապրելու մասին»:
Մարդը սկսում է մահանալ, երբ չի ուզում ապրել, չուզելու պահից սկսած:
Մարդու ծնունդը, հղի կնոջը, կյանքը, դրա ընթացքն այսօր հրաշք եմ համարում:
Օրս սկսում է շատ լավ, շատ սիրուն: Աղջիկներս են ինձ արթնացնում իրենց համբույրներով։ Տանս աքաղաղիկներն իրենք են: Եվ, իհարկե, օրս սկսում է սիրելի կնոջս պատրաստած սուրճի բույրով: Նրանց հետ էլ ավարտվում է. երեխաներիս պառկեցնում եմ, միասին «Հայր մեր»-ն ենք ասում, Աստված պապիկի մասին եմ պատմում։
Հետաքրքիր է՝ մինչև հիմա Աստծուն «Աստված պապիկ» եմ կոչում, երեխաներիս էլ այդպես եմ սովորեցրել:
Կյանքիս գլխավոր ձեռքբերումը իմ շարունակությունն է՝ երեխաներս, կորուստը՝ հայրս:
Ինձնից հետո թողածս հետքը թող ձեռնափայտս լինի:
Հուսահատության պահերին սպասում եմ: Սպասում եմ: Սպասել-համբերել․ ամենադժվար ու խելացի բանը, որ սովորել եմ կյանքիս ընթացքում:
Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի, որ պետք է սպասել-համբերել:
Կյանքը լիարժեք է, երբ… չեմ ասի, որ երբ սպասում ու համբերում ես (ծիծաղում է,-հեղ.): Կյանքը լիարժեք է, երբ դու մտածում ես՝ կյանքը լիարժեք է: Որովհետև, երբ կարծում ես, որ դիմացդ կարմիր աչքերով ու կանաչ թևերով հրեշ է կանգնած, այդպես էլ լինում է, հրեշը գալիս է: Կյանքը լիարժեք է, երբ մտածում ես, որ կյանքը լիարժեք է: Շատ պակասող բաներ այդպես էլ մնում են պակասող, բայց երբ կարծում ես, որ կյանքը լիարժեք է, այդ պակասող բաները լրացնելու ուղիներն են ի հայտ գալիս, որոնց մասին դու երեկ չգիտեիր, երբ կարծում էիր՝ կյանքը թերարժեք է:
Վերջերս հաղթահարեցի շների հանդեպ վախս: Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ցայտաղբյուր կա: Այնտեղ էի, ուզում էի ջուր խմել, մի պապիկ ևս ջուր էր խմում: Մեր կողքին մի ցածրահասակ շուն կար։ Պապիկը հասկացավ՝ շունը չի կարող հասնել ջրին, սկսեց ափերով նրան ջուր տալ: Հարցրի՝ կարո՞ղ եմ ես էլ տալ, ասաց՝ տուր: Հավանաբար, եթե չընդհատեի՝ շունն ամբողջ օրը ձեռքիցս ջուր կխմեր։ Զգացողություն, որ պետք եղա նրան, նորի զգացողությունը, որ ափերիցդ ջուր են խմում, և նա մարդ չէ, այլ մի էակ, ումից դու ամբողջ կյանքում վախեցել ես: Այսպես ես «ամուսնացա» վախիս հետ:
Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում նկարելիս, ստեղծագործելիս: Քանի որ այս կայնքում սա է տվել ինձ, ինչ կտա հետո` չգիտեմ: Աստծուն մոտ եմ զգում նաև մարդկանց հետ խոսելիս, որովհետև բոլորիս մեջ է Նա: Քո ներսի Աստծո հետ հիմա իմ ներսի Աստված է խոսում:
Ներդաշնակ աշխարհի մասին եմ երազում, որ անգամ եթե հակասություններ լինեն՝ դրանք ներդաշնակ լինեն: Հիմա ամեն ինչ շատ ծայրահեղ է, հակասականությունները՝ ևս: Միշտ էլ եղել է սևը ու սպիտակը, սա ներդաշնակություն է, բայց մարդիկ մեծացրել են սևը, փոքրացրել սպիտակը՝ դրա համար են շուտ մահանում: Ներդաշնակ, հավասար աշխարհի մասին եմ երազում`սևի ու սպիտակի հավասարության աշխարհի մասին:
Մարդկությունն այսօր ամենաշատը կարիք ունի կենդանի շփման, իրար հետ շփվելու, իրար դիպչելու, հողին դիպչելու: Հողի ու բնության կարիք ունի: Ոտաբոբիկ քայլելու կարիք ունի: Չեմ սիրում ոտնամաններ: Այն օրվանից, երբ ստեղծվեց կոշիկը, մարդը կտրվեց բնությունից:
Ո՞վ ասաց, որ մոլորակը պտտվում է: Աստված վերևում պտտում է աստղերը, իսկ մեզ թվում է՝ մոլորակն է պտտվում (ժպտում է,-հեղ.):
Աստծո մասին բոլորս կարող ենք պատմել, բայց յուրաքանչյուրս մեր սեփական լեզվով: Եթե ինձ հարցնեն Աստծո մասին՝ ես կնկարեմ, երգչին հարցնեն՝ կերգի, ծառին ՝ կծաղկի, աղբյուրին՝ կշառաչի:
Մի նկարիր, որ ցույց տաս՝ նկարում ես: Երբեք մի արա ցուցադրական բաներ, մի արա ցույց տալու համար: Այսինքն անկեղծություն է պետք։ Եթե դու ընդամենը մի կետ ես հանձնել թղթին, բայց անկեղծորեն, դա կհասկացվի, անկեղծ խոսքը կհասնի և՛ քննադատին, և՛ տաքսու վարորդին: Իմ կյանքում ժամանակահատված է եղել՝ չեմ նկարել, չեմ ցուցադրվել: Երբ զգում ես՝ ասելիք չունես, լցվելուդ ժամանակահատվածն է, քաշվիր մի կողմ՝ լցվիր:
Մոլորված գառան խորհուրդն առանձնակի նշանակությունի ունի ինձ համար: Ասված է՝ հովիվը ամբողջ հոտը կարող է թողնել մեկ մոլորված գառանը փնտրելու ու գտնելու համար: Սա թերևս հուսադրող է մեզ՝ մահկանացուներիս համար: Գիտենք, որ ինչ էլ անենք՝ թողնելու է արդարներին ու գա մեղավորներիս հետևից: Ամբողջականությունը չի ուզում, որ իրենից մասնիկ կորչի: Էգոիստ ենք, չէ՞:
Քրիստոս ամեն օր է գալիս աշխարհ: Նա այստեղ է,երբեք էլ չի գնացել։
Պատրաստեց՝ Ա. Պողոսյանը