Ձեռագործի լավագույն վարպետները կդասավանդեն եկեղեցում

Ձեռագործի լավագույն վարպետները կդասավանդեն եկեղեցում

Արարատյան Հայրապետական թեմը «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ սկսում է գորգագործության, մետաքսի նկարազարդման և ասեղնագործության դասընթացներ: Դրանք տեղի են ունենալու թեմին կից գործող «Կանա» ուսումնական կենտրոնում: Այս առիթով զրուցել ենք «Տերյան» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ՝ պարզելու, թե ինչպես առաջացավ համագործակցության գաղափարը, ովքեր և ինչ սկզբունքով են անցկացնելու դասերը, ում համար են դրանք նախատեսված և ինչ է ակնկալվում որպես համագործակցության վերջնարդյունք:

 


Զրույցը սկսենք «Տերյան» մշակութային կենտրոնի վերաբերյալ հարցով. ինչպե՞ս ստացվեց, որ բանաստեղծ Վահան Տերյանի գրական ժառանգությունն ուսումնասիրելու համար ստեղված կառույցը վերածվեց մեր օրերի լավագույն կրթական կենտրոնի: Ինքներդ ե՞րբ սկսեցիք դասավանդել:

Դասեր սկսեցի տալ այն ժամանակ, երբ հասկացա, որ տեքստիլ նկարազարդելու ու տեքստիլի էսքիզ ստեղծելու հարցում վարպետ եմ և իրավունք ունեմ դասավանդել, ունեցածս գիտելիքներով կիսվել, ոլորտը զարգացնել: Այսպես «Տերյան» մշակութային կենտրոնում կայացան մետաքսի նկարազարդման առաջին դասընթացները, որոնց ահռելի քանակությամբ մարդիկ էին մասնակցում: Եվ դա հանգեցրեց նրան, որ մեզ մոտ հավաքվեցին երկրի լավագույն վարպետները՝ մանրանկարիչներ, խճանկարիչներ, ասեղնագործողներ և այլք: Նրանք եկան մեզ մոտ՝ իմանալով, թե ինչ է կատարվում այստեղ, ինչ ենք փորձում և հաջողում անել: Լավ է, երբ ամեն մարդ զբաղվում է իր գործով: Մեզ մոտ մի սկզբունք կա. երբեք թափուր աշխատատեղ չունենք, մասնագետը գալիս է մեզ մոտ, և ըստ նրա շնորհի ու պատրաստվածության աշխատատեղ ենք հիմնում՝ զարգացնելով նաև այդ ուղղությունը:

 

Իսկ ինչպե՞ս առաջացավ Եկեղեցու հետ համագործակցելու գաղափարը:

Կարծում եմ՝ այս համագործակցության նախասկիզբը շատ ավելի վաղ է տրվել՝ Հռոմի պապի՝ Հայաստան այցելության ժամանակ: Վերջինիս ցանկանում էին այնպիսի բան նվիրել, որը կփայլեր իր որակով և նաև խիստ հայկական կլիներ: Այսպիսով, Կաթոլիկ Եկեղեցու ներկայացուցիչ Ռաֆայել Սրբազանը դիմեց մեզ, որպեսզի մենք ասեղնագործ հագուստ պատրաստենք Հռոմի պապի համար: Թերահավատություն, իհարկե, կար. արդյո՞ք Հայաստանում կգտնվի նման կտոր և ձեռագործության այնպիսի վարպետներ, ովքեր կկարողանանան նման հագուստ ստանալ: Կտորը բերեցին հենց Վատիկանից, և մեր վարպետները 10 օրում ստեղծեցին այն հագուստը, որով պապն մատուցեց իր առաջին պատարագն այստեղ: Սա մեծ հնարավորություն էր ցույց տալ, որ Հայաստանում էլ կան արժանի վարպետներ: Դրանից հետո մեր կենտրոնը կարծես օրհնվեց. իմ հաջորդ ուսումնասիրությունն ու աշխատանքը ևս եկեղեցական ոլորտի հետ էր կապված: Սկսեցինք եկեղեցական հագուստներն ուսումնասիրել, և այսպես ամեն ինչ սկսվեց: Ոլորոտն ուսումնասիրելուց հետո հասանք եկեղեցական հուշանվերներին ու գորգերին:

Մեր վարպետներն են հեղինակել արցախյան եկեղեցիների գորգերը, ինքս այժմ աշխատում եմ Գանձասարի վարագույրի վրա: Իսկ «Կանա» կենտրոնում լինելուց, տարածքն ուսումնասիրելուց հետո հասկացա, որ կարող ենք հաջող ծրագիր անել. փոխադարձ դրական վերաբերմունքի հիմքի վրա էլ նախնական ծրագրեր մշակեցինք:
Երկար տարիներ աշխատելով ու վարպետանալով այս գործում՝ մենք հասցրել ենք ճանաչել ոլորտը, իմանալ՝ ինչ պետք է սովորեցնել մարդուն, ինչպես նրա մոտ ստեղծագործական մտածողություն զարգացնել, որպեսզի նա կարողանա իր ձեռքի աշխատանքով հաց վաստակել:

 

Ձեր խոսքում նշեցիք, որ նախնական ծրագրեր արդեն իսկ կան: Տեղյակ եմ, որ դասավանդվելու է գորգագործություն, մետաքսի նկարազարդում և ասեղնագործություն: Կմանրամասնե՞ք, թե ինչ ձևաչափով են անցկացվելու դասընթացները, ինչ տևողությամբ, ինչն եք շեշտադրելու:

Այս դասընթացների հիմքում ուզում ենք դնել սեփական նախագիծը ստեղծելու ունակությունը, առաջին մի քանի դասը հենց այդ ունակությունն ու ստեղծագործական մտածողությունը զարգացնելուն են միտված լինելու:
Ասեղնագործության, գորգագործության, բատիկայի ամսական դասընթացներ կլինեն, որոնք ճյուղավորումներ կունենան: Մենք կսովորեցնենք՝ ինչպես ստեղծել սեփական գորգ, անել դրա էսքիզը… Ինչքա՞ն կարելի է վերցնել ուրիշի գորգն ու դա նորից գործել, նույն նախշերով ստեղծել պայուսակ, կոշիկ և այլն: Մեր ուսանողները կսովորեն նոր նախագծեր ստեղծել:
«Կանա» կենտրոնում հրաշալի համակարգչային լսարան կա, նախատեսում ենք դա նույնպես օգագործել, որպեսզի ստանանք հայկական գորգերի գրաֆիկական պատկերները: Սա մեծ խմբի աշխատանք է, ուրախ կլինեմ սովորեցնել նաև այն համակարգչային ծրագրերը, որով աշխատում ենք, որպեսզի գործը գլուխ գա, սա կարևոր, ազգային և ստրատեգիական թեմա է: Դասընթացներն այնպիսի օրերի և ժամերի կկազմակերպենք, որպեսզի համընկնումներ չլինեն, և եթե մի մարդ ցանկություն ունենա երեքին էլ հաճախել՝ կարողանա:
Կարծում եմ, որ ստեղծագործող մարդը չպիտի մի նյութով աշխատի, նյութը միշտ կարող է փոխվել, մանադանդ, երբ դեկորատիվ-կիրառական արվեստով ես զբաղվում: Ուստի մենք խրախուսում ենք նաև միաժամանակ երեք դասընթացներին մասնակցելը:

 

Կա՞ թիրախային խումբ, ում համար նախատեսված են այս դասընթացները: Ընդհանրապես ի՞նչ որակներ պիտի ունենա մարդը, որպեսզի կարողանա հաջողությամբ մասնակցել դասերին: Այս ոլորտներից բոլորովին գիտելիքներ չունենալը կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ:

Փորձը ցույց է տալիս, որ մասնագիտական կրթությունը կարևոր չէ. մեզ մոտ լավագույն վարպետները բնագիտական կրությամբ են, ընդամենը ուղեղ է պետք ունենալ, շատ էներգիա, քթածակ և ապրելու ցանկություն: Դասերը շատ հագեցած են լինելու. ուսանողը պիտի գա, չորս ժամ շնչակտուր լսի ու նայի իր վարպետին: Վերջինս էլ նախ պիտի սովորեցնի մտածել. դրա մեջ մտնում է փիլիսոփայություն, արվեստ, հոգեբանություն, ճանաչելիություն, Աստված… Թիրախային խումբ որպես այդպիսին չենք առանձնացնում, լավ կլինի՝ 15 տարեկանից բարձր լինեն, որպեսզի բավարար համբերություն ունենան՝ սովորելու: Երեխաների համար առանձին դասընթացներ ենք նախատեսում:

 

Վերաբերվել այս ամենին որպես լուրջ մասնագիտությու՞ն, թե՞ կարելի է թողնել սիրողական մակարդակի: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ:

Վերաբերվել սրան որպես հոբբի, թե առանձին մասնագիտություն՝ որոշում է ինքը՝ ուսանողը, այնուամենայնիվ, ակնկալում ենք ստանալ գոնե պրոֆեսիոնալ հուշանվեր պատրաստողներ: Ինքս չէի ուզի, որպեսզի սա մնա հոբբիի մակարդակի, որովհետև նախատեսում ենք դասընթացներն անցած մարդկանց միջից հետագայում ընտրել ուսուցիչներ՝ նոր դասընթացներ անցկացնելու համար: Կարծում եմ՝ հրաշալի կլինի, եթե ի վերջո ամեն եկեղեցուն կից լինի նման ստեղծագործական վայր, ուր շատ մարդիկ կկրթվեն՝ ստանալով նաև քրիստոնեական դաստիարակություն, ինչը շատ է պակասում մեզ: Այս դասերի ժամանակ կարելի է խոսել նաև իրական քրիստոնեությունից, որովհետև մեր երիտասարդների մեծ մասը չի գտնում իր ուղին, իր ճանապարհը՝ բավարար հոգևոր գիտելիքներ չունենալու պատճառով:



Եվ վերջում, որպես ձեռագործ արվեստի հետ աշխատելու բազմամյա փորձ ունեցող մարդ, ի՞նչ եք կարծում, այսօր ի՞նչ արդիականություն ունի ձեռագործ արվեստը Հայաստանում և դրա սահմաններից դուրս: Արժե՞ արդյոք ժամանակ և այլ ռեսուրսներ տրամադրել՝ յուրացնելու այս արվեստի նրբությունները :

Հարցին հարցով պատասխանեմ. եթե ձեռագործությունն իր տեղը չունենար, ինչո՞ւ այսօր լավագույն հյուրերին կնախընտրեին ձեռքի աշխատանք նվիրել: Իհարկե, ձեռագործն արվեստն այսօր հարգված է և՛ Հայաստանում, և՛ դրա սահմաններից դուրս: Աշխարհն այսօր թվայնացման ու ռոբոտացման պրոցեսում է, իսկ ձեռագործությունը մշապես հակադրվելու է դրան՝ օգնելով մեզ չզոմբիանալ ու գերի չլինել ժամանակակից տեխնոլոգիաներին: Ձեռագործությամբ զբաղվելիս աշխատում են մարդու ուղեղի լավագույն հատվածները, ինչն առողջ սնունդի պես է մարդու համար: Ւ վերջո, ինքս ամեն օր հայտնաբերում եմ, որ մենք՝ հայերս, ունենք այնպիսի բաներ, որոնք չպետք է թուլ տալ կորչել: Դրանք պիտի հայտնաբերել ու մշակել, այդ ամենով զբաղվողներ պիտի լինեն: Ամեն օր տեսնում եմ, որ գործը կա, բայց մասնագետ չկա, վարպետ չկա, ում կարելի է վստահել այդ աշխատանքը: Սա պիտի շտկվի: Մեկ տարի առաջ կարծում էի, որ Հայաստանը միայն տուրիզմի ոլորտով կարող է զարգացում ապրել, հիմա տեսնում եմ, որ տուրիզմի զարգացմանը զուգահեռ որոշակի բաներ պիտի արտադրվեն հենց մեր երկրում: Պիտի հիմնվեն փոքր արտադրություններ, ինչն էլ կառաջացնի մեծ արտադրություններ ստեղծելու անհրաժեշտություն: Եվ հույս կա, որ մի օր կդառնանք լավ ապրող երկիր: Ինքս խիստ լավատես չեմ, պարզապես իրականությունից եմ խոսում. մեր երկիրը հաստատ չի քանդվում, ու եթե ուշադիր լինեք՝ կտեսնեք, որ փոքր քայլերով առաջ ենք գնում: Քանի դեռ կան մարդիկ, ովքեր սովորելու ու սովորեցնելու ցանկություն ունեն՝ լավ է լինելու:



Պատրաստեց Ա. Պողոսյանը

  • 2021-12-10
×