«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցազրույցը արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանի հետ:
Ինչի՞ց է սկսվում հավատքն ըստ գրող, խմբագիր, սցենարիստ, դասախոս Կարինե Խոդիկյանի:
Իմ կյանքի ամենակարևոր շրջանները՝ մանկությունն ու պատանեկությունն, անցել են խորհրդային ժամանակաշրջանում, երբ աթեիզմն էր տիրապետում: Իմ տատերը շատ կարևոր բան էին անում, նրանք ինձ տանում էին եկեղեցի և սովորեցնում Տերունական աղոթքը: Այն, ինչ տեղ-տեղ, նույնիսկ փախցնելու աստիճան թաքուն տալիս էին ինձ իմ տատերը, հետագայի հիմքն էր: Ես յոթերորդ դասարան էի, երբ ծնողներս որոշեցին մեզ կնքել և բերեցին Էջմիածին, որպեսզի Ախալքալաքում չիմանան: Եվ հենց այդ օրը, պատարագի ժամին, մի պահ ես կորցրեցի մերոնց, ու երբ վախեցած շուրջս էի նայում, ինչ-որ մեկը ձեռքը դրեց գլխիս: Գլուխս բարձրացրեցի և տեսա Վազգեն Կաթողիկոսին:Եվ ես գիտեմ, որ մինչև կյանքիս վերջը, եթե հայացք եմ հիշելու, դա Վազգեն Կաթողիկոսի հայացքն է լինելու:
Եվ հենց այդտե՞ղ հիմնավորվեց Ձեր հավատը:
Ոչ, ես այս դեպքը հետո նոր կարևորեցի, չնայած որ այդ պահին մայրիկիս մոտեցող մի կին ասաց, որ նա բախտավոր բալիկ ունի: Շատերը երեխաներին գրկում, մոտեցնում էին, իսկ իմ դեպքում դա կրկնակի նշան էր: Ես ինձ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ համարում հենց այդ հայացքի շնորհիվ: Իսկ գիտակցական հիմքն ավելի ուշ է դրվել: Ավետարան կարդացել եմ 28 տարեկանում: Սկզբում դարձա աստվածուրաց, քանի որ իմ միտքն անընդհատ պատասխաններ և անհարթություններ էր փնտրում, և ես արդեն սկսում էի վախենալ:Այդ խնդրով կիսվեցի երջանկահիշատակ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի հետ: Նա հավատացրեց, որ մի օր առանց մտքի ու փնտրտուքի մի բան կգա և կիջնի ինձ վրա, և դա ինձ հանգստություն և հավատ կբերի: Երբ դա պատահեց, ես հասկացա, որ իմ իմացաբանական շերտը պետք է մի կողմ դնեմ, և ուղղակի հավատամ: Այդ օրվանից ես հաշտ եմ ապրում իմ Աստծո հետ, չնայած երբեմն ընդվզում եմ (ժպտում է):
Մի քանի սերունդների հետ եք գործ ունեցել, Ախալքալաքի դպրոցում եղել եք հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, հետո ՀՀ Մշակույթի և լուսավորության փոխնախարար, այժմ՝ դասախոս: Ինպե՞ս են փոխվել մոտեցումները հավատքի առումով յուրաքանչյուր աշխատանքի դեպքում, շեշտն ինչի՞ վրա եք դրել:
Իմ աշխատանքի ընթացքում խնդիր՝ որպես այդպիսին, չեմ դրել, ուղղակի փորձում եմ իմ սաներին ավելի բարի, հասկացող և հանդուրժող դարձնել: Եվ սա էլ հենց քրիստոնեական քարոզ է, չէ՞ որ քրիստոնեության հիմքը հենց հանդուրժողականությունն է: Եթե կարողանամ իմ ուսանողներին մի փոքր ավելի հաղորդակից դարձնել բարությանը և հանդուրժողականությանը, դա կնշանակի, որ արդեն նրանց տվել եմ այդ դասը: Բայց չմոռանանք, որ կան հատուկ մասնագետներ, ովքեր պետք է զբաղվեն այդ գործով: Ես ուղղակի ծանոթացնում եմ այն սկզբունքներին, որոնք չեն հակասում քրիստոնեությանը :
Ինչպե՞ս մատուցել հավատի թեման, որպեսզի հետաքրքիր և մոտիվացնող լինի:
Տարբեր տարիքային խմբերում տարբեր մոտեցումներ են պետք, օրինակ՝ թոռնիկներիս հետ լրիվ այլ կերպ եմ խոսում, օգտագործում եմ մանուկների Աստվածաշունչը, բացատրում եմ այլ տոնայնությամբ և այլ բառապաշարով: Ուսանողների դեպքում դա լրիվ այլ, շատ լուրջ խոսակցություն է, այդ ժամանակ պետք է կենտրոնացնեմ և՛ կյանքի փորձը և՛ Ավետարանի իմացությունը:
Ինչո՞ւ է հավատը պակասում մեր կյանքում:
Այստեղ պետք է նշեմ մեր հոգևոր հայրերի վարքի և հասարակության կյանքին մասնակցության կարևորությունը: Օրինակ, մենք ունենք մեր ընտանեկան քահանան, նա ինքնին օրինակ է՝ իր մաքուր վարքով, առանց քարոզի և առանց բառերի: Եվ եթե շատերը վստահեն նման այրերի, հավատալը հեշտ և անխուսափելի կլինի:
Նելլի Թառփոշյան