Կյանք մահից հետո

Կյանք մահից հետո

Ի՞նչ է կատարվում մահից հետո
 

Ծնունդ և մահ, սրանք այն երկու օրերն են, որոնք հատուկ կարևորվում են յուրաքանչյուր մարդու կյանքում։ Ի՞նչ է սպասվում յուրաքանչյուրիս մահվանից հետո և ի՞նչ գիտենք մենք կյանքի ու մավան մասին։

Մահից հետո կյանքի մասին մարդկությանը տրված գլխավոր տեղեկությունը Քրիստոսի հարությունն է, քանի որ Քրիստոս մեռավ իրական մահով և հարություն առավ, ու հիմա նրա գերեզմանը դատարկ է: Հարություն առած Քրիստոս սովորեցրեց, որ մահը ոչնչացում չէ, այլ դեռ շատ դեպքեր կան, որ կհաջորդեն մահվանը, որովհետև մեռելների հարությունը, ահեղ դատաստանը և հավիտենական կյանքի իրականությունը դեռ ապագայի իրողություններ են։

Մարդու մահը նրա հոգու բաժանումն է մարմնից, մարմինը հող էր և հող է դառնում։ Հոգին ժամանակավոր հոգեղեն կայանում սպասում է մեռելների հարության օրվան։ Ուրեմն, սովորական մարդկանց հոգիները նման են կալանավորված, բայց դեռ չդատված մարդկանց, ովքեր դեռ չգիտեն դատի ելքը։ Այս պարագայում ավելի կարևոր է դառնում դատավորին հնարավորինս բարի ելք խնդրելը, քանի որ ահեղ դատաստանին հաշվի կառնվի ամեն ինչ՝ մարդու գործերը, խոսքերը, մտքերը և խորհուրդները:

 

Որտե՞ղ են հայտնվում հոգիները մահից հետո:

 

Ամեն մարդու համար կա չորս գոյավիճակ. մինչև մեր ծնունդը, երբ մենք դեռ չկանք, ծնունդից մինչև մահվան օրն՝ այս երկրավոր կյանքը, մահից մինչև մեռելների հարություն, որն անդրշիրիմյան գոյավիճակն է, որտեղ մարդը մեռած է մարմնով ու կենդանի է հոգով, որը նույնպես ժամանակավոր վիճակ է, և մեռելների հարությունից մինչև հավիտենական կյանք, որտեղ վերջնական, արդար հատուցումը կլինի ըստ բարի և չար գործերի:

 

Արդյո՞ք բոլոր հոգիները նույն տեղում են սպասում:

 

Բոլոր հոգիները նույն տեղում չեն սպասում։ Ղազարոսի և մեծահարուստի պատմության մեջ տեսնում ենք, որ Ղազարոսը Աբրահամի մոտ գնաց, իսկ մեծահարուստը՝ մի տեղ, որտեղ տանջվում էր՝ ծարավից պապակելով։ Այսինքն, հայտնի է, որ երկուսն էլ մահացած էին, երկուսն էլ հոգի էին, բայց տարբեր տեղերում էին գտնվում։ Մարդկանց մահվան պարագայում հոգիները կայանում են ինչ-որ տեղ, սպասում են, բայց թե ո՞ր կայանում են սպասում՝ կախված է նրանց արժանիքներից։

 

Մարդ կարո՞ղ է նորից ծնվել:

 

Մարդը վերստին ծնվում է մկրտությամբ, իսկ նորից ծնվել «ռեինկարնացիա» իմաստով՝ բուդիստական մտածողություն է և ընդունելի չէ։ Մարդը մի անգամ ծնվում է, մի անգամ մեռնում, մի անգամ հարություն առնում և մի անգամ ժառանգում հավիտենական կյանքը։

 

Այն աշխարհից հոգիները կարո՞ղ են որևէ բան հաղորդել ապրող մարդկանց:

 

Հոգեղեն աշխարհում քմահաճ շարժի կամ հաղորդակցության վիճակ չկա։ Ինչպես մենք երկրային կյանքում ունենք ինչ որ բան կարողանալու, անելու եզրագիծ ու սահմանափակումներ, այնպես էլ երկնային կյանքում է։ Հոգիներն այն աշխարհում ուղեկցվում են հրեշտակների կողմից և տարբեր կայաններում սպասում են իրենց դատաստանին։ Բացառություն է սրբերի պարագան, սակայն քմահաճություններ չկան այդ աշխարհում։ Բայց «այն աշխարհից» ապրողներին ինչ-որ բան փոխանցելը մահացած մարդկանց հոգիների պարտականությունը չէ։

 

Ինչո՞ւ են մարդկանց երազներում հայտնվում մահացածների հոգիները:

 

Դժվար է տարբերակել, թե երազում հայտնվածն այդ մարդու հիշողության արտացոլումն է, թե մահացածի հոգին։ Օրինակ, երազում ոչ միայն մահացածի հոգին ենք տեսնում, այլ նաև ողջ մարդուն։ Հիմա ի՞նչ, ողջ մարդն է հայտնվել երազում։ Այսինքն, հիշողությունը լեցուն է հարազատների կյանքի դրվագներով, ուստի երբ մարդ մահանում է, այդ մարդու մասին հիշողությունները մնում են և արտացոլվում են մեր երազներում, և շատ սխալ է վատ նշան տեսնել մահացածին երազում տեսնելու մեջ։

 

Հարցերին պատասխանեց Տեր Ղազար քահանա Պետրոսյանը

  • 2021-12-10
×