«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցազրույցը Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի հետ:
Տեր Տաճատ, ինչպե՞ս կբնութագրեք մերօրյա հայ երիտասարդներին՝ համեմատելով, օրինակ ամերիկաբնակների հետ:
Իրականում ինձ համար Ամերիկայում և Հայաստանում ապրող հայ երիտասարդների միջև մեծ տարբերություն չկա, բացի այն, որ այնտեղ երիտասարդներն ավելի վաղ են հասունանում: Ես առաջին անգամ եկա Հայաստան 1971թվականին, և երիտասարդները լրիվ կաշկանդված էին, բայց նույնն էր նաև ԱՄՆ-ում: Ժամանակի ընթացքում, անկախ տարածքից, երիտասարդներն ազատություն ստացան:
Իսկ ի՞նչ ակնհայտ թերություն եք նկատել, որ կուզեիք այդպես չլիներ:
Թերի է խոսքը, ինչը շատ կարևոր է: Մարդիկ խոսքով են միմյանց հետ հարաբերություններ կառուցում և այդ հարաբերությունների արդյունքում ընկերություն է ստեղծվում: Իսկ մեր այսօրվա երիտասարդության, նրանց ընկերության մեջ ավելի շուտ տեխնոլոգիան է առաջին տեղում, քան խոսքը: Մարդիկ ավելի շատ տարված են և առաջնորդվում են տեխնիկական սարքերով, մեքենաներով, նվազ խոսակցություն են վարում դիմացինի հետ: Գնում ես ու տեսնում, որ աղջիկ ու տղա գնացել են հանդիպման՝ թերևս ժամադրության, և իրար հետ չեն խոսում, այլ իրենց հեռախոսներով են զբաղվում. սա ինձ համար անառողջ վիճակ է, շրջան, որ պետք է անցնենք: Ես հիշում եմ, որ իմ երիտասարդ տարիներին հեռուստացույց էլ չկար, ռադիոն էր և գիրքը: Ռադիոյով միայն ձայն էինք լսում՝ պատկերները երևակայելով: Գիրքը խոսք է, և պետք է մեր երևակայությունն օգտագործենք, որպեսզի կենսագործենք այն, ինչ նրանում կա:
Երևակայության պակաս նկատում ե՞ք:
Հոգևոր կյանքը կապված է երևակայության հետ, իսկ եթե երևակայություն չկա, ապա մարդը չի կարող մտածել, նշանակում է, որ նա հոգևոր կյանք էլ չունի: Սա իրականություն է, որը տեսնում ենք եվրոպական շատ երկրներում, կամ ԱՄՆ-ում, որտեղ կրոնը լուրջ նահանջ է ապրում, այլ ոչ թե անաստվածների հարձակման ենթարկվում, մինչդեռ ավելի լավ կլիներ, որ մարդիկ անաստված լինեին, քան այնպիսին, ինչպիսին այժմ են: Գոնե անաստվածը կարևորություն է տալիս Աստծուն, թեև հակառակվում է, իսկ հիմա մարդիկ անտարբեր են. անտարբերությունն ամենամեծ վտանգն է: Մարդիկ ուզում են կախարդական մի կոճակ ունենալ և դրանով ամեն հարց լուծել:
Իսկ ո՞րն է երիտասարդների ուժեղ կողմը:
Եռանդը մեր երիտասարդների ուժեղ կողմն է, երբ նրանք հոգով, մտքով լավատես են լինում: Խենթ են, և հենց այդ խենթությունն իրենց եռանդն է: Տարիքի հետ եռանդը պակասում է, ու մարդը դառում է իրապաշտ: Երիտասարդները իդեալիստ են ու ավելի լավ է իդեալիստ լինել, այդ իդեալներին հետևելով, թեև սխալներով, բայց գործ անել, առաջ գնալ:
Ի՞նչ կհորդորեք մերօրյա երիտասարդությանը:
Այսօր կյանքն այնպիսին է, որ երիտասարդները քարանձավում չեն ապրում և չեն կարող տեխնոլոգիաներից հեռու մնալ, իսկ տեխնիկական սարքերը դյուրացնում են մեր կյանքը: Ես շատ կուզենամ, որ երիտասարդները լայնամիտ լինեն, չմերժեն այն, ինչն անցյալից է եկել, չհամարեն ժամանակավրեպ երևույթ: Օրինակ՝ հավատքը շատ կարևոր է. հավատքը վստահություն է: Մարդը պետք է հավատք ունենա մի բանի հանդեպ, հանուն որի պատրաստ է ամեն ինչի, անգամ՝ զոհվելու. ոմանց համար դա ուժն է, մյուսների համար՝ գումարը, շատերի համար՝ Տեր Աստված: Բացարձակ իրողությունը սերն է. աստվածային սիրուց, հարգանքից և քրիստոնեությունից գալիս է եղբայրական, ընտանեկան սիրո գաղափարը, որը տրված է մարդկությանը. չպետք է կորցնենք այն, թույլ չտանք, որ ոչ-բարոյականն առաջնորդի ընտանիքի քայքայման, ինչի արդյունքում մարդը կկորցնի իր անհատականությունը:
Զրուցեց Նարե Ոսկանյանը