«Ծրագրերի առանցքային, կարևոր մաս են կազմում Հայոց բանակն ու հայ զինվորը»:

«Ծրագրերի առանցքային, կարևոր մաս են կազմում Հայոց բանակն ու հայ զինվորը»:

Արարատյան Հայրապետական թեմում հոգևոր-քարոզչական կյանքին զուգահեռ իրականացվում են նաև սոցիալ-բարեգործական ծրագրեր, որոնցից շատերի մասին հանրության լայն շրջանակները տեղյակ չեն: Թեմի ծրագրերի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար զրուցեցինք Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանի հետ:
 

-Արցախյան վերջին օրերի լարվածությունից դուրս գալու և սահմանապահներին զորացնելու գործում Հայ եկեղեցին անմասն չի։ Արարատյան Հայրապետական թեմն ի՞նչ ծրագրեր է իրականացրել։


-Թեմն իրականացնում է բազմաթիվ և բազմաբնույթ բարեգործական ծրագրեր։ Սակայն, այս ծրագրերում առանցքային, կարևոր մաս են կազմում Հայոց բանակին ու հայ զինվորին ուղղվածները։ Նրանք մշտապես եղել են մեր բարեգործական ծրագրերի ուշադրության կենտրոնում։
Թեմը, բնականաբար, չէր կարող չարձագանքել Ղարաբաղա-ադրբեջանական իրադարձություններին և ռազմական լարված իրավիճակին։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և մեր թեմի եկեղեցիների հոգևորականների նախաձեռնությամբ շատ արագ ժամկետում կազմակերպվեց Արցախի պաշտպանության բանակին աջակցություն ցուցաբերող բարեգործական ծրագիր։ Հաշված օրերի ընթացքում այս ծրագրի շուրջ համախմբվեցին համայնքներն ու անհատ բարերարները։ Հավաքագրվեց թե՛ նյութական օգնություն, թե՛ դրամական միջոցներ՝ սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ, հիգիենայի պարագաներ ու շատ այլ իրեր՝ մեր զինվորներին ու կամավորներին առաջագծում աջակցելու համար։


-Ինչպե՞ս սկսվեց սահմանապահ զինվորի կողքին կանգնելու նախաձեռնությունը։


-Արցախի պաշտպանական բանակի ու սահմանապահ բնակիչներին աջակցելու համար սկսված նախաձեռնությունը եկավ եկեղեցիներից։ Ամեն ինչ սկսվեց ինքնաբուխ կերպով։ Նավասարդ Սրբազանն անդրադառնալով այդ ամենին կոչով հանդես եկավ, որպեսզի համախմբվենք Արցախի բանակին, ժողովրդին ու սահմանապահ զինվորներին աջակցելու գաղափարի շուրջ։ Սրբազան հոր հանձնարարությամբ բոլոր նախաձեռնությունները համակարգվեցին՝ նպատակ ունենալով այս օգնությունը դարձնել առավել թիրախային:
Առաջին խումբը մեկնեց ապրիլի 8-ին: Արդեն վեց խումբ է մեկնել, մեծ քանակությամբ սնունդ ու հագուստ են տարել հենց առաջնագիծ:
Օգնություն է ցուցաբերվում նաև վայրագությունների պատճառով ստիպված փախուստի դիմած ընտանիքներին։ Օրինակ` Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցին, Էրեբունու համայնքը այցելություններ են կատարում փախստականների ընտանիքներին՝ հագուստ, սնունդ, դրամական միջոցներ տանելով ու բարոյապես աջակցելով նրանց։ Էրեբունու համայնքը նաև այդ երեխաներին ընդգրկել է իր կրթական ծրագրերում:


- Այս նախաձեռնության շրջանակում ինչպիսի՞ հոգևոր աջակցություն են ցուցաբերում հոգևորականները սահմանի զինվորներին։


-Արցախյան ծրագրի հետ կապված ցանկանում եմ կարևորել այն հանգամանքը, որ թեմի հոգևոր հովիվների կողմից զինվորներին ցուցաբերվում է ոչ միայն նյութական օգնություն այլ նաև` հոգևոր և բարոյական, այս կերպ զորակցելով նաև մեր Եկեղեցու` Զինված ուժերի հոգևոր հովվության սպասավորներին: Նրանք անձնապես այցելում են սահման, հանդիպում զիվորների հետ անգամ ամենավտանգավոր կետերում։ Զորամասերում ու հենակետերում քահանա հայրերի գլխավորությամբ բազմիցս միասնական աղոթք է հնչեցվել Հայոց բանակի զորացման, զոհված զինվորների հոգիների հանգստության և վիրավոր զինվորների ապաքինման համար։ Զինվորներին բաժանել են նաև օրհնված խաչեր։


-Թեմն արդեն երկու տարի է իրականացնում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը։ Ի՞նչ տեսակ օգնություն է ցուցաբերվել այս ծրագրի ընթացքում։


-Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ 2014թ.-ից Արարատյան Հայրապետական թեմը երկու տարի անընդմեջ իրագործում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրը, որի ընթացքում 662 զինվորի ընտանիքի արդեն բաշխվել է 100 մլն դրամ օգնություն։ Ծրագիրն ուղղված է ՀՀ զինված ուժերի հետ կապված սոցիալական խմբերին։ Աջակցություն է ցուցաբերվել զոհված զինվորների, առաջին, երկրորդ, երրորդ խմբերի զինհաշմանդամներ, միաժամանակ երկու և ավելի զինծառայող ունեցող ընտանիքների։ Երբ 2014թ. մեկնարկում էր ծրագիրը, շատերն էին այն աննախդեպ կոչում, քանի որ զինծառայողներին ուղղված`այսպես համակարգված ու ամբողջական աջակցություն չէր եղել: Նավասարդ Սրբազանի խոսքով` այն պիտի լինի շարունակական:


-Կա՞ն տոներ, որոնք նաև բարեգործական նախաձեռնություններով եք փորձում արժևորել նաև կարիքի մեջ գտնվող մարդկանց համար։


-Թեմի բարեգործական ծրագրերը բազմաբնույթ են։ Բարեգործական, մարդասիրական ծրագրեր ենք իրականացնում ինչպես տարբեր տոների, այնպես էլ հատուկ օրերի հետ կապված։ Օրինակ` Երեխաների պաշտպանության, Տարեցների, Հաշմանդամների միջազգային օրերի հետ կապված և այլն։
Ս.Հարության տոնը ևս մեր բարեգործական ծրագրերի կենտրոնում է։ Այս տարի թեմին օգնության խնդրանքով դիմումներ ներկայացրած 35 անապահով, բազմազավակ, ազատամարտիկների ընտանիքների համար տոնի առթիվ կազմակերպվել են միջոցառումներ, տրամադրվել է սնունդ, գրենական պիտույքներ, հագուստ, ֆինանսական օգնություն։ Կատարվել են այցելություններ մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ ու մանկապարտեզներ, ծերանոցներ։ Ունեցել ենք զատկական 20-ից ավելի տնայցեր։ Առավել կարիքավորների համար կազմակերպել ենք նաև լրչացուցիչ աջակցություն։ Ս. Հարության տոնի բարեգործական ծրագրերին պետք է ավելացնել նաև Ծաղկազարդի առթիվ իրագործված նախաձեռնությունները: Ծաղկազարդի առթիվ թեմի բարեգործական ծրագրերի բաժինը 224 փաթեթ է նվիրել սոցիալապես անապահով երեխաներին և այն մանուկներին, ովքեր մասնակցել են թեմական տոնակատարություներին:


-Թեմում գործում է միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների աջակցության գրասենյակը։ Ի՞նչ ծավալի աշխատանք է իրականացվում այդ գրասենյակի կողմից։


-Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդության տարիներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն է ստեղծել այս գրասենյակը, որը տարվա ընթացքում հարյուրավոր երեխաների աջակցության ձեռք է մեկնում: Գրասենյակի աշխատանքներին աջակցում են թե´ Հայ Եկեղեցու տարբեր թեմերի բարերարներ, թե´ արտասահմանցիներ:
Արդեն 23 տարի իրենց օգնությամբ Արարատյան Հայրապետական թեմի անապահով երեխաների և ընտանիքների կողքին են գերմանացի բժիշկներ Գյունդեր Բրիգմանը և Անդրիաս Գրիսը: Նրանք Գերմանիայում ու Հոլանդիայում կազմակերպում են դրահամահավաքներ, ձեռքի աշխատանքների ցուցահանդես վաճառքներ, որի ընթացքում հավաքված գումարներն ուղարկում են Հայաստան՝ միակողմանի ու երկողմանի ծնողազուրկ մի քանի տասնյակ երեխաների օգնելու համար: Տարեկան մեկ անգամ նրանք այցելում են Հայաստան՝ հանդիպելու և օգնությունը փոխանցելու իրենց շահառուներին:
Գրասենյակում հաշվառված են Արարատյան Հայրապետական թեմի տարածքում մշտապես ապրող մինչև 18 տարեկան միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ: 1993թ-ից սկսած ավելի քան 9.850 երեխա կանոնավորապես հովանավորվել կամ հովանավորվում են: Այս պահին շուրջ 800 երեխա պարբերաբար ստանում է տարբեր չափերի դրամական օգնություն:


-Ովքե՞ր են աջակցում թեմի բարեգործական ծրագրերին։


-Թեմի բարեգործական ծրագրերին աջակցում են թե՛ միջազգային հասարակական կազմակերպությունները, թե՛ բարեգործական հիմնադրամները, թե՛ անհատ բարերարներ։
Թեմը իրականացնում է բարեգործական ծրագրեր ոչ միայն իր շահառուների համար, այլև աշխատանք է կատարում տեղական հասարակական կազմակերպություների հետ, որոնք դիմում են թեմին աջակցության համար։ Կազմակերպություններ, որտեղ ընդգրկված են տարիքային տարբեր խմբերի խոցելի մարդիկ։ Ցուցաբերվում է հոգևոր, նյութական և բարոյական աջակցություն։

 

 

Հարցազրույցը վարեց Հասմիկ Թամամյանը

  • 2021-10-15
×