Qahana.am կայքի այս շաբաթվա զրուցակիցը «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանն է:
Հոգևոր միակ հեռուստաալիքի ղեկավարն եք, անելիքն անասելի մեծ է: Ինչպե՞ս եք կողմոնորոշվում, հեռուստադիտողի համար ի՞նչ բովանդկակությամբ հոգևոր հաղորդաշարերն են առաջնային:
Առաջնայնությունը ժամանակն է թելադրում: Երբ որպես հեռուստաստուդիա առաջին քայլերն էինք անում, առաջնային խնդիրը, որ Վեհափառ Հայրապետը, այն ժամանակ` ԱՀԹ առաջնորդական փոխանորդը, դրեց մեր առջև, այնպիսի ծրագրերի ստեղծումն էր, որոնք մարդուն եկեղեցի տանող ճանապարհը ցույց կտային: Հիմա արդեն, փառք Աստծո, եկեղեցին այնպիսի մասշտաբային գործունեություն է ծավալում, այնքան շատ են պատրաստված, սիրված, հեղինակություն վայելող հոգևորականները, որ եկեղեցիները լցվել են հավատացյալներով և, որ պակաս կարևոր չի, երիտասարդ հավատացյալներով: Դպրոցներում կրոնի պատմության դասավանդումը էական բան է փոխել կրոնական դաստիարակության հարցում, տարրական շատ ու շատ բաներ, որոնց մասին խորհրդային սերունդը պատկերացում անգամ չուներ, հիմա գիտեն նույնիսկ դպրոցահասակ երեխաները: Հիմա արդեն առաջնային խնդիրը քրիստոնեական հավատի և Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի հանրային քարոզչությունն ապահովելն է: Վեհափառ Հայրապետն ամեն առիթով շեշտում է, որ հասարակության բարեփոխման, ժողովրդավար պետության կերտման գլխավոր պայմանը քրիստոնեական բարոյականության, քրիստոնեական արժեքների հաստատումն է մեր կյանքում և անհատի հոգևոր զարգացումը: Մենք փորձում ենք դա անել` պատրաստելով այնպիսի հեռուստածրագրեր, որոնք կնպաստեն եկեղեցու խորհուրդների, տոների, ծեսերի, սուրբգրային մեկնությունների հանրայնացմանը: Շատ ենք կարևորում հեղինակավոր գործիչների վկայությունները մեր եթերում, երբ մարդիկ ներկայացնում են իրենց անձնական ապրումը, անձնական փորձը և խոսում են այն մասին, թե հավատի միջոցով ինչպես է փոխվել իրենց կյանքը: Իսկ ընդհանրապես, առաջնայնությունների հարցում կողմնորոշվելու համար, պարզապես հետևում ենք եկեղեցու մարտավարությանը և հետևում ենք հայեցակարգային այն դրույթներին, որոնք հաստատվում են մեր հոգևոր առաջնորդների և մասնավորապես հեռուստաընկերության հիմնադրի` Վեհափառ Հայրապետի կողմից:
Հոգևոր-քարոզչական ծրագրերից բացի մենք փորձում ենք ներկայացնել մեր եկեղեցին որպես ազգաստեղծ գործոն, որպես անհատին և ազգին փրկության առաջնորդող հաստատություն, որպես ինքնակազմակերպման գործոն, որպես պետականաստեղծ և պետությանը աջակցող գործոն, որպես պետության բարոյական արժեհամակարգ ստեղծող հաստատություն և այլն:
Իհարկե` ահռելի է պատասխանատվությունը, որ մեր համեստ ուժերով ստանձնել ենք, բայց ես ուրախ եմ, որ ունենք հրաշալի աշխատակազմ, որ սրտացավ է մեր եկեղեցու համար, ունենք մեր հոգևոր հայրերի օժանդակությունը և մեր բարերարների աջակցությունը, որոնք որոշ չափով թեթևացնում են հեռուստաընկերության ֆինանսական բեռը:
Նոր նախագծեր իրագործելիս առաջնորդվո՞ւմ եք սեփական ճաշակով, փորձով: Ի՞նչ եք հաշվի առնում՝ ռեյտինգներին, սոցիոլոգիական արդյունքերի տվյալների վստահո՞ւմ եք, հաշվի առնո՞ւմ եք հեռուստածրագիր կազմելուց:
Նոր նախագծեր հաստատելիս` դրանք դիտարկվում են հեռուստաընկերության հայեցակարգին համապատասխանության տեսանկյունից: Ստեղծագործական խորհուրդը, որ գործում է հեռուստաընկերությունում, լծակից է տնօրենին և ես ուրախ եմ, որ այդ կազմում վստահելի, պրոֆեսիոնալ և իրենց գործին նվիրված անձիք են: Որևէ առաջարկ, որ ստանում է հեռուստաընկերությունը, նախ պետք է ստանա ստեղծագործական խորհրդի հավանությունը` գեղարվեստական ղեկավար Արա Շիրինյանի, ծրագրերի տնօրեն Արա Գալոյանի, գլխավոր օպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյանի, բաժինների պատասխանատուներ Նելլի Ռաֆայելյանի, Հերմինե Ստեփանյանի, Աննա Սարգսյանի: Հիմնականում դա անում ենք համախորհուրդ այն հոգևորականների հետ, որոնք հաճախ են լինում «Շողակաթում» կամ առանձին հեռուստաշարքեր են վարում, ինչպես, օրինակ` նախկինում` Բագրատ Սրբազանի, Վարդան սրբազանի, հիմա` հայր Ռուբենի, Տեր Վահրամի: Դրանից հետո ծրագիրն ուղարկվում է Մայր Աթոռ` մեր հոգևոր հայրերի կարծիքն ու նկատառումներն իմանալու համար: Ընտրություն կատարելիս առաջնային կարևորությունը ծրագրի հոգևոր լիցքն է, բովանդակությունը և իհարկե` ստեղծագործական մոտեցումն ու պրոֆեսիոնալիզմը:
Եթե վարկանիշ ասելով նկատի ունենք հեռուստալսարանի տարողությունը, այլ խնդիր է, եթե նկատի ունենք վստահության աստիճանն ու հեղինակությունը` այլ: Որքան ինձ հայտնի է, աշխարհում գոյություն ունեցող, ճանաչված հոգևոր-մշակութային ոչ մի ալիք չի կարող մրցակցել զվարճալի կամ ժամանցային հաղորդումներ հեռարձակող ալիքների հետ` հեռուստադիտողների թվաքանակի առումով: Բայց շատ հաճախ, երբ մարդկանց հարցնում եք` ինչ հեռուստաալիքի են նախապատվությունը տալիս, տեսնում եք, որ կարևորում են հենց հոգևոր մշակութային ալիքները` դրանց կրթական, ճանաչողական, մարդու ինքնազարգացմանը նպաստող առաքելության համար: Մենք նախընտրում ենք մնալ այդ ալիքների շարքում և այդ ալիքների կամ այդպիսի հաղորդումների հետ մրցակցել կամ նրանցից սովորել:
Ունեք մանկական հաղորդաշարեր, թարգմանում եք խրատական մուլտֆիլմներ և ֆիլմեր, երեխաների կողմից սիրված հաղորդումներ: Հաջողությամբ կարողանո՞ւմ եք լրացնել երեխաների քրսիոտենական գիտելիքի պակասը: «Շողակաթ» հ/ը մանկական հատկապես ո՞ր հաղորդաշարն է սիրված ձեր հանդիսատեսի կողմից: Մանկական, պատանեկան, երիտասարդական նոր նախագծեր կա՞ն:
Մանկական լսարանին գրավելը, մանկական հաղորդումներ պատրաստելն ամենաբարդն է և ամենաաշխատատարը: Մանավանդ որ չափազանց քիչ են մանկական հաղորդումներ պատրաստող որակյալ մասնագետները: Դրա համար ոչ միայն հեռուստատեսության մասնագետ է պետք լինել, այլև հոգեբան, երեխաներին որպես հավասարի վերաբերվելու կարողություն: Բարեբախտաբար այդպիսի մասնագետ ունենք: Մանկական հաղորդումների պատասխանատուն` Հերմինե Ստեփանյանը, շատ լավ գիտի` ինչ է նշանակում երեխային վերաբերվել որպես անհատականության, ինչպես չի կարելի երեխային ծանրաբեռնել «պետք է»-ներով ու «չի կարելի»-ներով: Հերմինեի շնորհիվ երեխաները, որոնք գալիս են Շողակաթ` հաղորդումներ վարելու, չեն կորցնում անկեղծությունը, իսկ երեխայի անկեղծությունը ամենակաշառող բանն է: Մեր մանկական հաղորդումների հաջողությունը, կարծում եմ` նախ և առաջ պայմանավորված է դրանով: Եվ իհարկե, ստեղծագործական այն ներուժով, որ ունի այդ բաժինը և բաժնի ղեկավարը: Ուրախ եմ, որ «Շողակաթում» կան սիրված մանկա-պատանեկան հաղորդումներ, հաճախ մեր հաղորդումների համար գրված երգերը լսում ենք տարբեր բեմերում և փառատոններին: Հաճախ են ծնողները դիմում մեզ` մանկական հաղորդումների ամբողջական տեսագրություններն ունենալու խնդրանքով:
«Շողակաթ» հ/ը առաջնորդվում է ոչ թե «շուկայական պահանաջարկով», այլ ձևավորում է ճաշակ և պահանջարկ: Ձեր թիմին որքանո՞վ է դա հաջողվում անել:
Անշուշտ, շուկայական պահանջարկով չենք առաջնորդվում, եթե նկատի ունեք լավ վաճառվող հաղորդումը: Բայց հասարակությանը հուզող խնդիրներին փորձում ենք անդրադառնալ մեր տաղավարային հաղորդումներում` «Երրորդ հազարամյակ», «Թեմա», «Օր վեցերորդ» ծրագրերում: Մեր թիմը ճաշակ ձևավորում է թե ոչ` դա Ձեր և հեռուստադիտողի որոշելիքն է:
Ինչ 3 ցանկություններ կուզենայիք իրականացնել Ձեր հեռուստաընկերության գործուենության մեջ:
Ցանկությունները և երազանքները շատ են, հազիվ թե երեք ցանկությամբ կարողանամ սահմանափակվել: Բայց առաջնայինների մեջ կառանձնացնեմ մի քանիսը: Նախ` կուզեինք մեր ֆինանսական միջոցները բավարարեին «Իմ քահանան» հեռուստաշարի օրինակով ստեղծելու այնպիսի հաղորդաշարեր, որոնցով կներկայացնեինք և ճանաչելի կդարձնեինք հեռավոր գյուղերում, սահմանամերձ տարածքներում, բանակում ծառայող մեր քահանաներին, որոնք հերոսական գործ են անում` դժվարին, երբեմն` ահավոր սոցիալական պայմաններում: Ցույց տալու համար եկեղեցու առաքելության այն գիտակցությունը, որ ունեն այդ մարդիկ և այն ծանրությունը, որ կրում են իրենց ուսերին: Եվ այն հավատարմությունը, որ ունեն իրենց եկեղեցու, իրենց առաջնորդի ու նրա տեսիլքների նկատմամբ:
Շատ կուզենայինք նյութական հնարավորությունն ունենալ ստեղծելու Ավետարանի քարոզչությանը նպաստող նոր հաղորդաշարեր, որոնք նույնքան սիրված կլինեին, որքան «Մարկոսի Ավետարանը» հեռուստաշարն է, որը վարում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
Արդեն քանի տարի է` միջոցներ ենք փնտրում ստեղծելու «Հայ Առաքելական եկեղեցի» պատմական ֆիլմաշար, որով կներկայացվեր մեր եկեղեցու ամբողջ պատմությունը և առանցքային այն նշանակությունը, որ ունեցել է և ունի մեր ժողովրդի կյանքում: Հիմա մասամբ դա իրականացվում է «Ազգապատում» հաղորդաշարի միջոցով, որի համար անչափ շնորհակալ ենք Արտակ Գնունուն` իր անշահախնդիր մասնակցության համար:
Շատ կուզենայինք, որ մեր հեռուստաընկերության ազդականչերը հասանելի և սպասված լինեին ամբողջ աշխարհում:
Եվ եթե ընդհանրացնելու լինեմ բոլոր ցանկություններս, շատ կուզենայինք մեր աշխատանքով թեկուզ մի փոքր համաքայլ ընթանալ այն անհավանական բարեփոխումներին, որոնք կատարվում են մեր եկեղեցում:
Վեհափառ հայրապետը որքան հաճախ է այցելում իր հիմնած հեռուստաընկերություն, արդյո՞ք մասնակցում է շողակաթցիների ստեղծագործական աշխատանքներին, ունի՞ նախընտրած հաղորդում:
Չգիտեմ` Վեհափառ Հայրապետը ունի նախընտրած հեռուստահաղորդում, թե ոչ, բայց մի բան բոլորս շատ լավ գիտենք, որ մեր ամենաանաչառ և ամենախիստ քննադատը Վեհափառն է: Երբեմն այնպիսի նուրբ դիտարկումներ է անում, ընդ որում` ոչ միայն բովանդակությանն առնչվող, այլև ստեղծագործական լուծումներին, որ զարմանալ կարելի է: Մի անգամ, օրինակ, մի տեսահոլովակի սցենարի վրա էինք աշխատում և ոչ մի կերպ չէինք կարողանում լուծումը գտնել: Օրեր շարունակ տարբերակներ էինք փորձում, արդյունքը ոչ մի կերպ, ոչ մեկիս չէր գոհացնում: Դա անիմացիոն տեսահոլովակ էր, որի ավարտին ֆիգուրները պետք է ձևավորեին քրիստոնեական խորհրդանիշ, և խորհուրդը, պատգամը հենց այդ ձևավորման ընթացքը պետք է թելադրեր: Շատ պատահական Վեհափառն այցելեց ստուդիա և հետաքրքրվեց` ինչի վրա ենք աշխատում: Եվ միանգամից, նույն պահին լուծումն առաջարկեց: Այդ տեսահոլովակը նույն տարում միջազգային մրցանակի արժանացավ և երբ ռեժիսորը սկսեց հարցազրույցներ տալ, թե ինչպես է մտահղացել, ինչպես է տեղծել տեսահոլովակը, խմբի անդամները մի քիչ սրտնեղություն ապրեցին և նույնիսկ որոշ ներքին լարվածություն առաջացավ: Պետք է խոստովանեմ, որ մի քիչ ամոթով եմ հիշում` մեծահոգության ինչ դաս տվեց մեզ Վեհափառ Հայրապետը:
Հիմա, ցավոք սրտի, հաճախ չենք արժանանում Վեհափառի այցելությանը, բայց երբ նոր էինք սկսում և հոգևոր հաղորդումներ պատրաստելու փորձառություն բոլորովին չունեինք, ավելի հաճախ էր մեզ մոտ լինում: Եվ որքան էլ գոհացնող լիներ աշխատանքը, երբեք չէր բավարարվում արդյունքով, ասում էր, որ կարող ենք ավելին անել: Եվ մենք իսկապես սկսում էինք հավատալ, որ կարող ենք և ավելին անել: Եթե որևէ հաջողություն ունեցել ենք, հենց այդ հավատի շնորհիվ է եղել:
Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար Մյուռոնօրհնության արարողության լուսաբանումը:
«Շողակաթ» հեռուստաընկերությունում իմ պաշտոնավարության ընթացքում երրորդ անգամ է, որ արժանանում եմ Մյուռոնօրհնության սրբազան արարողությանը լուսաբանելու շնորհին: Հոգևոր նշանակությամբ բացառիկ արարողություն է, որին սևեռված է ամբողջ հայության ուշադությունը՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է ապրում: Օրեր առաջ արդեն հազարավոր ուխտավորներ են ժամանել տարբեր երկրներից: Մայր Աթոռը բազմաթիվ հյուրեր ունի այլ երկրներից: Մեր լարվածությունն ու հուզմունքը մեծ է, հեռուստաընկերությունը ջանում է անել հնարավորը: Իսկ որպես հայ եկեղեցու մեծ ընտանիքի անդամ՝ երջանիկ եմ, որ մասնակից եմ լինելու մեր ժողովրդի համար պատմական այդ իրադարձությանը և բոլորի հետ աղոթելու եմ մեր երկրի լավագույն ապագայի համար: Աղոթելու եմ, որ իմ ընտանիքը ապրի իմ երազած երկրում:
Զրուցեց՝ Էլիզա Մանուկյանը