Շաբաթօրյա մեր հյուրը կլինիկական հոգեբան, Սանկտ-Պետերբուրգի նարկոլոգիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, «Անկախության դպրոց» ծրագրի նախագահ, թմրամոլության ոլորտում կրթության հանձնախմբի Վարշավյան հիմնադրամի դասախոս Վալենտինա Նովիկովան է:
Աստված չարը չի ստեղծել, սակայն այսօր աշխարհում կա միտում դեպի չարը: Շարունակ հնչում են վատ լուրեր հաղորդող նորություններ, որոնք մարդկանց մեջ արթնացնում են բացասական, կործանարար զգացմունքներ: Ինչպե՞ս փոփոխել այդ բացասական պատկերը:
Ես ամեն օր առնչվում եմ չարին ու մահվանը: Երբ բախվում ես տիեզերական չափումներին՝ սարսափում ես. ինչո՞ւ են մարդիկ ձգտում ինքնաոչնչացման:
Հասկացա, որ աշխարհում ոչինչ չեմ կարող փոխել: Փոքր գործերի տեսությունն ինձ օգնում է այսօր սերմեր ցանել վաղվա համար. առավոտյան արթնանալիս շնորհակալություն հայտնել Տիրոջն արթնանալու համար, աղոթել՝ դրական էներգիա ստանալու համար: «Շնորհակալություն» բառն ինքնին դրական ազդակներ է տալիս՝ նշանակելով «շնորհ ստանալ, շնորհի արժանանալ»: Պետք է նաև մտածել այն մասին, թե ի՞նչ օգտակար բան կարելի է անել այսօր՝ անծանոթների, ընտանիքի, հարազատների, ինքդ քեզ համար: Ինչո՞ւ են մարդուն պետք պատերազմները. կյանքը վերստին արժեվորելու համա՞ր: Մեր բոլոր դժբախտությունները գալիս են սիրո պակասի և բացակայության պատճառով:
Երեխաների քրիստոնեական դաստիարակության հարցում ինչպե՞ս կողմնորոշվել:
Ես կողմ եմ, որ ուժեր, ջանքեր ներդրվեն ընտանիքի ինստիտուտում, Եկեղեցում: Երեխան ընտանիքից տանում է սիրո կամ ատելության, բռնության, ինքնաոչնչացման կամ ինքնակերտման զգացմունքեր:
Պետք չէ արժանանալ Աստծո, ծնողների սիրուն: Պետք չէ ասել երեխաներին, թե եթե նրանք գնան երաժշտության դասերի, սովորեն լեզուներ, նրանց կօգնենք: Պետք չէ, որ երեխաները վաստակեն մեր սերը: Երեխաները, մարդիկ պետք է սիրվեն անկանխակալորեն, առանց որևէ պայմաններ դնելու, ճիշտ այնպես, ինչպես Տեր Աստված է սիրում մարդուն առանց պայմանականությունների:
Աշխարհում ընթանում է պայքար ընդդեմ քրիստոնյաների, ընդդեմ Տեր Աստծո: Եկել է կողմնորոշման պահը: Պետք է կողմնորոշվել և իրերը կոչել իրենց անուններով: Սոդոմական մեղքն ինքնին սոդոմական մեղքն է, ատելությունն ինքնին ատելությունն է, սերն ինքնին սերն է: Պետք է հստակ ձևակերպել սեփական դիրքորոշումը: Պետք է հստակ գիտակցել, որ եթե Հայրենիքը մայր է, ապա ես՝ որպես զավակ, ի՞նչ կարող եմ անել մորս համար: Ինչ-որ մեկը կարող է նորոգել շատրվանը, ցայտաղբյուրը, որպեսզի մարդիկ կարողանան ջուր խմել, մեկ ուրիշը կարող է ծաղիկներ տնկել, մյուսն էլ՝ այդ ծաղիկները ջրել, ոմանք էլ՝ գրկել և սատարել կարիքավորին: Մենք ինքներս ենք օրինակ ծառայում մեր զավակներին: Մեզանով, մեր զավակների մեջ և մեր ընտանքներում մեր զգացմունքային, մտավոր և հոգևոր ներդրմամբ է պայմանավորված մեր զավակների ապագան:
Առողջ երեխան պիտի հասկանա, որ սիրված և գնահատված է: Երբ նա մեծանա՝ նա չի մրցի, խարդավանքներ չի հյուսի՝ մտածելով, թե ում և ինչպես վնասել, նման մտքեր նրա գխում չեն ծագի:
Ո՞ր դեպքերում պիտի երախտապարտ լինենք Աստծուն և ինչպե՞ս պիտի արտահայտենք մեր երախտագիտությունը:
Ես քիչ եմ հավատում խոսքին: Աղոթքը պիտի շատ ժամանակ չխլի, այլապես կարելի է երկար աղոթել և այդպիսով ամբողջ էներգիան վատնել: Ես կողմ եմ, որ աղոթքը գործողություն լինի: Հավատում եմ, որ սիրելը բայ է, այսինքն՝ գործողություն: Պետք է լինել այստեղ և հիմա ու բարիք գործել:
Կան այսպիսի հոգևոր վարժանքներ. սկզբից մտածել Աստծո հանդեպ երախտապարտության 10 առիթների մասին, ապա՝ 20, 30, 40, 50...
Մենք շատ ուշադրություն ենք դարձնում մարմնական սննդին, սակայն հաճախ մոռանում ենք գլխավորի՝ հոգևոր սննդի մասին:
Մարմինը մեզ տրված է մեր անմահ հոգու ժամանակավոր պահպանման համար:
Ի՞նչ է նշանակում համակերպվել: Արդյո՞ք համակերպված մարդը պարզունակ չի թվում:
Համակերպվածությունն այս կյանքի շուրջ իմ հայացքի, տեսակետի փիլիսոփայությունն է:
Իմ սիրելի աղոթքը համակերպված, հաշտված մարդու աղոթքն է, Օպտինյան մենաստան-վանքի հայրերի աղոթքն է. «Տեր իմ, կարող դարձրու ինձ հոգեկան հանգստությամբ ընդունել այն, ինչ բերում է բացվող օրը: Արա այնպես, որ կարողանամ լիովին հնազանդվել Քո Սուրբ կամքին»:
Սակայն դա չի նշանակում, թե ես պարզունակ մարդ եմ: Ասված է. «Հնազանդ լինել աղավնու նման, խորագետ՝ օձի նման»: Եթե տեսնում եմ, որ ցանկանում են ինձ օգտագործել, հրաժարվում եմ օգտագործված լինելուց: Ես հիմար չեմ և հայացքս չեմ հառում գետնին և համաձայնվում ամեն ինչի, դեմ տալիս մյուս այտս՝ լոկ չարին չարով չպատասխանելու համար: Աստվածաշունչ մատյանը մեկն է, իսկ մեկնողական գրքերը՝ հարյուրավոր:
Սովորաբար եկեղեցիներում լինում են տատիկներ, ովքեր կարծում են, թե լոկ իրենց տեսանելի մասնակցությամբ եկեղեցական արարողություններին փրկում են իրենց հոգիները: Նրանք կարող են միաժամանակ նվաստացնել, եկեղեցում բարձրաձայն դիտողություն անել ծխական նոր անդամներին և անգամ նրանց եկեղեցուց դուրս հրավիրել: Ինչպե՞ս համադրել աղոթքը գործի հետ:
Տատիկները միջամտում են ամենուր: Երբեմն ցանկանում ես նրանց մտրակով դուրս մղել, սակայն փրկում է ավետարանական այս խոսքը. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին» (Մատթ. 9:12): Այնտեղ, որտեղ ամենալուսավորն է, նաև ամենամութն ու ամենախավարն է: Եկեղեցուն մերձենալ ցանկացող մարդը պիտի հասկանա, որ կարող են լինել փորձություններ: Ես եկա եկեղեցի, ինձ վրա հարձակվեցին, և ես հեռացա: Ես չհաղթահարեցի անգամ առաջին խոչընդոտը: Սակայն մյուս կողմից թե Քրիստոսին են գայթակղել և թե մեզ են գայթակղում: Տատիկներին ևս Տերն է տվել: Փորձեք հասկանալ նրանց. ինչո՞ւ են նրանք այնքան դժբախտ, որ հարձակվում են ձեզ վրա: Եթե տատիկը հարձակվել է ձեզ վրա, մի խուսափեք, մի դիմեք փախուստի, այլ՝ հարցրեք. միգուցե նա օգնության կարի՞ք ունի: Ինչո՞ւ անմիջապես փախուստի դիմել: Մարդիկ թույլ են, սիրո կարիք ունեն:
Ի՞նչ է հպարտությունը:
Հպարտությունը վախի արտահայտություն է. ի՞նչ կմտածեն մարդիկ իմ մասին: Եթե մտածենք, հպարտությունը պարտադրում է մարդուն որոշակի կաղապար: Մարդն ազատ չէ անել այն, ինչ ինքն ուզում է: Տիրոջով հագենալուն զուգընթաց՝ ամեն վնասակար բան՝ հպարտություն, վախ և կործանարար, քայքայիչ մյուս բաները, դուրս են գալիս մարդու հոգուց:
Կան տեղեր, որտեղ արևի լույսը չի թափանցում: Հպարտ մարդու պարագան էլ այդպես է. ինքնագնահատականը շատ ցածր է, քանի որ նրան ղեկավարում է վախը, խավարը:
Բամբասանքը հպարտության՝ գործով արտահայտման ձևերից մեկն է: Եթե ես հպարտ եմ, սկսում եմ բամբասել, վիրավորվել, դատապարտել, հեռանալ, պատժել: Այնտեղ վարքի մի ամբողջ սպեկտր է՝ բացահայտող իմ հպարտությունը:
Իշխանությունը ծառայություն է: Հարցի ողջ փիլիսոփայությունը Ոտնլվան է: Այժմ եսասերների ժամանակն է: Ոչ ոք չի կամենում ծառայել, մեկ այլ մարդու ոտքերը լվանալ: Ամբողջ իշխանությունը Տիրոջն է, իսկ Տերը ծառայեց մարդուն: Պիտի միշտ հիշել, որ մարդը գնահատելի է, եթե նման է Տիրոջը: Մնացյալ ամեն ինչ, ինչպես ասում է Սողոմոն թագավորը, «ունայնություն ունայնությանց»: Մենք ստեղծված ենք միասնության համար: Պիտի սովորենք գտնել սեր, որն աստվածատուր է և առկա է Աստծո մոտ: Պիտի ընկալել, ստանալ և տալ սեր: Այս աշխարհում մարդու համար այլ խնդիր չեմ տեսնում:
Զրուցեց՝ Էլիզա Մանուկյանը