Հակառակորդդ, թշնամիդ, անում է ամեն ինչ, որ դու ավելի ուժեղ, լավ և լուսավոր մարդ դառնաս

Հակառակորդդ, թշնամիդ, անում է ամեն ինչ, որ դու ավելի ուժեղ, լավ և լուսավոր մարդ դառնաս

www.qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է զինվորական սպա, հնէաբան, հեղինակային երգի կատարող Արմինե Հայրապետյանը:

 

Տիկին Արմինե, դուք ընդգրկված եք մասնագիտական տարբեր ոլորտներում, կա՞ արդյոք ընհանրություն այդ ոլորտների մեջ:

 

Դժվարանում եմ տարանջատել իմ կյանքի ոլորտները միմյանցից, որոնք միայն առաջին հայացքից են տարբեր, սակայն մեկ սկզբունքի վրա են կառուցված:

Ոչ վաղ անցյալում եմ դարձել զինվորական: Սակայն հասկացել եմ, որ ամբողջ իմ կյանքն է ծառայություն եղել: Ծառայություն Հայրենիքին, իմ ընտանիքին, ժողովրդին, առանձին մարդուն, հանուն մարդկության: Յուրաքանչյուր մարդու կյանք պետք է լինի ծառայություն` անկախ իր աշխատանքի բնույթից՝ ցանկացած վայրում ցանկացած պահի:

 

Դուք հնէաբան եք և գործ ունեք հողի հետ, ի՞նչ է այն Ձեզ համար:
 

Հողն ինձ իրոք հանգստացնում է: Հողն իմ մեջ խաղաղություն է առաջացնում: Դա այն է, ինչից ես ստեղծված եմ:  Երբ խնդիր եմ ունենում, ինձ լավ չեմ զգում, բավական է, որ կես ժամ հողի հետ զբաղվեմ, աշխատեմ հողի հետ: Ես հիմա և պեղում եմ հողը և ծառ եմ մշակում, լուրջ այգեգործ դառնալու մեծ ցանկություն ունեմ:

 

Վաղո՞ւց եք ստեղծագործում:

 

Ստեղծագործում եմ մանկուց: Առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ բարձրացա, երբ 18 տարեկան էի:

Երգերիս մեջ հաճախ կոդավորված աղոթքներ են: Ստեղծագործում եմ աստվածային  ներշնչանքով:

Շատ երգեր ունեմ՝ ամուսնուս նվիրված:

Երգերս երբեք տխուր չեն ավարտվում: Անգամ եթե որևէ երգի երաժշտությունը մելամաղձոտ է, բոլոր երգերս ավարտվում են լույսով, հույսով:

 

Ինչպե՞ս սիրել թշնամուն:
 

Մենք մեծ բան չենք անում՝ սիրելով մեր ընտանիքը և շրջապատը: Իսկ փորձե՞լ եք սիրել մեկին, ով կանոնավոր կերպով Ձեզ վատաբանում է, հարվածում է: Անհնարին է թվում: Սակայն պետք է նրան հասկանալ, չարանալ պետք չէ, այլ պետք է հասկանալ, որ դեռ թերի ես, անելիք ունես, դեռ պետք է ուժեղ դառնաս: Եթե քեզ անընդհատ հարվածում են, և ամեն հարվածից հետո ջանք չես գործադրում ուժեղանալ, նշանակում է՝ դու դեռ պետք է այնքան հարվածներ ստանաս, որ ուժեղանաս: Ստացվում է, որ հակառակորդդ, թշնամիդ, անում է ամեն ինչ, որ դու ավելի ուժեղ, լավ և լուսավոր մարդ դառնաս:

Յուրաքանչյուր հարվածից, դժվարությունից հետո շնորհակալություն եմ հայտնում, որովհետև ավելի եմ ուժեղանում:

 

Եթե կորուստ եք ունենքում, ինչպե՞ս եք այն հաղթահարում:

 

2008թ. մեծ կորուստ ունեցա: Կորցրեցի 31-ամյա ամուսնուս՝ Արշակին ռազմավարժությունների ընթացքում: Ռազմական օդաչու և սպա էր՝ կապիտան: Սիրում էր իր գործը, հայրենիքը, երկինքը: Ասում էր՝ չեմ պատկերացնում մեկ օր, որ չթռչեմ: Եվ չեղավ այդպիսի օր: Օդաչուները չեն մահանում: Նրանք հավերժական թռիչքի են մեկնում: Հոգին անմահ է: Երկու որդիներիս բացատրում եմ, որ հայրիկը գնացել է այլ առաքելություն կատարելու: Բացատրում եմ, որ այն լուսավոր արարածները, որոնք հեռացել են մեզանից, միայն մերը չեն: Նրանք էլ ավելի կարևոր առաքելություն ունեն: Հարզատ կորցրած մարդուն հաճախ դժվար է բացատրել, թե Աստված կա, սակայն պետք է հասկանալ, որ չարի և բարու կատաղի պայքարում Նրան էլ պետք են ասպետներ, զինվորներ, ուժեղ հոգիներ՝ բարու պաշտպանության համար:

 

Ինչպե՞ս եք իրականացնում ձեր երեխաների քրիստոնեական և ազգային դաստիարակությունը:

 

Որդիներիս հետ հաճախ զրուցում ենք, փնտրում ենք հուզող հարցերի պատասխաններ: Օրինակ, ի՞նչ կար, երբ Աստված չկար:

Երբ երեխաներին կրտսեր տարիքից մասնակից և հաղորդակից ես դարձնում հոգևոր կյանքին, բացատրում ես, թե ինչպես պետք է տունը մաքուր պահել, այնպես էլ պետք է նաև հոգևոր ներաշխարհը մաքուր պահել:

Մեծ հաճույքով ենք այցելում եկեղեցի: Այստեղ, խաղաղության մեջ, չգտնված հարցերի պատասխաններն ենք փնտրում: Եկեղեցական բազմամյա փորձառությանս ընթացքում կարևորում եմ, որ սովորել եմ խոնարհ և հնազանդ լինել, թեև ըմբոստ ոգի ունեմ:

Հաճախ ուխտագնացությունների ենք մասնակցում: Երեխաների համար գտնում և պատմում եմ տվյալ եկեղեցու, վանքի մասին հետաքրքիր փաստեր,  պատմություններ: Նշում ենք բոլոր եկեղեցական տոները:

Երեխան պետք է հասկանա, թե ինչի համար է եկեղեցի եկել: Ամենևին կարևոր չէ մոմ վառել: Երեխային մանկուց պետք է բացատրել, թե եկեղեցում ձայնի ինչ բարձությամբ և ինչ տոնով խոսել, ինչպես շարժվել, ինչպես հագնվել եկեղեցի գնալիս, և այլն:

Օրինակ Ս. Հաղորդության վերաբերյալ որդիներիս ասում էի, թե հիմա փոքր եք, երբ մեծանաք, ծոմ վիճակում եկեղեցի կգանք, կհաղորդվեք: Եվ հաջորդ անգամ երեխաներս պատրաստ էին հաղորդության:

Պետք է բացատրել Ս. Հաղորդության խորհուրդը երեխաներին հասկանալի կերպով, որ այն Քրիստոսի Մարմինն ու Արյունն է: Բայց ինչպե՞ս բացատրել դա երեխային, որպեսզի իր համար սարսափելի չլինի, քանի որ երեխան ամեն բան շատ պատկերավոր է ընկալում: Երեխաներին պետք է բացատրել, որ քահանան, օրհնելով հացը և գինին, Ս. Հաղորդությունը բաշխում է հոգին մաքրելու համար, պետք է այն ճիշտ ներկայացնել որպես փրկության միջոց:

Ծնողներիս շնորհիվ սիրում եմ իմ հայրենիքը, հայրենի հողը, քարը, թուփը… Այժմ  իմ զավակներին սովորեցնում եմ սիրել մեր երկիրը:  Միասին գնում ենք արշավների, հնէաբանական պեղումների, ռազմավարժությունների մասնակցում, ուղղաթիռով օդ բարձրանում, նրանք ֆիզիկապես ամրանում են՝ լողի, իսկ հետագայում՝ նաև մարտարվեստի գնալով: Որդիներս կյանքի լուրջ դասեր են ստանում: Ինքնուրույն երաժշտական գործիքներ են ընտրել: Թեև երազել եմ,  սակայն չեմ պարտադրել երաժշտական կրթություն: Կրտսեր որդիս ջութակ է նվագում, ավագը՝ դաշնամուր: Երկուսն էլ սրինգ են նվագում: Երբեմն ընտանեկան համերգներ ենք կազմակերպում: Որդիներս սիրում են արվեստը, երաժշտությունը, հողը, ռազմական գործը:

 

Ո՞րն է Ձեր պայքարի բովանդակությունը:

 

Յուրաքանչյուր մարդու կյանքի նպատակը պետք է լինի պայքարել հանուն լույսի: Դա չպետք է լինի ընդդեմ: Եկեք պայքարենք հանուն: Այդ «հանուն»-ը մեծացնում է  պայքարի արժեքը, նպատակը: «Ընդդեմ»-ը փոքր է և բացասական: Մենք պայքարում ենք հանուն ընտանիքի, հանուն սիրո, հանուն վաղվա օրվա, հանուն լավ ապագայի:

 

Զրուցեց՝ Էլիզա Մանուկյանը


          

  • 2021-10-18
×