Ինքնազոհողությունը և հակառակորդին մինչև վերջ հաղթելու կամքը հայ ռազմիկի գլխավոր բնութագրիչն են եղել

  • Գլխավոր էջ     >
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ     >
  • Ինքնազոհողությունը և հակառակորդին մինչև վերջ հաղթելու կամքը հայ ռազմիկի գլխավոր բնութագրիչն են եղել

Ինքնազոհողությունը և հակառակորդին մինչև վերջ հաղթելու կամքը հայ ռազմիկի գլխավոր բնութագրիչն են եղել

Մարտիկյան Սուրեն.  Հայ ռազմագետ-պատմաբան, փոխգնդապետ, 


1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1997թ.-ից  ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի ռազմական ինստիտուտի դասախոս, ներկայումս նույն ինստիտուտի զորատեսակների և ծառայությունների ամբիոնի ռազմարվեստի և ռազմական վարչարարության ցիկլի պետ: 2006թ. –ից «Նորավանք » գիտակրթական հիմնադրամի փորձագետ է:  Հեղինակել է մի քանի գրքեր, այդ թվում «Մեր հաղթանակները»  քառահատորյակները: Բազմաթիվ գիտական զեկույցների և հոդվածների հեղինակ է:

 

Պարո´ն Մարտիկյան, ի՞նչ նշանակալից իրադարձություններ են տեղի ունեցել ռազմարվեստի պատմության ընթացքում:
 

-     Մեր ռազմարվեստը ներկայացնելու տեսակետից որևէ նշանակալից աշխատանք չի կատարվել. այն ոչ թե գովազդման, այլ՝ ներկայացման կարիք ունի: Որևէ  հիմնավոր միջոցառում չի արվում՝ մեր հանրությանն իրազեկելու իր պատմության մասին:
 

-    Դուք բազմաթիվ ուսումնաասիրությունների հեղինակ եք: Ի±նչ հիշարժան իրադարձություններ կարող եք նշել մեր պատմությունից:
 

-  Հայերիս պարագայում կարելի է հիշատակել ոչ թե մեկ, այլ մինչև անգամ հազարից ավելի դեպքեր:  «Մեր հաղթանակները» քառահատորյակի հրապարակման ժամանակ հանդիպում էինք նմանատիպ արշավանքների, պատերազմների, ճակատամարտերի բազում օրինակների, որոնք, ի դեպ, ավարտվում էին հայերի հաղթանակով: Խոսքն առնվազն  5000 տարվա պատմության մասին է:
 

 Ես հիմա զբաղված եմ ռազմական խորամանկությունների ուսումնասիրություններով, լուսաբանմամբ: Հայտնի է, որ չինացիներն են ռազմական խորամանկությունների դասակարգողները (36 տեսակ): Կան բազմաթիվ օրինակներ, որոնց վրա հիմնվելով՝ կարելի է ասել, որ մեր տարածաշրջանում  ռազմական խորամանկության ոլորտում  մեր նախահայրերը միանշանակ առաջատար են եղել: Համաշխարհային ռազմարվեստում կատարվել է երեք մեծ հեղաշրջում, որը հիմնովին փոխել է այն ժամանակվա մարտավարությունը: Առաջինը.  Ք. ա  18-րդ դ. Հայկական լեռնաշխարհից սկիզբ է առնում ձին ընտելացրած ցեղերի մարտակարգերով արշավանքը: Սրանով սկսվում է առաջին հեղաշրջումը ռազմարվեստում` ձին մարտադաշտ է բերվում: Արշավանքները ծավալվում են երեք ուղղություններով. առաջին ուղղությունը Միջագետքն էր, հայկական լեռնաշխարհից քասեցիները մարտակառքերով գրավում են ողջ Միջագետքը: Երկրորդ ուղղությունը Եգիպտոսն էր. եգիպտական փարավոնները շեշտում են, որ իրենց դեմ արշավող զորքը «մարդավարի կռիվ» չէր տալիս, այլ հարձակվում էին  ձիերով, իրենք էլ, ոչինչ չկարողանալով անել, պարտվում էին:
 

Երրորդը  հայկական լեռանաշխարհի արիական ցեղերի արշավանքն է եղել, որը ձգվել է մինչև Հնդկաստան, որտեղ էլ հետագայում ձևավորվել են հնդեվրոպական ժողովուրդները:
 

Գիտնականները նշում են, որ երեք արշավանքներն էլ չեն կասեցվել մարդկանց կողմից: Հիքսոսները գրավել են Եգիպտոսը, հասել են մինչև Սահարա անապատ, այնտեղ էլ կանգ են առել՝ հանդիպելով բնական արգելքի:
 

Քասեթները, գրավելով Միջագետքը, հասել են Հնդկական օվկիանոս, որը երկրոդ բնական արգելքն էր, իսկ արիական արշավանքները, հասնելով են Հնդկաստան, կանգ են առել՝ բախվելով Հիմալայներին:
 

Մյուս ակնառու օրինակը երրորդ հազարամյակում հայերի կողմից կատարված երկաթի գյուտն է եղել: Ակադեմիկոս Չայլդը նշում է.  «Բարբարոս» հայերը շուրջ հազար տարի երկաթ են մշակել»: Փաստն այն է, որ երկաթով զինված մարտիկին ոչնչով չէին կարող հաղթել. ոչ խոցել, ոչ էլ պաշտպանվել նրանից բրոնզե վահաններով: Մի դիտարկում ևս. հազար տարվա ընթացքում հարևան պետություններին այդպես էլ չի հաջողվում մաքսանենգ ճանապարհով դուրս բերել այդ գյուտը:
 

Հիշարժան մի դրվագ է Գարգամելի ճակատամարտը, որ մինչև օրս համարվում է Ա. Մակեդոնացու զորավարական տաղանդի գագաթնակետը: Այդ  ժամանակ նա կիրառեց բարդ զորաշարժական հնարք` «շրջանցումը» (կիրառվում էր միայն «թևանցումը»): Օգտագործելով այդ հնարքը՝ հայտնվում է Դարեհի բանակի թիկունքում, և հանկարծ նրա դիմաց դուրս է գալիս հայկական զորագունդը:  Ըստ գահակարգի՝ ընդհանուր արևելյան բանակի աջ զորաթևի հրամանատարը Երվանդ Գ-ն  էր, ով  շրջվում է իր թիկունքնում գտնվող Մակեդոնացու հեծելազորին դեմ հանդիման  և տառացիորեն նահանջում նրա հեծելազորի վրայով՝ հեռանալով Հայաստան: Ցավալիորեն մինչև օրս գնահատական տրված չէ այն հարցին, թե ինչու Մակեդոնացին չարշավեց Հայաստան:
 

Խոսեցիք ռազմական նորարարություններիհաջողությունների մասինիսկ ի՞նչ կասեք հայ ռազմիկի կերպարի մասին:
 

- Աշխարհը գիտի 300 սպարտացիների նշանավոր պատմությունը . 300 հոգով դուրս գալ 100. 000 հակառակորդի բանակի դեմ, այս պարագայում կարևոր չէ, թե քո հակառակորդը 50 անգամ է գերազանցում քեզ, թե՝  300 անգամ: Նման  օրինակ ունի նաև հայ ռազմարվեստը: 1042թ. Վասպուրականի Թոռնավան գավառում Խաչիկ Արծրունին 70 հոգով դուրս է գալիս թուրքական 15.000-անոց բանակի դեմ, որ Ուրմիայից թալանի համար Թոռնավան էր եկել: Սելջուկյան արշավանքների եռուն շրջանում  Արծրունիների 5000-անոց զորագունդը, միավորված բյուզանդական զորքերի հետ, հեռացել էր հայրենի գավառից:
 

 Ինչպես պատմիչն է նշում, Խաչիկ Արծրունին այնքան ծեր էր ու լսողությունն այնքան  թույլ էր, որ «խուլ» Խաչիկ էին ասում: Հայերը ոչ թե պաշպանություն են կազմակերպում հրոսակներից,  այլ  70 հոգով ուղղակի գրոհում են թուրքերի դեմ: Թուրքերը կռվում էին ՝ չիմանալով հակառակորդը մարտական ինչ գործողություն է կիրառում, քանի որ ինքնազոհողությունը չի կարող համարվել ճակատամարտ: 70 հոգին այնպիսի սահմռկեցուցիչ տպավորություն են թողնում, որ թուրքերը շրջվում ու հեռանում են, բայց սա դեռ ամենը չէ: Մի քանի օրից վերադառնում է Հասան Արծրունին և որոշում է զոհված հոր և կրսեր եղբոր վրեժը լուծել: Խորամանկորեն համոզում է թուրքերին, որ վերադառնան Թոռնավան՝ասելով, որ 70 հոգուց ավել մարդ չկա: Թալանի հոտն առած թուրքերը հարձակվում են Թոռնավանի վրա, իսկ նրանց դեմ դուրս է գալիս 5000-անոց հայկական զորագունդը: Քաջատեղյակ լինելով տեղանքին՝ հայերը ուղղակի ջարդում են 15 000 բանակը:
 

Ինքնազոհողությունը և հակառակորդին հաստատակամորեն մինչև վերջ հաղթելու կամքը հայ ռազմիկի գլխավոր բնութագրիչն են եղել:
 

Իսկ ժողովուրդն  ինչպե՞ս է սիրելմեծարել իր հերոսինԲանահյուսական ի՞նչ հետաքրքիր հիշատակումներ կան:
 

- Հայ ժողովրդի համար հերոսի մարմացումը Սասունցի Դավիթն է, որի ճակատամարտելու դրվագը լավագույնս է բնութագրում հերոսի հավաքական ընկալումը: Նա մենակ է դուրս գալիս կռվի և դեռ ավելին՝ ռազմակոչ է հնչեցնում, որը բնավ էլ նման չէ ասպետական ռազմակոչերին, այնտեղ չկա ատելության որևէ նշույլ, միայն՝ հայրենքը պաշտպանելու կոչ: Իր երկիր ներխուժած հակառակորդին  գրոհելուց առաջ ձայն է տալիս. «Ով քնած է արթուն կացեք, ով արթուն է, ելեք, կացեք, հետո չասեն, թե մենք քնած, Դավիթը եկավ, գող-գող գնաց»:  Չնայած բոլոր բարոյական իրավունքներն ուներ իր հայրենիք ներխուժած հակառակորդի հանդեպ վարվել այնպես, ինչպես կկամենար: Մելիքը բանակցություններ է վարում  և խաբեությամբ Դավթին փոսի մեջ է գցում: Թվում էր, թե Դավիթը ոչնչացված պիտի լիներ, բայց՝ ոչ.  դուրս է գալիս փոսից ու Մելիքին մենամարտի հրավիրում, ու նորից ատելության ոչ մի նշույլ, այլ՝ հայրենիքը պաշտպանելու հաստատակամություն և վերջ: Դավթի մեծահոգությունը նրանում է, որ նա ոչ թե ձևանում, այլ իրապես մեծահոգություն է դրսևորում: Դա  ակնառու է իր հարվածների ժամանակ, երբ իր առջև են դուրս գալիս Մելիքի մայրը և քույրը: Իմանալով, որ իրեն մնացել է մեկ հարվածի հնարավորություն, երկու հարվածը նրանց է բաշխում: Ահա այսպիսին է հայ ժողովրդի ընկալումն իր հերոսի հանդեպ: Անգամ ռազմական գործողությունների պարագայում կարող է մինչև որոշակի պահի նահանջել, զիջել, ընդ որում՝ նահանջը պարտություն չի: Դավթի մեծահոգությունը թուլություն չի՝ չնայած 21-րդ դարի տեսանկյունից կարելի է նայել որպես բացթողում:
 

Եթե զուգահեռներ անցկացնենք նախաքրիստոնեական և հետքրիստոնեական ժամանակաշրջանների միջևինչպիսի՞ն է եղել հայ մարտիկը:
 

- Ինչպես էպոսում է երևում՝ հայ ռազմիկին հատուկ մեծահոգությունը գալիս է վաղնջական ժամանակներից, որն այնքան հատուկ է քրիստոնեությանը:  Չունենք տարանջատելու տեղ, թե որտեղ, ինչպես հայ հերոսը դարձավ քրիստոնյա: Մենք խոսում ենք ռազմարվեստի տարրերի  ժառանգման մասին: Ռազմարվեստը զարգանում է ինքնավար կերպով, ունի մեկ նպատակ` հակառակորդը պետք է պարտվի:
 

Մեծ Մհերի և Մսրա Մելիքի հոր մենամարտում էպոսը նշում է. «էն որ Մհերն է՝ ուժով էր, էն որ Մելիք էր՝ ֆոնդով էր (խորամանկությամբ)»: Չկարողնալով հաղթել Մհերին՝ Մելիքը եղբայրանում է նրա հետ: Մհերը ցույց տվեց իր ուժը:
 

Զարմանալի է՝ ինչպես Վանի փոքր թագավորությունը հանկարծ դարձավ տարածաշրջանային գերտերություն  և ձեռնոց նետեց հզոր Ասորեստանին: Ըստ գիտնականների՝ ասորեստանցիների վայրագություններն էին պատճառը, որ Վանի փոքրիկ թագավորությունը միավորեց  հարակից պետություններին: Ադոնցը վկայում է,  որ ասորեստանցի արքաները կատաղած շան  կամ  վայրի ցուլի  նման հարձակվում էին հակառակորդի վրա, հիմնովին ավիրում նրանց քաղաքները, քաղաքի բնակիչների գլուխներից բուրգեր սարքում, պատանիներին մորթազերծ անում: Այսօր մահմեդական աշխարհում կանանց դեմքը փակելու սովորույթը եկել է այդ ժամանակներից: Ասորեստանցիների կողմից կանանց հանդեպ մեծագույն մարդասիրություն կարող էր լինել՝ կտրելով միայն նրանց քիթը կամ ականջները… Այս բարբարոսությունների կողքին է, որ Վանի թագավորության Ռուսա I-ի արձանագրությունը պատմում է. «Մուսասիրի արքան  եկավ ինձ ընդառաջ, և ես նրա նկատմամբ լավ վարվեցի, ես նրա զինվորներին կերակրեցի»: Այսպիսի վերաբերմունք է ունեցել հակառակորդի հանդեպ իրեն գերության հանձնած հայ արքան:
 

Հերոսամարտերի ողջ պատմության ընթացքում կա՞ն հերոսներ, որոնք հատկապես սիրելի են ժողովրդի համար:
 

 - Ընդամենը պետք է ժողովրդին ծանոթացնել իր հերոսների հետ: Նրանք բազմաթիվ են՝ սկսած Արատտայի կռիվներից շումերների դեմ, Վանի թագավորությունից Մենուա, Արամեի, Սարդուրի Ա-ի կերպարները, որի օրոք, ի դեպ, Վանի թագավորությունը գերտերություն դարձավ և ձեռնոց նետեց Ասորեստանին: Հետագայում Տիգրան Երվանդյան, Տիգրան Մեծ ու  Մամիկոնյան սպարապետները: Բոլորը գործում են  նույն պատվո վարքականի շրջանակներում: Վասակ Մամիկոնյանը Արշակ II –ի հետ ձերբակալված լինելով Տիզբոնում՝ իմանալով, որ իրեն մորթազերծ լինելու մահապատիժն է սպասվում, պատվախնդրորեն Շապուհին հայտարարում է. «Մինչև այս ես առյուծ էի,  հիմա իմ զորքը չկա` ինձ աղվես ես ընակալում, եթե իմ զորքը լիներ, ես կջարդեի քեզ»: Ավելի մեծ ապտակ արքային հնարավոր չէր հասցնել: Նույն հոգեբանությամբ Վասակ Մամիկոնյանի որդի Մուշեղ Մամիկոնյանը 370թ. հայ պարսկական ճակատամարտի ժամանակ գերեվարում է հորը մահապատժի ենթարկած Շապուհ արքայի կանանոցը և վերադարձնում: Դեռ ավելին,  ինչպես պատմիչն է ասում` ժանվարներ պատրասում նրանց համար: Չնայած հաջողությամբ կարող էր այդ փաստը օգտագործելով՝ զիջումներ պահանջել Շապուհից: Տարբեր իրադարձություններում, տարբեր հերոսների պարագայում տեսնում ենք էպոսի Դավթի կերպարը:  
 

Արմեն Այվազյանի հեղինակած «Հայ զինվորականության պատվի վարքականոնը» գրքում մի ուշագրավ փաստ է հանդիպում, որը,  ի տարբերություն այլ երկրների, հայերի մեջ ասպետի անվանը ոչ հարիր որևէ վարմունք թույլ տված  անձն այլևս հնարվորություն չուներ ասպետի՝ իր անունը վերականգնելու: Նման գործընթաց զինվորական վարքականոնն ուղղակի չուներ:
 

-  Այսօրվա հայ զինվորը, սպան ի՞նչ է ժառանգել իր նախնիներից, ի՞նչ նոր ձեռքբերումներ է ունեցել:
 

- Ո՞վ կարող էր պատկերացնել, որ եղեռն տեսած ազգն ընդամենը երեք տարի հետո կունենար մայիսյան հերոսամարտեր: Եղեռն տեսած սերնդի հաջորդ սերունդը կհասներ Բեռլին, II-րդ աշխարհամարտին 20. 000-ից  ավելի  հայորդիներ մասնակցություն կունենային ամերիկյան բանակում, 30. 000-ից ավելին` Մեծ Բրիտանիայի բանակում: Ըստ դոկտոր Կլիմենտ Հարությունյանի խորհրդային բանակում ունեցել ենք  65 գեներալ: Ցեղասպանություն ապրած սերնդի հաջորդ սերունդը հասնում է Բեռլին ու պարում իր հաղթական քոչարին: Ի տարբերություն ռուսների, որոնք կարող են հստակ նկարագրել Բեռլինի գրավման օպերացիան, մենք, բացի մասնագետներից, չենք կարող ասել, թե հայերն ինչ գործողություններ են իրականցրել Բեռլինում, բայց բոլորը գիտեն, որ այնտեղ քոչարի են պարել: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ քոչարին մարտական գործողություն չես կարող համարել: Հայը հակառակորդի որջում պիտի պարեր քոչարի, որ ցույց տար՝ ինքն ով է եղել:  
 

Ու նորից անհավանական թվացող իրադարձություններ Արցախում:  Մարտավարական սկզբունքներ, օրենքներ են խախտվում  հակառակորդի նկատմամբ գործողություններ իրականացնելիս: Չեն պահպանվում տարրական մարտավարական կանոնները. հարձակվում են հակառակորդի  երեք անգամ գերազանցություն ունեցող զորքերի վրա, նրանց հինգ-վեց անգամ գերազանցություն ունենալու պարագայում ճեղքում են իրականացնում, երբ չկա անգամ սպառազինություն, մարտական տեխնիկա, վառելիք: Ու այս պայմաններում հայերը հաղթում են, սրան կա միայն մի բացատրություն. Գեներում քնած Սասունցի Դավիթն է արթնանում: Հայը հակառակորդի հանդեպ պետք է ունենա բարոյական գերազանցություն, ընդ որում՝ շեշտված բարոյական գերազանցություն, որը բնավ չի նշանակում ֆիզիկական թուլություն: Հայը վեհանձնաբար կռվեց, վեհանձնաբար հաղթանակ տարավ` մնալով վեհանձն:  
 

- Այսօր ունենք պետություն, կայացած բանակ, կարո՞ղ ենք ասել, որ մեր պայքարն ավարտված է :
 

- Նախ՝ պատերազմն ավարտված չի, զինադադար է: Մենք ռազմական հաջողություններ ենք արձանագրել, դա պետք է ամրապնդվի դիվանագիտորեն, քաղաքականապես, տնտեսապես: Վերջին տարիներին Ադրբեջանը մեզ ներքաշել է տեղեկատվական պատերազմի մեջ, մեր պայքարը դեռ շարունակվում է:  Մենք մեր պատմությունը պատշաճ մակարդակով լուսաբանելու խնդիր ունենք: Մի՞թե պատահական է, որ մեր պատմահայրը նշում է ոչ թե «Հայստանի պատմություն», ինչպես այլոց մոտ է (Վրաստանի, Ռուսաստանի), այլ՝  «Հայոց պատմություն». այն է՝ հայ ժողովրդի պատմություն:
 

 Զրուցեց Գոհար ՍԱՐՈՅԱՆԸ
 

Սկզբնաղբյուրը՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2021-10-18
×