Ազգայինի վերականգնումը՝ ինքնությունը պահպանելու հուսալի ուղի

Ազգայինի վերականգնումը՝ ինքնությունը պահպանելու հուսալի ուղի

Ցեղասպանության հետևանքով կորցրել ենք նաև տարազի մշակույթը

1915-ի Ցեղասպանությունն ուղեկցվել է մեր բազմաթիվ ազգային արժեքների ոչնչացմամբ և կողոպուտով: Եվ այսօր  նրանք ջանում են նենգափոխել պատմությունը և իրենց վերագրել մեր մշակույթի բազմաթիվ երևույթներ, այդ թվում՝ տարազը: Ինչպե՞ս է ծագել ու զարգացել հայկական տարազը: Ի՞նչ առանձնահատկություններով են աչքի ընկել Արևմտյան Հայաստանի տարազները և ի՞նչ ճանապարհով է հնարավոր դրանք  վերականգնել: Այս հարցերի շուրջ իր դիտարկումներն ու մտորումներն է ներկայացնում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սվետլանա  ՊՈՂՈՍՅԱՆԸ:

- Հայկական տարազի վերաբերյալ կան հնագիտական նյութեր: Վանի շրջանում պատրաստված գործվածքների մասին տեղեկություններ են հաղորդում պատկերաքանդակները և որմնանկարները: Ասորական թագավորների արձանագրություններում Ուրարտուից տարված ավարի մեջ անասունների, ոսկե և արծաթե զարդերի , թակարժեք քարերի հետ հիշատակվում են նաև գույնզգույն կերպասներ և զգեստներ , 130 հագուստ, նույնիսկ վուշե շապիկ: Ուրարտական արքաների հագուստների մասին բավական ուշագրավ պատկերացում է տալիս Թոփրակ Կալեի պեղումներից հայտնաբերված մեդալյոնը, որի վրա պատկերված կանանց պատմուճանները պճղնավոր են ու ճոխ. կտորի վրա պարզ երևում են նախշերը՝ քառակուսի զարդամոտիվներով: Դիցուհու հագած պատմուճանը երիզված է ասեղնագործ ծոպերով, թևերը կարճ են ու զարդանախշված: Մեջքին կրում է գոտի, իսկ գլուխը ծածկված է նուրբ շղարշե քողով:

Պատմիչներ Ագաթանգեղոսը, Խորենացին, Եղիշեն , Բյուզանդը, Փարպեցին վկայում են այն մասին, որ հայ թագավորները, թագուհիներն ու իշխանուհիները հագնում էին ծիրանագույն, ազնիվ կտորից կարված պատմուճաններ: Հայաստանում արտադրվող կտորների և զգեստների մասին հիշատակություններ կան նաև օտար աղբյուրներում: Օրինակ, 9-րդ դարի արաբ ճանապարհորդ Իբն Հաուքալը Դվինում գործված կտորատեսակների մասին գրել է.«Դաբիլում (Դվին) պատրաստում էին աղվամազից բրդե գործվածքեղեն, մետաքսյա հագուստներ, որոնց նմանները չկան ուրիշ երկրներում»:

Անիի ու Դվինի պեղումներից ձեռքբերված գործվածքների եզակի նմուշները, միջնադարյան Հայաստանի եկեղեցական ու աշխարհիկ կառույցների վրա եղած պատկերաքանդակները, մանրանկարչության մեջ արտահայտված մեծարժեք նյութերը վկայում են  միջնադարյան Հայաստանում ջուլհակագործության և կտավագործության զարգացած լինելու մասին և միաժամանակ կարևոր աղբյուր են հին հայկական տարազներն ուսումնասիրողների համար:

- Տիկի՛ն Սվետլանա, գիտենք, որ յուրաքանչյուր պատմական նահանգ ունեցել իր տարազը կամ տարազախմբերը: Ի՞նչ առանձնահատկություններով են աչքի ընկել  Արևմտյան Հայաստանի տարազները:

- Այո՛: Հայկական տարազներն իրենց  բազմազանությամբ նման են մեր բազմաբարբառ լեզվին:Եվ նշեմ, որ պատմական հանգամանքների բերումով ձևավորվել է երկու տարազային համալիր՝ արևմտահայկականը և արևելահայկականը: Տարազային համալիրներում վառ արտահայտվել են սոցիալական, տոնածիսական, սեռատարիքային, անգամ՝ մասնագիտական տարբերությունները:

Արևմտյան Հայաստանի տարազային համալիրի մեջ մտնում են Վասպուրականի, Բարձր Հայքի, Սասունի տարազաձևերը, ինչպես նաև Կիլիկիայի և Փոքր Հայքի հայաբնակ շրջանների տարազները: Արևմտյան Հայաստանի տարազներն աչքի են ընկնում բուսական և երկրաչափական զարդանախշերով, որոնք առկա են  թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց հագուստներում: Կրել են բարձրարվեստ զարդեր, որոնք ամբողջացրել են տարազային համալիրը: Բազմաթիվ աղբյուրներ վկայում են, որ Արևմտյան Հայաստանի որոշ տարազաձևեր որոշակի ազդեցություն են ունեցել Վասպուրականում, Աղձնիքում, Տուրուբերանում ապրող քրդերի, ասորիների և հարևան այլ ժողովուրդների տարազի վրա:

Արևմտյան Հայաստանի տարազային համալիրներից մեկ օրինակ հիշատակելն էլ բավական է՝ պատկերացում կազմելու համար հայ մարդու ստեղծագործական բարձր ձիրքի, գեղագիտական  նուրբ ընկալումների ու ճաշակի մասին:

Բարձր Հայքի տարազախմբերն ընդգրկում էին Բարձր Հայքի նահանգը: Այս տարազի փոփոխակները տարածված էին նաև Բասենում, Կարսում, Բագրևանդում, մասամբ նաև Համշենում: Բարձր Հայքի տարազի համալիրները շքեղ են ու գեղեցիկ, հարուստ հրաշալի ոսկեթել ասեղնագործությամբ, ներդաշնակ ամբողջություն են կազմում վերնազգեստն ու գոգնոցը, գլխի բարդ հարդարանքը, ոսկե և արծաթե մարգարտակուռ հոյակապ ու բարձրավեստ զարդերը, ագանելիքը: Գեղազարդման բարձր արվեստով առանձնանում են հատկապես տոնական թավշյա կամ մետաքսյա վերնազգեստները, որոնք եզրազարդվում էին նրբահյուս ասեղնագործ բուսանախշերով: Տոնական զգեստի թեզանիքներն ավարտվում էին մետաքսյա թաշկինականման հավելվածներով, որոնք առանձնակի շուք էին հաղորդում զգեստին: Կրում էին մետաքսահյուս գոտիներ՝ ընծայական, բարեմաղթանքների մակագրություններով:

Նշեմ, որ 18-20-րդ դդ. պահպանված նյութերը վկայում են այն մասին, որ հայկական տարազային համալիրները՝ հատկապես Արևմտյան Հայաստանում, աչքի են ընկել իրենց շքեղությամբ, որի բոլոր տարրերը, գույներն ու զարդանախշերը ներդաշնակորեն լրացրել են միմյանց:

- Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում պահվող լուսանկարներում երևում է,  որ Արևմտյան Հայաստանի բնակավայրերի տարազների զարդանախշերը մեծ առնչություն ունեն հայկական արվեստի մյուս բնագավառների հետ՝ ոսկերչություն, գորգագործություն, մանրանկարչություն և այլն:Կուզեի՝ խոսեք այս մասին:

- Դուք իրավացի եք: Դա հաստատում է այն իրողությունը, որ մեր ավանդական տարազը, որպես հայկական ոչ նյութական մշակույթի տարր, առանձին գոյություն չունի. դա նշանների մի ամբողջ համակարգ է և սերտորեն կապված է մի շարք արվեստների հետ: Օրինակ, տարազն ամբողջացնող զարդահամալիրները պատրաստել են ոսկերիչները, արծաթագործները, իսկ օղերը՝ դարբինները: Տարազների հարդարման գլխավոր դրսևորումներից էր ժանեկագործությունը, ասեղնագործությունը: Յուրաքանչյուր աղջիկ տիրապետում էր այս կամ այն դպրոցի ասեղնակարերի հնարքներին՝ սկսած ամենապարզից մինչև ամենաբարդ զարդանախշերը, որը նրան ավագները սովորեցնում էին դեռ վաղ մանկուց: Բացի այն, որ դա օգտագործվում էր կենցաղում, կիրառվում էր նաև տարազում:

- Ազգային տարազը հայ մարդը կրել է մինչև 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը: Ցեղասպանության հետևանքով մենք կորցրեցինք մեր մշակույթի այս շերտը: Որպես ազգագրագետ՝ ի՞նչ ճանապարհ եք տեսնում հայկական տարազի մշակույթը վերածնելու և նոր շունչ հաղորդելու համար:

- Թանգարաններն այն հանգրվաններն են, ուր պահվում են մեր ազգային մշակույթի վերաբերյալ բազմաթիվ մասունքներ, այդ թվում՝ տարազների նմուշներ: Տարազներ  պահպանվում են Հայոց Ազգագրության թանգարանում, Պատմության թանգարանում, մի շարք երկրագիտական թանգարաններում: Տարազը որպես ոչ նյութական մշակութային ժառանգության  տարր՝ խիստ պահպանության կարիք ունի: Որպես ազգագրագետ՝ մեր տարազները  վերականգնելու և նորովի մատուցելու համար երկու ուղի եմ տեսնում:

Առաջին. երգի ու պարի խմբերը պետք է կիրառեն հայկական տարազի ոգուն համապատասխան, հայկական մտածողությամբ, գունային լուծումներով և զարդանախշվածությամբ, ճիշտ ձևվածքով և կտորատեսակներով արված հագուստներ: Այստեղ է, որ մենք լուրջ խնդիրներ ունենք, քանի որ քիչ խմբեր կան, որոնք հավատարիմ են հայկական տարազի համակարգին: Մինչդեռ այս պարագայում հագուստը պետք է ամբողջովին համապատասխանի ավանդական տարազին: Մի հանգամանք ևս. հագուստները չպետք է վերականգնվեն լուսանկարների և գեղանկարների հիման վրա, քանի  որ դրանք ոչ լիարժեք պատկերացում են տալիս: Լուսանկարը կարող է պատկերացում տալ միայն վերնազգեստի մասին, իսկ գեղանկարիչը հաճախ  ստեղծագործաբար է մոտենում տարազաձևերի հարդարանքին: Այստեղ է, որ անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել թանգարանային նմուշները:

Երկրորդ. որպես սկզբնաղբյուր՝ դիզայներներն էլ իրենց հերթին կարող են ուսումնասիրել տարազները և նորաձևության մեջ օգտագործել դրանց բնորոշ նախշերը: Սա դժվար, բայց շնորհակալ գործ է, որովհետև ճիշտ վերականգնված հագուստն ազգային մտածողության, ժողովրդական հմտությունների վերածնման միակ ճշմարիտ ուղին է:

-Տիկի՛ն Սվետլանա, մեր պատմական կոթողների վրա տեղ գտած հարթաքանդակները, ինչպես նաև հայկական մանրանկարչությունը հարուստ նյութ են տալիս տարբեր դարաշրջանների ազգային տարազներն ուսումնասիրելու համար: Հնարավո՞ր է այս սկզբնաղբյուրների շնորհիվ մոռացումից փրկել հայկական տարազները՝ այդ թվում  արևմտահայկական տարազային համալիրները:

- Արևմտյան Հայաստանի տարազները, բարեբախտաբար, պահպանվել են: Թանգարաններում, մասնավոր հավաքածուներում կան արխիվային լուսանկարներ: Մեր կոթողների վրա տեղ գտած պատկերաքանդակները մեզ հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու միջնադարյա՛ն տարազների մասին: Մենք հաճախ այդ պատկերաքանդակներում տեսնում ենք հարուստների հագուստներ, որոնց վրա երբեմն նկատելի է այլ մշակույթների ազդեցությունը: Իսկ միջնադարյան  մանրանկարներում հիմնականում ներկայացված են ժողովրդական հագուստները, որոնք, թեև սակավաթիվ են, բայց կան:

- Հայոց  ցեղասպանության հետևանքով հայկական մշակութային ժառանգությունը ոչ միայն ծանր կորուստ կրեց, այլև շատ ազգային գանձեր ցիրուցան եղան: Որևէ աշխատանք տարվե՞լ է աշխարհի տարբեր անկյուններում, մասնավոր հավաքածուներում տեղ գտած հայկական տարազները վերադարձնելու ուղղությամբ:

- Դա բավականին դժվար, բայց անհրաժեշտ աշխատանք է: Ես իմ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել եմ հայկական ավանդական տարազների գծով և ինձ հայտնի է՝ որ թանգարաններում կան հայկական տարազներ. օրինակ՝ Վրաստանի թանգարանի Կովկասի բաժնում, Ռուսաստանի Ազգագրության թանգարանի Կովկասի բաժնում, Իրանի Նոր Ջուղայի թանգարանում և, իհարկե, Հայաստանի Պատմության թանգարանում…Շատ ցանկալի կլինի, որ 21-րդ դարում, երբ կան տեխնոլոգիական հնարավորություններ, կարողանանք ստեղծել հայկական տարազների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարան, դրանք մուտքագրվեն և կազմվեն տարազների թվային պատկերները, ինչն անվիճարկելի  աղբյուր կլինի դիզայներների և  ուսումնասիրողների համար:

- Վերջին ժամանակներում որոշ եվրոպական նորաձևության տներում փորձ է արվում կիրառել հայկական տարազների նախշերը և Հայոց Այբուբենը: Ո՞րն է Ձեր ուղերձը հա՛յ ստեղծագործողներին:

- Կարծում եմ՝ եվրոպացի դիզայներները շատ մեծ հաջողությամբ կիրառում են իրենց էթնիկ տարազների առանձնահատկությունները: Մեր դիզայներները հիմա արդեն լավ աշխատում են: Օրինակ, «Տերյան մշակութային կենտրոն»-ը ձգտում է մոտենալ հայկական տարազին: Իսկ որոշ դիզայներներ փորձում են կիրառել ազգային տարազի առանձնահատկությունները, բայց դեռևս մի քիչ համատեքստից կտրված տեղ կա: Պետք է ամեն ինչ ավելի շաղկապված լինի՝ կապված ձևվածքի, հագուստի տարրերի և գունային լուծումների հետ: Եվ վաղուց ժամանակն է, որ մեր  ստեղծագործողներն օգտվեն հայկական տարազի ընձեռած լայն հնարավորություններից: Սա ազգայինը վերականգնելու և ինքնատիպ լինելու հուսալի ճանապարհ է: Ի վերջո, ազգային տարազը ոչ միայն  արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը :

 

«Շողակն» երկշաբաթաթերթ
Զրուցեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ

  • 2021-10-18
×