Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է «Մոշն Թայմ» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Նավասարդյանը:
Ինչպե՞ս առաջացավ հանրային տրանսպորտում Աստծո խոսքը տարածելու գաղափարը:
Մեծ ցանկություն ունեինք Արարատյան Հայրապետական թեմի և Qahana.am կայքի հետ համագործակցելու, ուստի լայն քննարկումների արդյունքում առաջացավ հանրային տրանսպորտում Աստծո խոսքը տարածելու գաղափարը: Հայ հասարակությունը Աստծո խոսքի կարիքն ունի՝ որպես հույս, որպես լույս այս դժվարին ժամանակներում: Կարծում ենք, որ այս ծրագրի շնորհիվ Հայ Առաքելական եկեղեցին հնարավորություն կունենա մեր հասարակության լայն զանգվածներին ներկայացնել Տիրոջ խոսքը:
Ինչպե՞ս եք նախատեսում զարգացնել այս ծրագիրը:
Մեր աշխատանքները պետք է ձեզ հետ համաձայնեցված լինեն: Մենք առաջարկում ենք Աստվածաշնչից համարներ տեղադրել տրանսպորտային բոլոր միջոցներում (միկրոավտոբուս, ավտոբուս, տրոլեյբուս): Ձեր հավանության դեպքում մենք պատրաստ ենք իրականացնել այդ ծրագիրը:
Դուք հաճա՞խ եք ընթերցում Աստվածաշունչ մատյանը:
Աստվածաշունչը սեղանի գիրք է, ամենօրյա ընթերցման գիրք, որը հարստացնում և զորացնում է մարդու միտքն ու հոգին: Ավելի հաճախ ընթերցում եմ Հովհաննեսի Ավետարանի 3.1-21, 14.6-27 համարները, 15-րդ գլուխը, Գործք առաքելոցի 2.1-39 համարները:
Արդի մարտահրավերների ժամանակաշրջանում ինչպե՞ս է Ձեզ հաջողվում պահել պատվիրանները:
Փորձում եմ պահել պատվիրանները, բայց չգիտեմ, թե ինչքանով է ստացվում: Պողոս առաքյալն ասում է. «Կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր» (Եբր. 4.12): Ուստի անհրաժեշտ է ընթերցել Ս. Գիրքը, աղոթել և հավատալ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին:
Արևիկ Համբարյան