«Եթե մարդն իր արդար պահանջի հետևից չի գնում, Աստված էլ նրան կմերժի: Ներողամտությունն այն դեպքում է, երբ դիմացդ համարժեք մարդ է լինում, փոխադարձ ըմբռնում է լինում: Բայց, եթե անտառում արջի ես հանդիպում, պետք է արջի դեմ արջին համապատասխան միջոցներով գործես: Հակառակ դեպքում զոհ պետք է գնաս». գրականագետ Դավիթ Գասպարյան:
www.qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանը:
Ի՞նչ է ցեղասպանությունը: Ինչքանո՞վ է Հայոց ցեղասպանությունը հասու աշխարհին:
Նախ խոսեմ ցեղասպանություն արտահայտության մասին: Մենք տարբեր արտահայտություններ ենք օգտագործում՝ հալածանք, հայրենազրկում, աքսոր, կոտորած, ջարդ, եղեռն, Մեծ եղեռն, իսկ վերջերս ավելի շատ օգտագործում ենք ցեղասպանություն բառը: Այս բոլոր բառերը նույն շղթայի մեջ են, նույն իրողության տարբեր արտահայտություններն են: Ես այն կարծիքի եմ, որ այն, ինչ կատարվեց մեր ժողովրդի հետ սկսած 1878թ.-ից՝ ռուս-թուրքական պատերազմից հետո մինչև 1922-1924թթ՝ այս ընթացքի ճիշտ բառը բնաջնջումն է: Ցեղասպանությունը որքան էլ ծանր է, բնաջնջումը մի ահավոր բան է: Այն է, ինչ կատարվեց մեր ժողովրդի հետ, մեր հայրենիքի հետ, մեր մշակութային արժեքների հետ, մեր լեզվական հիմքերի հետ, մեր գրականության հետ, դա բնաջնջում է: Սա է Հայկական գենոցիդ կոչվածի ճիշտ արտահայտությունը, իրեղեն արտահայտությունը, որովհետև տարբեր փուլեր կան՝ 1894-1896թթ., 1909թ.-ի Ադանայի կոտորածը, 1915թ.-ի առաջին համաշխարհային պատերազմը, և այսպես շարունակ… Սա այն է, ինչ ծառը բնից կտրած: Այդ ծառն էլ չի աճի, լավագույն դեպքում կողքերից շիվեր կտա, բայց այդ շիվերից ոչ մեկը նոր բուն չի դառնա: Նախ մեկը մյուսին կխանգարի, լավ այգեպանն էլ չկա, որ էտի ու շիվն ուժեղանա: Եվ այս ողբերգությունն ապրել է մի ժողովուրդ, ով 4000-5000 տարի ապրում էր իր հայրենիքում, իր բնաշխարհում: Սա պատկերացումից դուրս է: Երբ լսում եմ արվեստի, թե արտասահմանի, թե ներսի քաղաքական դեմքերի հաշտվողական, ներողամտական հայացքները Թուրքիայի հանդեպ, Օսմանյան կայսրության ժամանակ արվածի հանդեպ, ես զգում եմ, որ մեր մտավոր դեմքերը այլասերված են: Եթե մարդն իր արդար պահանջի հետևից չի գնում, Աստված էլ նրան կմերժի: Ներողամտությունն այն դեպքում է, երբ դիմացդ համարժեք մարդ է լինում, փոխադարձ ըմբռնում է լինում: Բայց, եթե անտառում արջի ես հանդիպում, պետք է արջի դեմ արջին համապատասխան միջոցներով գործես: Հակառակ դեպքում զոհ պետք է գնաս: Սա ասում եմ, որովհետև այս դաժանագույն պայքարի մեջ, աշխարհի քաղաքական վազքի մեջ շատ վատ բաներ են կատարվում՝ Աֆրիկայի հյուսիսում, Ուկրաինայում, աշխարհի տարբեր երկրներում: Նույն ձեռագրի տարբեր արտահայտություններն են: Կան և ողորմելի մտավոր մարդիկ, ովքեր ելույթ են ունենում. «Թուրքը ուզում էր թողնել միայն մի հայ, այն էլ թանգարանում, բայց մենք, տեսեք, շատ ենք»: Այսպես չի կարելի: Մենք մեր ազգային արժեքների ճիշտ գնահատությունը պիտի ունենանք, պատմության մեջ ճիշտ պիտի արձանագրենք դա: Եթե մեր բնականոն աճը մնար մեր պատմական հայրենիքում, մենք այսօր Ֆրանսիայի պես երկիր պետք է լինեինք և տարածքով, և ժողովրդի քանակով, որովհետև առավելագույնը 20-25 տարվա ընթացքում եղածը կրկնապատկվում է: Ենթադրենք, որ այդ հաշվարկը ճիշտ է՝ 1.5 մլն զոհ գնաց, 1.5 մլն դարձավ սփյուռքահայ, 1915թ.-ի այդ 3 մլն-ը 1940թ.-ին կդառնար 6 մլն, 1965թ.-ին կդառնար 12 մլն, 1994թ.-ին կդառնար 24 մլն, այսօր կդառնար 48 մլն: Մեր հայրենիքը կմնար: Ավելի ահավոր բան, քան չգիտակցելը և հիշողությունը կորցնելը, չկա: Չգիտակցելու և հիշողությունը կորցնելու հետևանք է այն, որ այսօր այսչափ արտագաղթ կա, մարդն արդեն լվացած ուղեղով է: Կան համաշխարհային կազմակերպություններ, աղանդներ, հազար ու մի բան, որ մարդուն դարձնում են ոչինչ: Հանում են ուղեղը, մի քանի բան սրսկում են, համաշխարհայնացման սառը քամիները մտցնում են մեջն ու մարդը կորած է արդեն: Շատ կարևոր է, որ նախ եկեղեցին իր հզոր դերն ունենա այսօր իր հավատացյալ ժողովրդի կյանքում, մտավորական մարդն իր խոսքի արժեքն իմանա և իր արժեքը ճիշտ պահպանի: Այսօր էլ կան ծախու, հաճոյացող մտավորականներ, ովքեր հաջողություն ունեն: Իսկ իսկական մտավորականը միայն իր ժողովրդի ճշմարիտ շահից, վիճակից է խոսում:
Հայ ժողովրդի բնաջնջման օրերին Ձեր մեծ հայրիկը՝ Արշակ Գասպարյանը շատերին է փրկել: Ո՞ւմ է փրկել և ինչպե՞ս:
Իմ և հայրական, և մայրական կողմն այս ողբերգության զոհերն են: Հայրական կողմս՝ Վան, մայրական կողմս՝ Խոյ: Երեխա տարիներից ականջներիս մեջ հնչվել են այդ խոսակցությունները՝ գաղթի ճանապարհ, տեղանուններ, մարդիկ, դեպքեր, ով որտեղ մնաց, ինչ կատարվեց: Այս ընթացքը շատ ծանր է: Արշակ Գասպարյանը շատ երևելի մարդ էր, ով կարողացավ իր տոհմը, իր աղխը փրկել: Երեխա էի, երբ մեծերը մեր ցեղի, մեր տոհմի գալիս և հավաքվում էին մեր տանը և ինչ երախտագիտությամբ էին խոսում պապիս մասին, որովհետև ասում էին՝ եթե նա չլիներ, բոլորս կորած էինք: Փրկեց, բերեց, կինը՝ Եղիսաբեթը ճանապարհին մնաց, ուրիշ-ուրիշ ողբերգություններ ապրեցին, բայց հիմնականը կարողացավ փրկել: Մյուս կողմը դարձյալ ենթարկվել է հալածանքների: Հորական տատս՝ Սիրվարդը պատմում էր իր եղբայրների ողբերգության մասին, արցունքն աչքերից չէր չորանում, թեպետ տարիներ էին անցել: Սրան էլ ավելացավ խորհրդային 1915 թիվը, դա էլ 1936-1937թթ.-ի մտավորականության հալածանքն էր, աքսորը, գնդակահարությունը, որին էլ ենթարկվեց իմ մորական պապը՝ Սրապիոն Ղարիբյանը: Նա ասել էր, որ եթե մտնեք կոլխոզ, սովամահ կլինեք: Այդ մի ճիշտ ակնարկի համար իր համագյուղացիների կողմից մատնվեց, վեց օրում նրան գնդակահարեցին որպես ժողովրդի թշնամի: Տատս հորս ասում էր. «Վազգեն, մի նամակ, մի դիմում գրենք, տեսնենք այդ մարդն ուր է, ինչ վիճակում է, լուր չկա»: Վեց օրում գնդակահարել էին, անընդհատ խաբում էին, թե աքսորում է: Շատ ուշ պատասխանեցին, որ աքսորում մահացել է: Իսկ խեղճ կինը սպասում էր: Սա է ողբերգությունը: Սա յուրաքանչյուր ընտանիքում է: Հազվադեպ կարող են լինել ընտանիքներ, որ այս ցավին և անեծքին չեն ենթարկվել, որ պետություններն անում են իրենց ժողովուրդների գլխին:
Մեր ժողովրդին պետք է ամրապնդվել, ուժեղանալ: Ամբողջ Հայաստանը լեցուն է չամուսնացած աղջիկներով, ամուսնալուծված կանանցով, տարիքն առած աղջիկներով: Սա ազգային հերթական մի աղետ է: Պետք է ամուսնանան, երեխաներ ունենան, որ ազգը բարգավաճի, իսկ մենք գնում ենք նվազման ճանապարհով, որը մեզ տանում է կործանման: Դրա համար պետք է ամրապնդել տնտեսությունը, երկիրը, ժողովրդին հոգեբանորեն և բարոյապես ամրապնդել, մատչելի դարձնել ամեն ինչ, թեթևացնել այս ծանր լուծը, որ շնչառությունը գա տեղը:
Հռոմի պապն հայ ժողովրդի կողմից 100 տարի առաջ վերապրածը հռչակեց ցեղասպանություն: Ձեր կարծիքն այս մասին:
Դա մեր ցավի հանդեպ եղած համաշխարհային վերաբերմունքի բարձրակետն է: Կեցցե Հռոմի պապը: Այն, ինչ նա արեց, բացառիկ է: Պատահական չէ, որ անմիջապես դրանից հետո եվրոպական շատ երկրներ վերաբերմունքը փոխել են, ինչի անդրադարձը մենք այս օրերին կտեսնենք: Թուքիայի մերժողական, ժխտողական քաղաքականությունը ողորմելի, ծիծաղելի է արդեն: Դա պետք չէ լուրջ ընդունել, ոչ էլ կռվել հետը, այլ ծիծաղել դրա վրա: Դա սուտն է, ստախոսությունն է, կեղծիքն է, իր ժողովրդին խաբելն է՝ բարձրացած պետական քաղաքականության աստիճանի: Փառք Աստծո, մի քանի Թուրքիա կա: Կան ողջախոհներ, ճիշտ դատողներ, կան և իրենց երկրից հալածված մտավորականների մի շարք, որ ֆիլմեր, գրքեր, հայանպաստ գործունեություն անում են: Չպետք է խաբվենք: Դա էլ է Թուրքիան: Այդ մարդիկ ուզում են իրենց երկրի երեսի ամոթը մաքրել: Բայց իշխանությունները այլ կերպ են դատում: Մենք պետք է ուժեղ լինենք, պահպանենք մեզ: Նրանք թվաքանակով 70 մլն դարձան, մենք մեր հողի վրա 3.5 միլիոն ենք: Պարտադիր չի մեծ բանակ ունենալ, այսօր կա բարձր դիվանագիտություն, խելք, աշխարհը նվաճելու, աշխարհի հետ խոսելու տարբեր միջոցներ ու ձևեր: Մենք չպետք է ընկրկենք քանակով, նյութական ապահովվածությամբ ուժեղ երկրների միջև, որ մենք գտնվում ենք, որոնց շրջափակման մեջ մենք գտնվում ենք: Հռոմի պապի գործողությունը շատ բարձր եմ գնահատում, խոնարհվում եմ իր առջև, իր արածի առջև, որովհետև ինքը խոնարհվեց մեր ժողովրդի առջև: Շատ բարձր եմ դասում այն քայլը, որ Հայոց Եկեղեցու Սուրբ Գրիգոր Նարեկացուն դասեց տիեզերական եկեղեցու վարդապետների շարքը: Սա շատ վիթխարի բան է: Մեր ժողովրդին մեր հոգևոր հայրերը պիտի բացատրեն, թե ինչ է նշանակում տիեզերական եկեղեցու վարդապետը: Վարդապետը ուսուցիչն է, գիտնականն է տիեզերական եկեղեցու: Նարեկացին ոչ միայն գեղարվեստի վարպետ էր, այլև խոշորագույն աստվածաբան էր: Ամբողջ Աստվածաշունչը նրա գրքում կա: Այդ բնագավառում մեր գրականության, հոգևոր արժեքների առջև հիմա շատ մեծ ճանապարհ է բացվում: Սա ճանապարհ է բացում Նարեկացու ամբողջ ստեղծագործության առջև, իսկ Նարեկացին էլ իր հերթին գալիս է հայոց 5-րդ դարից, ապաշխարանքի երգերից, իսկ իրենից էլ սկիզբ առավ ամբողջ մեր հետագա շրջանի գրականությունը: Նարեկացուն ուսումնասիրելով և Նարեկացու փառքը գիտականորեն մեկնելով՝ մենք շատ բանով մեր մշակույթը կներկայացնենք և մեզ, և աշխարհին: Այդ թվում նաև հոգևոր երաժշտությունը, մանրանկարչությունը, ճարտարապետությունը: Դրա համար պետք են մտքեր, ուղեղներ, որ կազմակերպեն այդ գործը:
Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի մարդ-Աստված հարաբերությունը:
Նարեկացու սկիզբը մարդն է, մեղքերի մեջ կորած մարդը: Այս մարդուն այնքան է ուզում մաքրագործել, մոտեցնել Աստծուն: Բայց ինչքան մոտեցնում է Աստծուն, այնքան Աստված ավելի հեռանում է, և մարդը մնում է իր մեղքերի մեջ: Նարեկացին ասում է. «Եթե կշեռքի մի նժարին դնենք Արարատը, մյուսին իմ մեղքերը, իմ մեղքերն ավելի շատ կլինեն»: Նարեկացին բոլորի մեղքերը վերցնում է իր վրա՝ ասելով. «Տեր, լսիր ինձ, ես եմ մեղավորը»: Սա արդիական պոեմ է, մտածողություն այսօրվա սոդոմ-գոմորի մեջ. մաքրագործման, մարդկանց ճիշտ ճանապարհ ցույց տվող, վիթխարի գրականության հետ մենք գործ ունենք, որի գիտակցումը մեր մտավոր դեմքերը ունեցել են, բայց ամբողջական գիտակցումը դեռ չկա: Երբ մեր արժեքները ճիշտ գիտակցենք, կպնդանանք:
Մեր սերունդներն անցյալից ի՞նչ դասեր քաղեն և ինչպե՞ս կառուցեն ապագան:
Մեր սերունդներն անցյալի ավանդույթների լավագույն մասի կրողը պետք է լինեն, իսկ դրա համար պետք է լինեն գիտակից: Կյանքը լեցուն է ամեն տեսակի այլազան դրսևորումներով, բայց պետք է կարողանան իրենց սկզբունքները ճիշտ պահել: Նոր սերունդը դաժան մրցակցության մեջ է: Ծնված օրից մեկն իրենից ավելի գեղեցիկ է, ավելի ուժեղ է, ավելի խելոք է, ավելի հաջողակ է: Մարդը միշտ կաշկանդումների, լարումի մեջ է, որը պիտի հաղթահարի, որպեսզի ինքն էլ առաջինը լինի, կայանա, հակառակ դեպքում զոհ կգնա: Այս ամենի մեջ, եթե մարդու ճիշտ ինքնագիտակցումն եղավ, նա կբավարարվի, գոհունակություն կունենա, պայքարի մեջ իրեն չի կորցնի: Մարդը կարող է գոհ լինել եղածով: Մարդու տեղն իր հայրենիքն է: Մարդն իր հայրենիքից դուրս կարող է մի քիչ լավ ապրել, բայց երկրորդ, երրորդ կարգի մարդ կլինի: Մարդը պետք է կայանա իր հայրենիքում: Իր հայրենիքից դուրս կորած է: Սերունդներին ընդառաջ պետք է գա վարչակարգը, իշխանությունը, մարդը պետք է աշխատանք ունենա, պետք է կարողանա իր նվազագույն պահաջները հոգալ, որ գոհության մասին խոսի, հակառակ դեպքում կխոսի գողության մասին:
Արևիկ Համբարյան