«Հավատքն ի վերուստ տրված պարգև է, այն անհրաժեշտ է մեր փրկության համար». Զառա Կարախանյան

«Հավատքն ի վերուստ տրված պարգև է, այն անհրաժեշտ է մեր փրկության համար». Զառա Կարախանյան

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է «Ավտոռադիո» և «Yerevan FM» ռադիոկայանների կոմերցիոն տնօրեն Զառա Կարախանյանը:

 

Դուք միշտ սատար եք կանգնել եկեղեցական նախաձեռնություններին: Ս. Սարգսի տոնակատարությունների հենց առաջին իսկ օրերից տոնը լուսաբանող բազմաթիվ գովազդներ եք պատրաստել և տարածել Ձեր ռադիոընկերությունների միջոցով: Լուսաբանել և լուսաբանում եք նաև այլ եկեղեցական տոներ: Ի՞նչ դեր ունեն եկեղեցական տոները Ձեր կյանքում:

Դեռ 2001 թվականին, երբ հայ քրիստոնյա ժողովուրդը նշում էր քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը, մենք բազմաթիվ միջոցառումներ էինք նախաձեռնել եթերում, կազմակերպել բացօթյա համերգներ և բազմաթիվ միջոցառումներ: Որպես ԶԼՄ մենք մեր սուրբ պարտքն ենք համարում հատկապես հայ երիտասարդությանը իրազեկելու գործում: Հայ եկեղեցին դարեր ի վեր եղել է ազգապահպանման կարևոր գործոններից մե¬կը: Հայ հոգևորականությունը ամենադժվարին պահերին մեր ժողովրդին մշտապես նեցուկ է եղել:
Հայ քրիստոնյան պետք է իմանա մեր պատմությունը, բոլոր եկեղեցական տոները, պատշաճ կերպով նշի դրանք և փոխանցի սերունդներին:

 

Երկար տարիներ է, ինչ համագործակցում եք Qahana.am կայքի հետ և ակտիվորեն լուսաբանում կայքի գործունեությունը: Ինչպիսի՞ կարևորություն ունեն հավատի գործերը քրիստոնյայի համար:

Վստահ կարող եմ ասել, որ Qahana.am կայքը հիանալի ու ստացված նախագիծ է, քանի որ շատ ու շատ հարցերի պատասխաններ մարդիկ կարող են գտնել այնտեղ և հենց սկզբնաղբյուրից ստանալ բազմապիսի տեղեկատվություն Հայ Առաքելական եկեղեցու մասին: Նաև մեր սերտ համագործակցության արդյունքում, հուսով եմ, ավելի շատ մարդկանց համար Qahana.am կայքը դարձավ ճանաչելի:

 

Հավատն առ Աստված ի՞նչ դեր ունի Ձեր կյանքում:

Դեռևս 5 տարեկան աղջնակ էի, երբ ինքնակամ մայրիկիս խնդրեցի այցելել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Հավատքն ի վերուստ տրված պարգև է, այն անհրաժեշտ է մեր փրկության համար: Նոյը հավատքով կառուցեց տապանը և փրկեց իր ընտանիքը ջրհեղեղից: Ամեն օր որևէ գործ ձեռնարկելով՝ մենք հույս ունենք, չնայած չենք տեսնում վերջնական արդյունքը: Սա է հավատքը: Հավատքը գործի և զորության սկզբունք է, որն ուղղորդում է մեր ամենօրյա գործունեությունը:

 

Հաճա՞խ եք աղոթում:

Աղոթքը հաղորդություն է Աստծո հետ: Յուրաքանչյուր առավոտ դիմում եմ Աստծուն՝ խնդրելով խաղաղություն աշխարհին և առողջություն բոլորին, իսկ երեկոյան շնորհակալություն հայտնում: Շատ անգամ աղոթքս կարող է լինել ուղղակի խնդրանք, դիմում՝ օգնելու կամ սատար կանգնելու որևէ մեկին, ով այդ պահին դրա կարիքն առավել ունի: Աղոթքը շատ խորն է և անձնական, այն խաղաղեցնում է և ճիշտ ուղու վրա կանգնեցնում: Կարծում եմ, յուրաքանչյուր ոք կարիք ունի երկխոսության, Աստծո հետ հաղորդակցության, Աստծուն դիմելու, աղոթելու:

 

Ինչպե՞ս է Ձեր ընտանիքը նշում Ս. Հարության տոնը:

Սուրբ Հարության տոնը մեր ընտանիքի ամենասիրված տոներից է դեռ մանկուց: Նախևառաջ, մինչ տոնը Պահոց շրջան է, իհարկե, պարտադիր ներկա ենք գտնվում Ճրագալույցի Սուրբ Պատարագին և Աստծո լույսը հասցնելով տուն՝ միմյանց ողջունելուց և բարի ավետիսը փոխանցելուց հետո հավաքվում ենք մեծ սեղանի շուրջ: Պետք է նշեմ, որ մայրիկս առանձնահատուկ է պատրաստվում այդ երեկոյին ոչ միայն տոնին հատուկ ավանդական ուտեստներով, այլև գեղեցիկ զարդարանքով: Այդ իսկ պատճառով մեր բոլոր հարազատներն ու ընկերները մշտապես հյուրընկալվում են մեզ:

 

Ձեր մաղթանքը Qahana.am կայքի ընթերցողներին:

Այժմ շատ դժվար, փոփոխական ժամանակաշրջանում ենք ապրում: Շատերը վատ կացության մեջ են: Մեծ է ցանկությունս, որ մարդիկ չչարանան, բարությամբ ու սիրով լցվեն միմյանց նկատմամբ, և ամենակարևորն է, չկորցնեն իրենց հավատքն առ Աստված, քանզի Աստված Սեր է:



Արևիկ Համբարյան

  • 2021-10-18
×