Qahana.am կայքի շաբաթ օրվա հյուրը ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն է:
Ըստ շարականագիրների՝ ազգային երաժշտությունը հիմք է հանդիսացել շարականների համար: Ձեր կարծիքն այս մասին:
Իմ կարծիքը նույնն է, որովհետև մեր հոգևորականները շատ խելացի են եղել և իմացել են, որ շարականների հիմքում պետք է լինեն ժողովրդական մեղեդիներ, ժողովրդի ստեղծած մշակույթով պետք է մոտենալ նրա ստեղծմանը՝ դրանով այն ավելի հարազատ դարձնելով: Եվ այսօր մեր ժողովրդական երգերի պատկանելության խնդրին անդրադառնալիս մենք կարող ենք իբրև հենք վերցնել շարականների տաղաչափությունը, մեղեդիական գիծը և դրանով կողմնորոշվել:
Աստված, եկեղեցի բառերը ի՞նչ նշանակություն ունեն Ձեզ համար:
Աստված ինձ պարգևել է ինձ համար ամենաքաղցր բանը՝ կյանքը: Ես ոչ միայն խոսքով, ոչ միայն աղոթքով, այլև իմ ապրելաձևով փորձում եմ իմ շնորհակալությունը հայտնել Աստծուն իմ աստվածապատկան կյանքի համար:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ նշանակություն է ունեցել մեր կյանքում: Մեր եկեղեցին իսկապես ազգային տարազ հագած եկեղեցի է: Դարեր շարունակ մենք պետականություն չենք ունեցել, բայց միշտ պայքարել ենք դրա համար: Այդ գործում մեծ դեր է ունեցել մեր եկեղեցին, մեր հոգևոր առաջնորդները, քանզի պետականության դերը իրենք էին ստանձնել:
Խորհրդային տարիներին շատ զույգերի միությունը հիմնականում իրականանում էր ԶԱԳՍ-ի՝ ՔԿԱԳ-ի միջոցով: Դուք պսակադրվել եք եկեղեցում: Ի՞նչ խորհուրդ ունի դա Ձեզ համար:
Ոչ միայն մեր պսակը, այլև մեր նշանադրությունը տեղի է ունեցել եկեղեցում: Իմ դաստիարակությունը այդպես է, որ առանց մեր եկեղեցու միջնորդության, առանց Աստծո օրհնության չի կարող ընտանիք կազմվել: Երբ արդեն խորանի առջև ես, Աստծո հետ ես հաղորդակցվում, նաև հաղորդակից ես դարձնում քո կեսին: Այդ վկայությունը, այդ ծիսակատարությունը պահում է հային իր տեսակի մեջ:
Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում Ձեր երեխաների մեջ սերմանել սերը դեպի եկեղեցի:
Երեխաների հոգևոր դաստիարակության գործում ամենակարևորը օրինակ ծառայելն է: Առավոտյան արթնանալիս ասում ենք. «Բարի լույս, Հայաստան», երեխաներս էլ նույնն են ասում: Եկեղեցի ենք գնում, աղոթք անում. այդ բոլորը մեզնից են սովորում, մեզ են կրկնօրինակում, ինչպես մենք մեր ծնողներին: Եկեղեցու մոտով անցնելիս երեխաներս խաչակնքվում են և դա ձևական չի, որի համար շատ ուրախ եմ:
Փառք Աստծո, իմ երեխաների մեջ կա մեծ հավատ առ Աստված:
Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:
Շատ կուզենայի, որ բոլորս բարեկեցիկ կյանք ունենանք, բայց մենք դժվարին ժամանակներ ենք ապրում: Մենք չպետք է հանձնվենք, այլ պետք է հասկանանք, որ շատ ավելի կարևոր արժեքներ կան կյանքում, դրանց պետք է ձգտենք և դրանցով ապրենք: Մնանք մեր տեսակի, մեր հավատքի մեջ, սիրենք իրար, որովհետև Աստված Ինքը սեր է:
Արևիկ Համբարյան