Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը:
Ձեր հայրը հոգևորական է: Որքանո՞վ է հեշտ կամ դժվար հոգևորականի որդի լինել:
Հորս հոգևորական լինելու փաստը շատ լուրջ անդրադարձ է ունեցել իմ ճակատագրի վրա: Խորհրդային ժամանակաշրջանում ոչ միայն չէին խրախուսում հոգևոր ճանապարհն ընտրած մարդկանց, այլև բազմաթիվ խոչընդոտներ էին ստեղծում հոգևորականների և նրանց ընտանիքների կյանքում: Այդ իրականությունը ինձ շատ փոքր տարիքից ստիպեց չվախենալ համընդհանուր տեսակետից ու նորմերից տարբերվելուց: Այդ տարիներին հոգևոր կյանքը մի տեսակ այլախոհության էր վերածվում: Իմ հոր ուժեղ կամքի և եկեղեցուն նվիրվածության շնորհիվ հաղթահարեցինք այդ փորձությունները:
Հավատն առ Աստված ի՞նչ դեր ունի Ձեր կյանքում:
Շատ մեծ: Ամեն օր, ամեն վայրկյան զգում եմ Աստծո ներկայությունն իմ կյանքում: Ես ուսումնասիրել եմ աշխարհում գոյություն ունեցող գրեթե բոլոր կրոնական ուղղությունները, շատ հոգևոր գրականություն եմ կարդացել ու եկել այն հիմնավորված եզրակացության, որ ամենակարճ ճանապարհը դեպի Աստված անցնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջով:
Որքանո՞վ եք կարևորում հոգևոր դաստիարակությունը Ձեր երեխաների կյանքում:
Բնականաբար, շատ եմ կարևորում: Իմ երեխաներն այն տարիքում են, որ աշխարհը նոր են ճանաչում: Ես ուզում եմ, որ նրանց ճանաչած աշխարհն ավելի հոգևոր լինի, քան թե նյութական: Աշխարհի նյութական կողմին իրենք ինքնուրույն կծանոթանան, ես որպես ծնող աշխատում եմ հոգևոր մասը բաց չթողնել:
Համոզված եմ, որ աղոթում եք: Լինելով բազմազբաղ մարդ, որքա՞ն հաճախ են տեղի ունենում Ձեր հանդիպումներն Աստծո հետ:
Աղոթելը բազմազբաղության հետ կապ չունի: Աղոթքը միշտ իմ մտքում է: Ինչպես արդեն ասացի, Աստծո հետ կապվելու ամենակարճ ճանապարհը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, որը դավանաբանորեն ամենամոտն է կանգնած քրիստոնեական ակունքներին: Մեր եկեղեցին ամենահնադավանն է, այսինքն՝ առաքյալների ուղիղ պատգամները իր մեջ ամփոփող ու սերնդեսերունդ նույնությամբ փոխանցող: Եթե ուզում եք առնչվել Քրիստոսին, Նրա առաքյալներին, ապա այլ հնարավորություն, քան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծեսերը, չեմ տեսնում: Ցանկացած մարդ ամեն օր ունի բազմաթիվ առիթներ շնորհակալություն և գոհունակություն հայտնելու Աստծուն:
Արդի մարտահրավերների ժամանակաշրջանում ինչպե՞ս է Ձեզ հաջողվում պահել պատվիրանները:
Ես ամենախիստ դատավորը չեմ կարող լինել ինքս ինձ համար: Փորձում եմ պահել Աստծո պատվիրանները: Չգիտեմ, թե ինչքանով է ստացվում: Մեղավոր եմ, ես դա չեմ ժխտում, սուրբ չեմ ձևանում, քանզի հոգևոր առումով ձևանալը ավելի փարիսեցիության է տանում, որը ոչ պակաս մեղք է: Հավատք, դա նշանակում է ամենօրյա աշխատանք ինքդ քեզ հետ, քո վատ սովորությունների, նախասիրությունների, սեփական բարկության, մեծամտության դեմ պայքար: Եվ այդ մշտական պայքարը տեղի է ունենում քո ներսում:
Մեծանալով հոգևորականի ընտանիքում՝ Դուք ինչպե՞ս եք աջակցում եկեղեցուն, հոգևոր արժեքների տարածմանը:
Ցանկացած նախաձեռնություն, որն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի կողմից, աշխատում եմ անպայման իմ փոքր մասնակցությունն ունենալ: Պետք է նշեմ, որ թեմական առաջնորդի՝ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ շատ լուրջ աշխատանքներ եմ տեսնում թեմի ներսում՝ շոշափելի արդյունքներով: Ցանկացած վիճակի մեջ հայտնված մարդու ձայնը լսելի է թեմի ներսում: Եվ թեմն ընտանիքի պես հավաքվում, օգնում է այդ մարդուն՝ խորհրդով, աջակցությամբ: Դա իր հետ բերում է շատ լուրջ և առարկայական փոփոխություններ: Թեմի ներսում վերագտնում եմ ներքին ներդաշնակությունը:
Հայրս՝ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առաջարկով և հանձնարարությամբ Ոստիկանության ակադեմիայում հոգևոր դասեր է իրականացնում, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի հոգևոր սպասավորն է:
Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:
Լինել անկեղծ: Եթե մարդն անկեղծ լինի ինքն իր հետ, ապա նրա քայլերը կտանեն դեպի Աստված: Այլ ճանապարհ չկա:
Արևիկ Համբարյան