«Այն օրենքները, որոնք իրենց մեջ չունեն աստվածային ծագում և մարդու բնական իրավունքները չեն ապահովում, նրանք ապագա չունեն». Արա Զոհրաբյան

  • Գլխավոր էջ     >
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ     >
  • «Այն օրենքները, որոնք իրենց մեջ չունեն աստվածային ծագում և մարդու բնական իրավունքները չեն ապահովում, նրանք ապագա չունեն». Արա Զոհրաբյան

«Այն օրենքները, որոնք իրենց մեջ չունեն աստվածային ծագում և մարդու բնական իրավունքները չեն ապահովում, նրանք ապագա չունեն». Արա Զոհրաբյան

«Այն օրենքները, որոնք իրենց մեջ չունեն աստվածային ծագում և մարդու բնական իրավունքները չեն ապահովում, նրանք ապագա չունեն»:
Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է.

 

Որքանո՞վ է Ձեր զբաղեցրած պաշտոնը օգնում կամ խանգարում աստվածապաշտ մարդ լինելու համար:

Ես կարծում եմ, որ չի խանգարում: Հակառակը, ոչ թե պաշտոնը պետք է խանգարի աստվածապաշտ մարդ լինելուն, այլ աստվածապաշտ մարդուն տեսնել պաշտոններում: Դրանք պետք է համատեղելի լինեն: Եթե ցանկացած գործողությունից, ցանկացած խոսքից առաջ ինքդ քո մեջ մտածես, որ ամեն ինչի՝ լավ կամ վատ արարքի համար պատասխան ես տալու, ապա ավելի ճիշտ կաշխատես:

 

Աստված, եկեղեցի, հոգևորական բառերն ի՞նչ նշանակություն ունեն Ձեր կյանքում:

Աստված սկիզբն է ամեն ինչի և ամեն բան է: Եկեղեցին լոկ շինություն չէ, այլ մարդկանց՝ քրիստոնյաների միություն, իսկ հոգևորականն էլ այդ միությանը սպասարկող անձն է: Դա իմ կարծիքն է:

 

Որքանո՞վ է Ձեր բազմազբաղությունը խանգարում Ձեզ Աստծո հետ հարաբերվելիս:

Ինչ-որ առումով խանգարում է, բայց ինքս ինձ համար Աստծո հետ հարաբերակցվելու ժամանակացույց եմ սահմանել՝ առավոտյան և երեկոյան աղոթքները պարտադիր են: Երկու տղաներիս էլ եմ սովորեցրել աղոթել, երեկոյան քնելուց առաջ պարտադիր «Հայր մեր»-ն են ասում: Իհարկե, այդ մասով լուրջ թերություններ ունեմ, սակայն դա ժամանակի խնդիր է, կարելի է ավելին անել:

 

Ի՞նչ տեղ ունի Ձեր ընտանիքում հավատն առ Աստված:

Շատ մեծ տեղ ունի: Տղաներիս համար մանկական Աստվածաշունչ եմ ընթերցում, և նրանք ճանաչում են Հիսուսին, Իր մասին պատմություններ գիտեն, հետաքրքիր հարցեր են տալիս, պատասխաններով էլ ճշտում, հարստացնում են իրենց գիտելիքները: Երբեմն միասին եկեղեցի ենք գնում, մասնակցում Ս. Պատարագի: Ուզում եմ, որ եկեղեցում խնկի բույրը, հոգևոր մեղեդիները նրանց համար սովորական և ընդունելի լինեն: Քաղցած ենք մասնակցում Ս. Պատարագին, որպեսզի ս. հաղորդություն ստանանք:

 

Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում ս. հաղորդությունը:
Եթե ս. հաղորդության խորհրդին նայենք, ապա այն Քրիստոսի մարմինն ու արյունն է, որ ճաշակում ենք և դրանով ցույց տալիս, որ ընդունում ենք Քրիստոսի փրկությունը: Ապոկլիֆներից մեկում կիրակի օրվա հետ կապված հետաքրքիր տեղեկություն կա, ըստ որի արարչագործության առաջին օրը կիրակի է եղել, կիրակի օրն է Քրիստոսը հարություն առել, կիրակի օրն է համբարձվել և կիրակի օրն էլ գալու է: Այս պատմության մեջ հետաքրքիր մի բան եմ տեսնում, որ երկրորդ գալստյան օրը՝ կիրակնօրյա Ս. Պատարագին մասնակցող մարդիկ կարծես ներկա կգտնվեն այդ գալստյանը:


Որքանո՞վ են իրար լրացնում կամ հակասում աշխարհիկ և հոգևոր օրենքները:

Այսօրվա շատ օրենքների փիլիսոփայական գաղափարախոսությունն ունի աստվածաշնչյան հիմք: Օրինակ, Դանիել մարգարեի դատաստանի մասին պատմությունը(Դան. 13) հայտնի է բոլորիս, որտեղ նա հետաքրքիր միջոցառում է իրականացնում՝ վկաներին լսում է առանձին: Մեր այսօրվա դատավարության մեջ ներդրված է, որ վկաները պետք է հարցաքննվեն առանձին-առանձին, որը հենց այն ժամանակվանից է գալիս: Ես կարծում եմ, որ այն օրենքները, որոնք իրենց մեջ չունեն աստվածային ծագում և մարդու բնական իրավունքները չեն ապահովում, նրանք ապագա չունեն: Օրինակ, վերջերս էլ գենդերային հավասարության մասին օրինագիծը. ինձ համար հասկանալի չէ, որ մարդը կարող է իր սեռը որոշել սեփական վարքագծով և ոչ իր բնական հատկանիշներով:

 

Որտե՞ղ և ինչպե՞ս եք անցկացնում Ամանորն ու Ս. Ծնունդը, որին նախորդում է շաբաթապահքը:

Ամանորը սովորաբար դիմավորում եմ ընտանիքիս հետ՝ Հայաստանում: Գալով շաբաթապահքին՝ նշեմ, որ իմ կարծիքով ամենաուժեղ դևերից մեկն էլ որկրամոլության դևն է, որը մեզ շատ լուրջ գայթակղությունների է տանում: Դա յուրաքանչյուր մարդու հոգու և մարմնի կռիվն է, թե ինչպես կկարողանա որկրամոլության դևին հաղթել: Կարծում եմ, որ դրա լավագույն միջոցը ուտելուց առաջ աղոթելն է:

 

Ամանորյա Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:

Հայ ժողովուրդն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, իսկ դա վկայում է իր մեջ թաքնված մեծ իմաստության մասին: Ես կցանկանայի, որ մեր ժողովուրդի կյանքում աստվածաշնչյան կանոնները դառնային անբաժանելի մաս, որի արդյունքում կօրհնվեր մեր երկիրը:

 

Արևիկ Համբարյան

  • 2021-10-18
×