«Ուղղակի գոհացիր նրանով, ինչ ունես». Նունե Այլանջյան

«Ուղղակի գոհացիր նրանով, ինչ ունես». Նունե Այլանջյան

Շատ կարևոր է, երբ մարդը, առավել ևս երիտասարդը, չի հղփանում ձեռք բերած հաջողությամբ ու չի մոռանում պատկանելության մասին՝ լինի դա ազգային, կրոնական, թե… Չէ՞ որ յոթ մահացու մեղքերից է ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, Աստծո համար դատապարտելի արարք է ՈՒՐԱՑՈՒՄԸ…
Qahana.am կայքի հյուրասրահում երիտասարդ լրագրող, հաղորդավարուհի Նունե Այլանջյանն է, ում համար հավատքը ամեն լավ բանի սկզբնաղբյուր է…

 

Որքան հասկացա, Ձեր հավատքն ամուր է ու միշտ եկեղեցու կողքին կանգնած եք: Դա ընտանիքի՞ց է գալիս:
Այո, առաջին հերթին ընտանիքից: Պապիկս հոգևորական էր, և ես մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ ամեն ինչ կապվում էր Աստծու հետ, Նրա զորության հետ: Մանկուց հաճախ եմ եկեղեցի այցելել, լսում էի պապիկիս երգած շարականները: Փոքր տարիքում եղբայրս պապիկիս հետ երգում էր Սուրբ Սարգիս եկեղեցում: Հավատքը կամաց-կամաց բոլորիս մեջ արմատացավ: Երբ արդեն մեծանում ես, ինքդ սկսում ես գիտակցել հավատքի զորությունը, անհրաժեշտությունը քո կյանքում: Ինքդ քո մեջ բացահայտում ես եկեղեցին, կրոնը, Աստծուն ու հավատքը: Նախկինում ունեցածդ գաղափարները դադարում են զուտ գաղափար լինելուց ու քո մեջ են բնակվում: Շատ չեմ սիրում խոսել այն մասին, որ ես հավատացյալ եմ, որովհետև կարծում եմ, որ Աստծուն պետք է քո սրտում պահես և Նա քեզ կառաջնորդի:

 


Հոգևորականի ընտանիքում մեծանալը դժվարություններ ունե՞ր, գուցե պատասխանատվությո՞ւնն էր առավել մեծացնում:
Առանձնակի դժվարություն կամ պատասխանատվություն չեմ զգացել: Պարզապես շատ փոքր տարիքից, ի տարբերություն իմ հասակակիցների, նպատակասլաց և ինքնավստահ եմ եղել, հավատացել եմ սեփական ուժերիս: Կարծում եմ, դա իմ հավատքից էր գալիս: Ես գիտեի, որ կարող եմ հասնել այն ամենին, ինչ բարին է և ինչ ուզում եմ, և գիտեի, թե ՈՒՄ օգնությամբ: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուրն ունենա Աստծուն իր մեջ: Բոլորս էլ գիտենք, որ կա մեկ Աստված, մեկ հավատք… Այդ բոլորը մարդը մի օր իր մեջ է բացահայտում: Ես արդեն իմ մեջ բացահայտել եմ և ուրախ եմ, դրանով հարթեցի իմ ճանապարհը:

 


Կա տարիք, երբ դեռ չես գիտակցում բառերի արժեքը, խուսափում ես որոշակի արտահայտություններից, կամ վախենում, որ քեզ սխալ կհասկանան ու կմեկնաբանեն… Հավատացյալ բառը որոշների մոտ ասոցացվում է աղանդավորության հետ: Եղե՞լ է նման շրջան, որ խուսափեք բառերից կամ վախենաք:
Ամբողջ խնդիրը գալիս է տեղեկատվության պակասից: Պետք չէ վախենալ բառերից, ուղղակի պետք է հասկանալ, թե այս կամ այն բառը ինչ է նշանակում: Ես չեմ վախենում հավատացյալ,աղանդավոր, քրիստոնյա կամ բուդդիստ բառից, քանի որ գիտեմ, թե այդ բառերն ինչ են նշանակում: Բայց այլ բան է բառը, այլ բան է էությամբ այդպիսին լինելը: Կարևորն էությունն է, և ոչ թե կաղապարը: Հաճախ եմ լսել, որ ասում են. «Ես Աստծուն հավատում եմ, բայց հավատացյալ չեմ»: Դա չպատճառաբանված վախ է: Իրենց մոտ հավատացյալ բառն ասոցացվում է կամ աղանդավորության, կամ օր ու գիշեր եկեղեցու պատի տակ քնելով ու պատերը համբուրելով: Դա այդպես չէ… Երբ պահը գալիս է, հանգիստ, առանց կաշկանդվելու խոսում եմ այդ թեմայով և ասում, որ այո, հավատում եմ Աստծուն, հավատացյալ եմ: Ինչպես ցանկանում են, այդպես էլ կարող են անվանել, ես դրանից փոփոխություններ չեմ կրում:

 


Ինչպիսի՞ դժվարություններ եք հաղթահարել հավատքի շնորհիվ:
Դրանք տարբեր են: Օրինակ կարող եմ բերել դպրոցական տարիներս, երբ պատրաստվում էի ընդունելության քննություններին: Շատերի մոտ ընկճախտ է լինում, սթրես… Ինքս էլ շատ էի ցանկանում ընդունվել ԲՈՒՀ: Հիշում եմ, հերթական անգամ պարապմունքից տուն էի քայլում: Հայացքս ուղղեցի դեպի երկինք, կուտակված ամպերին նմանեցրեցի մեծ Խաչի: Իմ ընդունելության շրջանն էր. վսհություն ձեռք բերեցի, որ ամեն ինչ լավ է լինելու… Այդպես էլ եղավ… Ճիշտ է, շատերը դա ինքնաներշնչանք են համարում, բայց դա ինձ չի անհանգստացնում: Ես գիտեմ, որ դա իմ հավատքի զորությունն է, որը միշտ ինձ հաջողություն է բերում: Հիմնական խնդրանքս Աստծուն՝ ինձ ճիշտ ուղղով տանե: Միշտ եմ աղոթում իմ մտքերում, հոգում: Շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ ունեմ: Պարտադիր չէ, որ անընդհատ եկեղեցի գնամ՝ աղոթելու: Կարևորը հոգուս առանձնանալն է: Իմ հավատքը դեպի Նա միշտ եղել է, կա ու կմնա, քանի որ գիտեմ՝ միշտ ինձ հետ է, իմ կոքին:

 


Դուք, որպես հավատացյալ մարդ, ի՞նչ եք անում եկեղեցու համար:
Նախ, եթե նույնիսկ որևէ բան չես կարող անել, պետք է գոնե զերծ մնաս քարկոծելուց: Մեր օրերում, երբ համացանցը բոլորին և ամեն ինչ հավասարեցրեց, շատերն են անհիմն քարկոծում: Ես թե՛ որպես հավատացյալ մարդ, թե՛ որպես ՀՀ քաղաքացի, փորձում եմ եկեղեցուն: Այն, ինչ ինձ չի վերաբերում, ինչի մասին խորացված չգիտեմ, նախընտրում եմ լռել: Սոցցանցերում ինքս էլ մեծ լսարան ունեմ, և իմ կողմից արված ցանկացած խոսք կարող է վնաս հասցնել: Նաև սիրում եմ լուսանկարել եկեղեցիները: Որտեղ էլ լինեմ, որ քաղաքում էլ հայտնվեմ, գնում եմ հայկական եկեղեցիներ և լուսանկարում: Նաև որպես լրագրող եմ փորձում կանգնել եկեղեցու կողքին, լուսաբանել միջոցառումներն ու տոները: Թեև, Ձեր տված հարցի շուրջ երբեք չէի մտածել…Մտածելու տեղիք տվեցիք:

 


Նունե, մասնակցո՞ւմ եք Ս. Պատարագներին:
Սովորաբար՝ ոչ, բայց ներկա եմ լինում բոլոր այն տոներին, որը եկեղեցին նշում է: Շատ եմ սիրում մեր տոները… Գիտեք, կարծում եմ յուրաքանչյուր մարդ կփաստի, որ բոլորի կյանքում գալիս է մի պահ, երբ ցանկանում ես գնալ եկեղեցի: Ես հաճախ եմ նման պահեր ունենում…

 


Որպես երիտասարդ, ի՞նչ կցանկանայիք տեսնել եկեղեցում, որն այսօր չեք տեսնում: Կամ ի՞նչ լրացումներ կան, որոնք Ձեզ ուրախացնում են:
Ինձ ուրախացնում է այն փաստը, որ կա Qahana.am կայքը: Ինքս էլ, որպես լրագրող, անդրադարձել եմ կայքի բացմանը: Հրաշալի նախաձեռնություն է հավատացյալ, ժողովուրդ-քահանա կապն ամրապնդելու ու սերտ դարձնելու համար: Ուրախ եմ նաև, որ վերջին տարիներին հետաքրքիր են անցկացվում երիտասարդների տոները՝ Սբ. Սարգիս, Ծաղկազարդ… Շատ լավ է կազմակերպվում: Կցանկանայի, որ եկեղեցին ավելի շատ միջոցներ ձեռնարկեր, որ մարդիկ եկեղեցու հետ առավել կապվեին: Դա չլիներ ամեն կիրակի կամ տոնից տոն:

 


Նունե, մարդկանց և Աստծո միջև ընկած շփման ամենակարճ ճանապարհը, ըստ Ձեզ, ո՞րն է:
Առանձնանալը, մենակ մնալը: Ես այդպես եմ կարողանում զգալ այդ կապը: Հանրության մեջ դժվարանում եմ կենտրոնանալ…

 


Իսկ պատահո՞ւմ է, որ սկսեք «բողոքել»…
Անկախ ամեն ինչից, ես միշտ շնորհակալություն եմ հայտնում: Աստված գիտի՝ մեզ ինչ է պետք: Ուղղակի գոհացիր նրանով, ինչ ունես: Ես աղոթելիս միշտ խնդրում եմ՝ տալ ինձ այն, ինչ Նա գիտի, որ ինձ պետք է: Եվ ասեմ, ինչ ցանկացել եմ ու աղոթել, միշտ իրականացել է: Աստված գիտի՝ ինչն է քեզ համար լավ, ով է լավ:

 


Սիրելի եկեղեցի ունե՞ք:
Սուրբ Սարգիսը: Չգիտեմ, ինչու է այդպես, հավանաբար այն պատճառով, որ փոքրուց շատ եմ այնտեղ եղել… Կարծում եմ, պսակադրությանս արարողությունը ևս այնտեղ կլինի:

 

Նելլի Մարգարյան

  • 2021-10-18
×