«Ինձ դժվար պահերի միայն Հայ Առաքելական եկեղեցին է օգնել և օգնում». Մարիա Բարաղամյան

«Ինձ դժվար պահերի միայն Հայ Առաքելական եկեղեցին է օգնել և օգնում». Մարիա Բարաղամյան

Հավատքը, եկեղեցին, սերը համընդհանուր է, մարդկային, սա մեր ապրելակերպն է, մեր առօրյան, անցյալն ու ապագան: Qahana.am-ի այսօրվա զրուցակիցը Երևանի քաղաքապետարանի տուրիզմի վարչության պետ Մարիա Բարաղամյանն է, ում հոգևոր դաստիարակությունը մշակվել է ընտանիքից: Նրա հետ զրուցեցինք կյանքի կարևոր պահերի, կարևոր քայլերի ու եկեղեցու հետ համագործակցության մասին:

 

Մարիա, դուք մկրտված եք, ինչպես գնացիք դեպի եկեղեցի:
Ինձ շատ հոգեհարազատ է Սուրբ Սարգիս եկեղեցին: Մկրտվել եմ 12 տարեկանում: Այդ օրն ինձ համար շատ սուրբ, կարևոր, խորհրդավոր և նշանակալից էր: Ես սպիտակ զգեստ էի կրում և շատ լավ հիշում եմ. վրաս մյուռոն էր քսված, կարծես կախարդական, պաշտպանված վիճակում լինեի: Ամբողջ շաբաթվա ընթացքում չէի ցանկանում լվացվել: Դա մանկությունից դեպի պատանեկություն ոտք դնելու տարիք էր: Կարծում եմ մեծ նշանակություն, հետք թողեց իմ և դպրոցական տարիների, և առավել գիտակից կյանքի վրա: Այդ պահից սկսած զգացի, որ իմ բնածին ուժից բացի ունեցա պաշտպանիչ լրացուցիչ մի ուժ, որն ինձ կպաշտպանի ողջ կյանքի ընթացքում: Մկրտվելուց ի վեր ես զգացել եմ այդ ուժը: Ի դեպ, ծնողներս երբ ամուսնացել են, որոշ հանգամանքների պատճառով պսակադրություն չէր եղել և եկեղեցու օրհնությունը չէին ստացել: Ես միշտ երազում էի իրականացնել նրանց երազանքը: Նախորդ տարի իրենց ամուսնության 40-ամյակն էր և ես կազմակերպեցի իրենց պսակադրությունը: Իրենց համար շատ գեղեցիկ անակնկալ եղավ: Օրվա հերոսներն էին ու այդ օրվա երիտասարդ ամուսնական զույգերը դա որպես խորհրդանշան էին ընկալում…

 

12 տարեկանը փոքր տարիք է՝ գիտակցելու մկրտության խորհուրդը: Փաստորեն բավական գիտակցված եք այդ քայլին դիմել, և, ի տարբերություն որոշ հասուն մարդկանց, չեք տրտնջացել կենցաղային որոշ անհարմարավետության առումով:
Ինձ համար կենցաղային նման հարցադրումներ չառաջացան, քանի որ դեռ շատ փոքր տարիքում ծնողներիս, հատկապես՝ հայրիկիս հետ շատ ենք զրուցել: Այս քայլին շատ գիտակցված եմ մոտեցել: Իմ պարագայում տարբերակն այն չի եղել, որ հարմար կնքահայր է հայտնվել ու որոշել են երեխային մկրտել, այլ այս քայլին գնացել եմ, քանի որ հայ եմ, պետք է դառնամ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, քրիստոնյա: Անգամ Սուրբ Սարգիս եկեղեցին ես եմ ընտրել: Պատահական չեմ համարում, որ ներքին ձայնով 12 տարեկանում հենց այդ եկեղեցում ցանկացա մկրտվել. գիտեմ, որ Սուրբ Սարգիսը երիտասարդների հովանավորն է: Հայ ազգը, որը առաջինն է քրիստոնեությունն ընդունել, պարատավոր է հոգևոր դաստիարակությունը, մշակույթը ճիշտ ձևավորել ընտանիքներում:

 

Դուք պատկերացնո՞ւմ եք այդ դաստիարակությունը Ձեր ապագա ընտանիքում:
Այո, երբ ես ունենամ իմ ընտանիքը, բալիկներ, անպայման հեգևոր դաստիարակություն պետք է լինի: Այլ կերպ չի կարող:

 

Շատերը չգիտեն, որ իրական քրիստոնյան պետք է մասնակցի Սբ. Պատարագներին: Մտածում են՝ եկեղեցին միայն մոմ վառելու համար է:
Ինձ մոտ միշտ եղել է ձգտում՝ եկեղեցուն մոտիկ կանգնել, իմանալ ամեն ինչ: Այդ ամենն ընդգծված դարձավ մկրտությունից հետո: Օրինակ, հասարակությունից շատերը պահքին վերաբերում են որպես բեռնաթափման միջոցի: Ես ուսանողական տարիներին 4 տարի պահք եմ պահել ամենայն խստությամբ և դա ինձ համար ոչ թե եղել է ֆիզիկական բեռնաթափություն, այլ հոգևոր կարիքն եմ ունեցել: Լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահն էի, երբ սկսեցի գրագետ ճանաչել Հայ Առաքելական եկեղեցու կառուցվածքը: Առաջին կապը հոգևորականի, հոգևոր աշխարհը ճիշտ ճանաչելու հետ եղել է Գևորգ սարկավագի և Էլզա Մանուկյանի միջոցով: Այսօր, երբ դժվարություններ, խորհրդի կարիք եմ ունենում, ուզում եմ խոսել՝ առաջին հերթին եկեղեցի եմ գնում: Ընդհանրապես, կարծում եմ, ամեն մարդ էլ իր մեջ պետք է եկեղեցի ունենա: Պետք է գիտակցված եկեղեցի մտնես, այլապես անգիտակից «ոչխարի» կարգավիճակում ես հայտնվում: Չգիտակցված մասսային կառավարելը հեշտ է, պետք է թույլ ու անգիտակից չլինենք, որ որս չդառնանդ մոլորությունների կողմից:

 

Մարիա, շատերն այսօր հարցում են՝ ի՞նչ գործ է անում եկեղեցին: Ձեզ մոտ է՞լ է այդ հարցը ծագում:
Գիտեք, եկեղեցին գովազդային գործակալություն կամ կազմակերպություն չէ, որ անընդհատ թմբկահարի իր արածը: Եկեղեցին հենց այն օղակը, կառույցը, հոգևոր ուժն է, որը ներքին կարգով պետք է քարոզչություն տանի: 2005 թվակնից ես տեսա, որ եկեղեցին դա ոչ միայն անում է, այլ շատ գրագետ և ճշգրիտ է անում: Զուտ այն, որ երիտասարդական, ուսանողական համակարգում հստակ մեխանիզմ էր մշակված, կար կառույց, որն ամեն շաբաթ հանդիպումներ էր կազմակերպում ուսանողական խորհուրդների նախագահների հետ: Ինձ շատ դուր է գալիս եկեղեցու մոտեցումը տոնացույցին. թռուցիկներ պատրաստելը, իրազեկելը, թերթոնների բաժանումը: Շատ ճիշտ մոտեցում է, որ եկեղեցին երիտասարդի կողքին է, ով ձևավորման փուլում է և առաջին քայլերն է անում: Հնարավոր չէ չնկատել, որ վերջին տարիներին մարդիկ եկեղեցական տոներին, ծիսակատարություններին սկսել են ավելի գրագետ վերաբերել: Սնահավատությունն աստիճանաբար նահանջում է: Մարդիկ ուղղակի պետք է կապ պահեն եկեղեցու հետ, ունենան ընկերներ և հոգևորականների շրջանում, և եկեղեցու աշխատակազմում, որպեսզի շատ ավելի լավ հասկանան, թե ինչ ահռելի և մեծ աշխատանք է տանում այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին:

 

Այսօր պետական կառույցները, այդ թվում և քաղաքապետարանը համագործակցո՞ւմ են եկեղեցու հետ, փորձո՞ւմ են ինչ-որ բանով աջակցել:
Քաղաքապետարանը և եկեղեցին շատ ակտիվ են համագործակցում, այլ կերպ նույնիսկ հնարավոր չէ,որովհետև երկու կառույցներն էլ իրենց աշխատանքային հիմքում ունեն մարդ էակը: Շատ գեղեցիկ համատեղ միջոցառումներ ենք ունենում՝ երթեր, իրազեկման ակցիաներ: Մենք նաև Qahana.am կայքի տոնացույցում տեսնելով՝ ինչ տոներ կան՝ միջոցառումները համապատասխանեցնում ենք հենց այդ տոնին: Մեր բոլոր միջոցառումների մեջ հոգևոր բաղադրիչ կա: Սա ոչ թե համագործակցություն է, այլ ապրելակերպ, որը ձևավորվել է տարիների ընթացքում:

 

Դժվարությունները մարդուն մոտեցնում, թե հեռացնում են եկեղեցուց:
Կյանքում ոչինչ պատահական չի լինում: Դժվարությունները մարդուն հուշում են նորից խորհես, վերաարժեվորես կյանքդ: Ես երբ անհաջողություն եմ ունենում, հետ եմ քաշվում ու փորձում գտնել իմ սխալը: Ինձ դժվար պահերի միայն Հայ Առաքելական եկեղեցին է օգնել և օգնում…

 

Նելլի Մարգարյան

  • 2021-10-18
×