Անկախ մասնագիտությունից, ծառայությունից ու գործունեությունից՝ կարևորը մարդ լինելն է: Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն ի վերուստ տրված կոչումը բազմիցս է կիրառել՝ ապավեն ու հույս դառնալով վաղվա ապագային՝ փոքրիկներին: Նրա ընտանիքում սեր ու հոգատարություն գտած Հովհաննես Հովհաննիսյանն օրեր առաջ Մոսկվայում մասնակցեց Դիանա Գուրցկայայի «Սրտի կանչով» բարեգործական հիմնադրամի «Սպիտակ ձեռնափայտ» 5-րդ միջազգային բարեգործական փառատոնին: 11-ամյա Հովհաննեսն Արթուր Գրիգորյանի <Հայ իմ աշխարհ> երգով գերեց ոչ միայն հանդիսատեսին, այլև երգչուհուն: Qahana.am-ի այսօրվա զրուցակիցն է Տեր Գիգոր քահանա Հովհաննիսյանը:
Օրհնեցեք տեր հայր: Հովհաննեսը երգարվեստով զբաղվե՞լ է երբևէ: Ինչպե՞ս եղավ փառատոնին մասնակցելու որոշումը:
Աստված օրհնի: Հովհաննեսը նախորդ տարվանից հաճախում է Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց՝ վոկալի դասերի: Մոտ ամիս ու կես առաջ իրեն ուղարկեցին հանձնախմբի առջև ելույթ ունենալու: Մի քանի երեխաներից հանձնախումբն ընտրեց Հովհաննեսին: Այնուհետև արվեստի դպրոցում ասացին, որ նրան ընտրել են, որպեսզի մասնակցի Դիանա Գուրցկայայի կազմակերպած փառատոնին: Այստեղ հանձնախումբը նրան ձայնագրեց, ձայնագրությունն ուղարկեց Մոսկվա: Պատասխանը եկավ, որ նրան ոչ միայն հավանել են, այլև փառատոնի կազմակերպիչը՝ Գուրցկայան, հենց Հովհաննեսին է ընտրել` իր հետ երգելու: Ընտրեցին երգը, ձայնագրեցին Երգի պետական թատրոնում: Ի դեպ, երգի հեղինակը Արթուր Գրիգորյանն է, ով նաև զգալի աջակցություն ցուցաբերեց:
Երբ Հովհաննեսն իմացավ, որ այդ փառատոնին պետք է մասնակցի, որ իրեն են ընտրել, ինչպե՞ս արձագանքեց:
Ուրախ էր: Ինքն ընդհանրապես ուրախ մարդ է, հազվադեպ է տրտում լինում: Նրան ուրախացնելու համար շատ բան պետք չէ: Հատկապես սիրում է, որ իր հետ քաղցր են խոսում: Դա իրեն շատ է ուրախացնում: Ասում է՝ հայրիկ, ինձ մի ասա Հովհաննես, այլ ասա` Հովհաննես ջան:
Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՝ հետագայում Հովհաննեսն ու Դիանան միասին համագործակցեն, զուգերգերով հանդես գան:
Գիտեք, ժամանակը ցույց կտա: Թեև, երբ իմացանք, որ Գուրցկայայի հետ պետք է երգի, տանը երեխաներն ու մայրիկն ուսումնասիրել էին Գուրցկայայի երգացանկն ու շատ էին հավանել նրա երգերից մեկը, որը հավատքի մասին է: Երբ երգչուհին իմացել է, առաջարկել է, որ ինքը երգի մինուսներն ուղարկի, Հովհաննեսը նախապատրաստվի, ու երբ ամեն ինչ բարեհաջող անցնի՝ իր հրավերով տղաս գնա Մոսկվա, որպեսզի նրանք միասին ձայնագրվեն: Այնպես որ, համագործակցության նմանատիպ հնարավորություն կա:
Փառատոնին մասնակից երգն ո՞վ է ընտրել:
Պարզվեց, որ Գուրցկայան այդ երգը լսել է դեռևս 1995-1997 թվականներին, և այն իրեն շատ է դուր եկել: Ինքն էլ առաջարկեց, որ այդ երգը երգեն:
Հովհաննեսն ո՞ւմ հետ է մեկնել Մոսկվա՝ ստեղծագործական խմբի՞, թե՞ ընտանիքի:
Հրավերքն ուղղված էր մայրիկին և ուսուցչին: Նրա հետ գնացին մայրը և իր վոկալի ուսուցիչը: Սակայն սեփական նախաձեռնությամբ նրանց միացավ նաև քույրիկը:
Տեր հայր, որքա՞ն ժամանակ է, որ Հովհաննեսը Ձեր ընտանիքում է ապրում:
Շուրջ երկու տարի:
Դուք փոքրիկներին նոր, ավելի լուսավոր կյանքով ապրելու մեծ հնարավություն եք ընձեռում՝ տալով նրանց հույս, լույս, ընտանեկան ջերմություն և ծնողական սեր:
Մեր ընտանիքում խնդիրներ ունեցող երեխաներ շատ չկան: Ունեմ մեծ աղջիկ՝ 26 տարեկան: Խնդիրներ ունեն միայն Հովհաննեսն ու Հուսիկը: Հուսիկը մեր ընտանիքում է շուրջ կես տարի, սակայն դեռևս օրինական փաստաթղթային ձևակերպում չի կատարվել, դեռևս որդեգրված չէ, բայց որդեգրումն ընթացքի մեջ է:
Միգուցե հարցս տարօրինակ հնչի, բայց ինչո՞ւ որոշեցիք փոքրիկներին ընտանիք բերել:
Սկզբում դա նպատակ չի եղել, ի սկզբանե միտված չէինք երեխա որդեգրել, պարզապես այնպես ստացվեց, որ զգացինք դրա անհրաժեշտությունը: Քանի որ կապեր ենք հաստատել և մեր համայնքով աշխատում ենք Մարի Իզմիրլյանի անվան մանկատան հետ, և արդեն երկար տարիներ է, որ ճանաչում ենք այնտեղի սաներին, 2-2,5 տարի առաջ կինս ցանկություն հայտնեց որդեգրել Հովհաննեսին, ով, թերևս, ամենախեղճ երեխաներից մեկն էր:
Շատերն ընտրություն կատարելու հնարավորության դեպքում ընտրում են բացարձակապես առողջ երեխաների: Դուք «խախտեցիք» այդ մոտեցումը: Ինչո՞ւ:
Գիտեք, հայաստանյան իրականության մեջ մի այսպիսի մտայնություն կա. Մարդիկ երեխաներ են որդեգրում՝ մտածելով իրենց իսկ ապագայի մասին: Իհարկե, սա նորմալ երևույթ է: Մինչդեռ Եվրոպայում միտումն ուրիշ է. որդեգրում են, որպեսզի երեխային օգտակար լինեն: Մեզանում երեխա որդեգրելիս փորձում են ընտրել այնպիսի փոքրիկի, ով որևէ արատ, հիվանդություն, խնդիր չունի, մինչդեռ այնտեղ ընտրում են հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների: Այս մոտեցումն ինձ շատ բարի, հոգեհարազատ է թվում: Առողջ երեխան, ով թեկուզև մանկատանն է, ինչ-որ կերպ կարող է իր տեղը գտնել այս կյանքում: Իսկ պատկերացրեք այն երեխայի վիճակը, ով մանկատանն է, ծնողներ չունի, միաժամանակ հաշմանդամություն ունի… Այս երեխային շատ ավելի դժվար է լինելու կյանքում կայանալ, իր տեղը գտնել: Նա ավելի շատ կարիք ունի օգնության, քան մյուս երեխաները… Այս ամենի մասին մտածելով ենք նման որոշում կայացրել: Պետք է կարողանանք օգնել, որ երեխան կարողանա իր տեղը գտնել: Մանկատան հետ աշխատելու ընթացքում տեղեկացանք մի ամերիկյան ընտանիքի մասին, որտեղ հայեր չկային, բայց ընտանիքը Հայաստանից երեք երեխա էր որդեգրել` երեքն էլ հաշմանդամ: Նրանցից մեկը Հովհաննեսի դասընկերուհին է, ով ևս տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Հիմա երեխաները սկայպի միջոցով միմյանց հետ խոսում են:
Տեր հայր, երեխաներն իրենց ինչպե՞ս են զգում նոր ընտանիքում: Արդյո՞ք միանգամից կարողացան մերվել:
Գիտեք, մանկատանը տարբեր կարգավիճակի երեխաներ կան: Նրանցից ոմանք ունեն ծնողներ, ովքեր ժամանակ առ ժամանակ այցելում են նրանց կամ հանգստյան օրերին տուն են տանում: Կան երեխաներ, ովքեր նորածին ժամանակ են հայտնվել մանկատանը և երբեք ծնող չեն տեսել: Թե Հովհաննեսը, թե Հուսիկը այդպիսի երեխաներ են: Հատկապես այս երեխաների համար շատ փափագելի է ընտանիքն ու ծնողը… Կարևորն այն է, որ լինեն մարդիկ, ում իրենք հայրիկ ու մայրիկ կանվանեն:
Հովհաննեսը կիսվում է՞ ծնողների հետ այն մասին, թե ինչպես է իր ապագան պատկերացնում:
Կարծում եմ, դեռևս դրա համար փոքր է: Ամեն անգամ երազական ինչ-որ վիճակում է հայտնվում: Այստեղ այլ խնդիր կա. թեև նրանք դեռ 10, 11 տարեկան են, բայց հանգամանքների բերումով զարգացման շատ հարցերում հետ են մնացել, թերացել: Մանկատանն իրենց որքան էլ խնամեն, հեշտ չէ, երբ մեկ խմբում 20-30 երեխա կա…
Ինչո՞ւմ են առավել թերանում փոքրիկները:
Օրինակ, Հովհաննեսը սովորում է 4-րդ, Հուսիկը՝ 5-րդ դասարանում: Հուսիկը հայերեն տառերը սովորել է այս տարի՝ ամռանը: Փաստորեն 4-րդ դասարանն ավարտել է առանց հայերեն տառերն իմանալու: Հովհաննեսն ավելի ուշ է դպրոց հաճախել: Գյումրիից տեղափոխել են Երևան, որպեսզի տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ դպրոց գնա: Բայց ասեմ, որ այս երեխաներն ավելի արագ են ընկալում ամեն ինչ:
Հուսիկը նույնպե՞ս տեսողական խնդիրներ ունի:
Ոչ, Հուսիկը հենաշարժողական խնդիրներ ունի, բայց շատ աչքաբաց երեխա է: Սուր աչք ու մտածող միտք ունի: Սիրում է տնային աշխատանքներով զբաղվել:
Անմեղ երեխաների աղոթքն առավել հասանելի է Աստծուն: Համոզված եմ, որ երեխաներն աղոթում են Ձեզ համար:
Եկեք մենք էլ աղոթենք երեխաների համար, որովհետև նրանք մեր ապագան են, մեր վաղվա օրը: Ուշադիր լինենք մեր փոքրիկների հանդեպ, որպեսզի նրանք էլ վաղվա մեր Հայաստանի օրը զորավոր ու պայծառ դարձնեն…
Նելլի Մարգարյան