Հոգով` Աստծուն, մարմնով՝ Եկեղեցուն

Հոգով` Աստծուն, մարմնով՝ Եկեղեցուն

Մեր հյուրն է երգիչ-խմբավար, դպրապետ Վարուժան սարկավագ Մարգարյանը: Վարուժան Մարգարյանը ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի «Խմբավարություն ու ջութակ» և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Մեներգեցողություն» բաժինները: Իր ծառայության 25 տարիներին մեծ ավանդ է ունեցել հայ հոգևոր երաժշտության տարածման և մշակման գործում՝ Հայաստանում խմբավարելով և մեներգելով «Նարեկ» (արական երգչախումբ, ղեկ. Մ. Մկրտչյան), «Կոմիտաս» (ԵՊՀ երգչախումբ, ղեկ. Հ. Թոփիքյան ) և «Հովեր պետական կամերային» (ղեկ. Ս. Հովհաննիսյան ) երգչախմբերում, Երուսաղեմում՝ Ս. Հակոբյանց միաբանությունում և Կանադայում՝ Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու  «Կոմիտաս» երգչախմբում:     

  

«Երգել ոչ թե ձայնը, այլ՝ հոգին»

 

Առաջին անգամ, երբ գնացի եկեղեցի

Ես ջութակահար էի, բայց նաև երգել էի սիրում: Եկավ ժամանակ, որ սկսեց հետաքրքրել, թե դասերից դուրս ինչո՞վ է զբաղվում իմ խմբավարը, ի վերջո ի՞նչ եմ անելու ես տարիներ անց: Կիրակի օրերին սկսեցի Մայր Տաճար գնալ՝ իմ խմբավարին հետևելու: Երկար ժամանակ պարզապես կողքից հետևում էի, թե ի՞նչ է ներկայացնում իրենից խմբավարի աշխատանքը: Աշխատանք, որ Աստվածային նախախնամությամբ, ինձ համար, պիտի դառնար ծառայություն: Երկնային շնորհ էր Մայր Տաճարում կանգնել Լուսինե Զաքարյանի և այլ երգիչների  կողքին, դրանք բաց դասեր էին ինձ համար : Ահա այդտեղ էլ երգը ապահովեց մուտքս եկեղեցի:

 

Երաժշտությունը՝ Աստվածաճանաչողության ուղի

Առաջին բանը, որ արեցի երգչախմբում, Սուրբ Պատարագ սովորելն էր: Երաժշտության միջոցով ես ընկալեցի եկեղեցու և հոգևոր երգի էության խորությունը: Ի վերջո երաժշտությունը դարձավ այն կայծը, որով  ճանաչեցի Աստծուն:

 

Կատարյալ ստեղծագործությունը

Եթե հարցնեն, թե ո՞րն է ամենից իդեալական երաժշտական ստեղծագործությունը, կպատասխանեմ ՝  Սուրբ  Պատարագ, Ս. Պատարագ և Ս. Պատարագ: Կա Կոմիտաս, կա Պատարագ, կա և բարձրագույն հոգևոր վիճակի ընկալում: Սուրբ Պատարագի կատարելությունը հարկավոր է միշտ թարմ պահել Աստվածաբանական ընկալմամբ: Չես կարող Ս. Պատարագի մեղեդին երգել, եթե դրա մեջ չես դրել աղոթք, կանչ, զղջում, խնդրանք: Եթե այս բաղադրիչները կան երգում, ուրեմն հաջողած ես:

 

Ես որտեղ, Երուսաղեմը՝ որտեղ

Ութ տարի Մայր Տաճարի երգչախմբում (խմբավար Խ.Մեյխանեջյան) Ս.Պատարագներին  մասնակցելուց հետո  մի օր,  Ս. Գայանե եկեղեցու  արական երգչախմբի նկարահանումների ժամանակ, հանդիպեցի Թորգոմ պատրիարք Մանուկյանին: Վերջինս հրավիրեց ինձ Երուսաղեմ: Մտածում էի՝ ես որտեղ, Երուսաղեմը՝ որտեղ: Չանցած մի քանի օր՝ Թորգոմ պատրիարքն ինձ ներկայացրեց Վազգեն Ա Վեհափառին և վերջինիս «գլխի շարժմամբ» ես արդեն Երուսաղեմում էի՝ որպես խմբավար-դպրապետ։                               

-Երուսաղեմը քո Տունն է,-ասում էր Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, իրավմամբ և այդպես է՝ հայացքս Երուսաղեմին պիտի մնա հավիտյան: Երուսաղեմում ես ավելիով հասկացա ու նվիրվեցի հոգևոր երգին։ Արդեն 25 տարի ծառայում եմ իմ եկեղեցուն ու երբեք չեմ զղջա, հպարտությամբ պետք է շարունակեմ ծառայությունս: Ես սիրում եմ եկեղեցին.այդպես էլ պետք է լիներ:  

                                                                                                               

Խնդրի մեջ ընտրել դժվար ուղին:

Ծառայության ընթացքում առաջանում են տարատեսակ դժվարություններ: Հոգևոր կյանքում դրանք ամենուր են: Շատ աշխատանք կար անելու՝ հնին վարժված լինելու, նորը չընդունելու, միաձայն Պատարագը եռաձայնի վերածելու և այդպես շարունակ: Խնդիրները լուծելի են ,եթե կա ճիշտ ընկալում: Խնդիրներ լուծելիս միշտ ընտրել եմ դժվար ուղին: Հոգևոր կյանքում դժավարությունների հետ հաշտվելը պարտություն է:

 

Իմ կոչումը...

Ամեն մարդ, երբ աշխարհ է գալիս, ունի իրեն տրված կոչում: Այլ հարց է, թե որքանո՞վ ենք գտնում մեր կոչումները: Իմ կոչումը, կարծում եմ, դպրապետությունն է:

 

Եթե տեսնեմ Աստծուն, կասեմ…

Մեղայ, Տէ՛ր:

 

Եկեղեցին…

Իմ տունն է: Իսկ Հայաստանից դուրս Հայ Առաքելական եկեղեցին Հայաստան է:

 

Եկեղեցուց դուրս…

Իմ հոգևոր ճանապարհին հաստատվելը դժվարությամբ է եղել, դուրս գալ չեմ կարող: Եկեղեցուց դուրս, ավազանին հավատարիմ մնալով, Ելք չկա:

 

Հարցազրույցը վարեց Զարա Ղազարյանի

  • 2021-10-20
×