«Աստված ամեն ինչ տեսնում է, իրենից ոչինչ չես կարող թաքցնել». Արամե

«Աստված ամեն ինչ տեսնում է, իրենից ոչինչ չես կարող թաքցնել». Արամե

 Երբեմն մտածում ենք, որ հաջողությունները մեզ փառամոլ են դարձնում, ինքնապաշտ և անհավատ: Սակայն հավատքը կապված չէ ո՛չ հաջողության, ո՛չ ձեռքբերումների, ոչ էլ նորաձևության հետ: Այն մեզ հետ է ծնվում, դաստիարակություն է ու ապրելակերպ:    Երգիչ Արամեն ընտանիքից ժառանգել է ամենակարևորը՝ անկեղծությունը մարդ-մարդ և ճիշտ շփումը` մարդ-Աստված հարաբերություններում: Նրա նպատակները տարբեր են, երազանքը՝ դեռևս մեկը… Qahana.am-ի այսօրվա զրուցակիցը անկեղծացավ այն հարցերի շուրջ, որոնք երբեմն անհասանելի են օտար ականջներին: Ըստ ձեզ, կրոնը, հավատքը ի՞նչ դեր ունեն ժամանակակից մշակույթում:Հավատքը մեր կյանքում միշտ կարևոր դեր է ունեցել և կունենա, որովհետև մեր ազգը հոգևոր արժեքներով է առաջնորդվում: Կան ազգեր, որոնց համար, միգուցե, առաջնահերթ են այլ արժեքներ, բայց մեզ համար առաջին տեղում հավատքն է, եկեղեցին, հայրենիքն ու ընտանիքը: Միշտ այդպես է եղել, կա, և ավելի քան վստահ եմ, որ կլինի: Եթե պատմության գիրկը գնանք մի պահ, կնկատենք, որ հավատքն է միշտ առաջնորդել, ուժ տվել, փրկել: Մարդիկ, զինվորներն իրենց ապահով են զգացել եկեղեցիներում: Ես անհավատ հայ չեմ պատկերացնում, թեև, նման մարդկանց ճանաչում եմ… Արամե, իսկ ձեր նշած անհավատ մարդկանց մոտ ի՞նչ տարբերություն եք զգում: Գիտեք, կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր չունեն հավատ, չունեն նաև վախ… Իսկ վախ չունեցող մարդը վտանգավոր մարդ է: Եթե մարդը հավատ չունի, չունի նաև սրբություն: Եթե նա չի պաշտում Աստծուն, չի կարող պաշտել նաև իր ծնողին, իր հայրենիքը, ընտանիքը, երեխային: Միգուցե շատ կտրուկ եմ արտահայտվում, բայց դա իմ կարծիքն է, իմ տեսակետը: Նույնիսկ շատ փոքր տարիքում, երբ որևէ վատ արարք էի կատարում, անկախ նրանից, թե այդ մասին հարազատներս, մտերիմներս տեղյակ էին թե ոչ, միևնույնն է, ես մտածում էի, որ Աստված ամեն ինչ տեսնում է, Նրանից ոչինչ չեմ կարող թաքցնել: Այդպիսին եմ մինչև այսօր, այդ պատճառով էլ խուսափում եմ ստից և խաբեբայությունից… Հաճախ մեզ դեպի եկեղեցի ուղղորդում է կյանքի այս կամ այն իրավիճակը: Կհիշե՞ք մի դեպք, որ տվյալ պահին քայլերն ինքնաբերաբար ձեզ ուղղորդել են եկեղեցի՝ աղոթքի:Նման դեպքերն իմ կյանքում հաճախ են: Նույնիսկ եղել են պահեր, երբ գնացել եմ եկեղեցի, շատ-շատ եմ խնդրել, բայց չի տրվել, չի ստացվել… Չե՞ք զայրացել, որ ձեր աղոթք-խնդրանքը չի կատարվել:Ոչ, մտածել եմ, որ այդպես էլ պետք է լինի, ամեն բան Տիրոջ կամքով է լինում: Որքան էլ ցանկանանք, երբեմն Աստված մեզ ազատում է այն բաներից, որոնք մենք շատ ենք ցանկանում: Պարտադիր չէ, որ Աստված մեզ տա, որ ունենանք այն, ինչը շատ ենք ուզում: Մենք երբեք չգիտենք, թե ինչ կլինի մեզ հետ, եթե հասնենք մեր երազանքին: Իմ կյանքում պատահական ոչինչ չի եղել: Ես միշտ ընկերներիս ասում եմ, որ Աստված միշտ ինձ հետ է ու երբեք անելանելի վիճակում չի թողնում: Շատ դժվարությունների միջով եմ անցնում և յուրաքանչյուր դժվարությունից դաս եմ քաղում: Դա ինձ օգնում է, քանի որ հետագայում որոշ հարցերի այլ կերպ եմ նայում: Հավատում եմ, որ կյանքում պատահական ոչինչ չի լինում: Արդյոք այսօր մեր երիտասարդները բարեպաշտ են, թե՞ ժամանակակից արժեքներն ու բարքերն են փոխվել:Ի ուրախություն ինձ, վերջին տարիներին նկատում եմ, որ երիտասարդների կողմից եկեղեցու հանդեպ մեծ ուշադրություն կա: Այդ մասին նույնիսկ ընկերներիս հետ ենք զրուցել. մոտ 10 տարի առաջ դրսում խաչակնքելը կամ եկեղեցի գնալը շատերի համար ամոթ էր, «լավ տղայի» արարք չէր: Փառք Աստծո, հիմա նման բան չկա: Նկատում եմ, որ երիտասարդները ձգտում են դեպի եկեղեցի, մասնակցում են Սուրբ Պատարագներին, հետևում են մեր ավանդույթներին: Դուք նախկինում նման «դժվարության» միջով անցե՞լ եք, ամաչե՞լ եք եկեղեցի մտնել կամ աղոթել:Ոչ, ես նման խնդիր չեմ ունեցել, երբեք եկեղեցի մտնելուց կամ խաչակնքելուց չեմ ամաչել: Ունեմ շատ ընկերներ, ովքեր ավելի խորը հավատք ունեն ու ինձ շատ են օգնում իրենց խորհուրդներով: Հաճախ հարցեր են առաջանում, որոնց պատասխանները նրանցից եմ ստանում: Երբեմն դիտավորյալ հակառակվում եմ իրենց, որ ինձ կարողանան լիովին համոզել, որ կա Աստված, Սուրբ Հոգի, Սուրբ Երրորդություն: Խնդրում եմ Աստծուն, որ ինձ տա հնարավորություն՝ հավատքս ամրապնդել, ավելի սրտանց հավատալ: Ամեն մարդու տրված չի հնարավորություն՝ կարողանալ լիարժեք հավատալ և զգալ դա: Ճիշտ է, զգում եմ, որ մեծ հավատք ունեմ, բայց կարծում եմ, որ դա չնչին է, ինձ ավելին է պետք… Գիտեք, ես կյանքում ունեմ վախեր, որոնք միշտ թեթևացնում եմ աղոթքի միջոցով: Ունեմ նպատակներ, որոնց մասին միշտ հայտնում եմ Տիրոջը… Այսինքն, ես Աստծո հետ միշտ «կապի մեջ» եմ: Եկեղեցական արարողություններին մասնակցելուց ու եկեղեցուց դուրս գալուց հետո միշտ ինձ լավ եմ զգում: Դա իմ ծնողներից է եկել: Չեմ կարող ասել, որ իմ ընտանիքը, ծնողներս խորը հավատք ունեցող մարդիկ են, բայց փորձել են մեզ փոխանցել այնքան, որքան իրենց մեջ կա: Ես էլ իմ երեխաներին եմ փոխանցելու մեր ընտանեկան ավանդույթներն ու սովորույթները: Կնշե՞ք որևէ սովորույթ:Հայրիկիցս ինձ է փոխանցվել մի շատ լավ սովորույթ. ամեն առավոտ տանից դուրս գալիս նա խաչակնքում էր և դիմում Աստծուն՝ խնդրելով, որ օրը բարի ու հաջող լինի… Իմ տան պատուհանից երևում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, և ես ամեն առավոտ հայրիկիս պես եմ վարվում… Մնացած ամեն ինչ Աստծո կամոք է… Արամե, նշեցիք, որ երբեմն վախեր եք ունենում, որոնք աղոթքով եք հաղթահարում: Այդ վախերն ինչի՞ց են առաջանում:Գիտե՞ք, այդ վախ ասվածն այն չէ, որ ինձ հետ որևէ վատ բան կլինի, կամ ինքս ինչ-որ մեկին կվնասեմ: Դա մի ուրիշ վախ է, անբացատրելի վախ, որը գալիս է որոշակի դժվարություններից հետո. չես ցանկանում, որ այս կամ այն ժամանակահատվածը կրկնվի, որովհետև շատ դժվար էր, շատ վատ էր… Ես իմ կյանքն ապրում եմ ոչ թե մենակ, այլ ընտանիքիս հետ: Երբեք չեմ ասում ԵՍ, ԻՆՁ, ԻՆՁ ՀԱՄԱՐ… Միշտ պետք է շարունակեմ այնպես անել, որ իմ ընտանիքը լավ ապրի: Լավ ապրելը զբոսանավեր և շքեղ ամառանոցներ ունենալը չէ, այլ խղճի հանգստությունն է: Պետք է հանգիստ ապրել ու վայելել կյանքի բարիքները, որքան կհասցնենք, կկարողանանք: Մարդը զգացմունքային էակ է, բնական է, որ երբեմն կարող եք բարկանալ: Հե՞շտ եք հաղթահարում բարկությունը:Իհարկե, կյանքում դժբախտություններ էլ են լինում, որից հետո մոտդ ջղայնություն, չարություն է առաջանում: Բայց երբ վերադառնում ես այն մտքին, որ արդեն ոչինչ չես փոխի, սկսում ես մտածել, թե ինչպես շարունակես նպատակներդ իրականացնել՝ հանուն քո ընտանիքի: Միշտ մտածում եմ, թե նման դեպքերում ի՞նչ են անում այն մարդիկ, ովքեր հավատք չունեն: Երևի ավելի են ջղայնանում, չարանում: Արդեն իսկ ունեք ձեր ընտանիքը: Ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, բնականաբար, լինում են չհասկացված պահեր, խոսակցություններ, գուցեև՝ վեճեր: Ի՞նչն է օգնում նման խնդիրները հաղթահարել:Իհարկե սերը… Չեմ կարող բացատրել, թե ինչ է սերը: Սերն այն զգացմունքն է, որ հասկանում ես, որ նույնիսկ այն ժամանակ, երբ դիմացինիդ հետ կա չհասկացվածություն, չես ուզում իրեն «վերացնել, ջնջել» քո կյանքից: Ընդհակառակը, ուզում ես շուտափույթ շտկել այդ պահը, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Կարծում եմ՝ դա է սերը… Իսկ անտարբերության դեպքում ոչինչ չես փորձի շտկել, այլ կպատժես, կլռես, կամ կանտեսես… Ըստ ձեզ, մարդկային հարաբերություններում ամենամեծ թշնամին ի՞նչն է:Փառամոլությունը, գոռոզամտությունը… Անհատների փառամոլության պատճառով ազգեր են թշնամանում, մարդիկ են զոհվում: Դա չափազանց եսասիրություն է, հավակնոտություն, որը նպատակներ է կործանում: Եվ դա մեղք է: Եթե դա չլինի, կյանքը շատ ավելի հեշտ կլինի, մարդկային հարաբերությունները պարզ կլինեն: Բայց, իհարկե, դա չի կարող չլինել: Հասկանալի է, որ մենք էլ զերծ չենք այդ թերությունից, ինքներս էլ փորձում ենք մերն առաջ տանել… Նաև շատ վատ գիծ է չկամեցողությունը: Չէ՞ որ շրջապատող մարդկանց հաջողությունը քո հաջողությունն է: Եթե քեզ շրջապատեն անհաջողակներ, դու էլ, ինքնըստինքյան, այդպիսին կդառնաս… Երբեմն, ասում են՝ բարի նախանձ կա: Նման բան, ըստ իս, չկա: Նախանձը կամ կա, կամ չկա: Երբ ես լավ բան եմ տեսնում, ոչ թե նախանձում եմ, այլ մտածում եմ, որ ինքս էլ կարող էի, կցանկանայի նման բան անել: Դա ինձ մոտ ձգտում է առաջացնում, ոչ թե չկամեցողություն: Երիտասարդներ կան, որ հիմա ինձ հարցեր են տալիս, ինչի համար ուրախանում եմ. չէ՞ որ կարող եմ նրանց համար առաջ գնալու խթան հանդիսանալ: Մեր բնագավառում հակառակն են մտածում… Բայց միշտ պետք է հիշել, որ եթե դիմացինիս ցածրացնեմ, ինքս դրանից չեմ բարձրանա: Պետք է աշխատել, ապրել ու ձգտել դեպի լավը: Դուք փառամո՞լ մարդ եք:Այո, բայց դիմացինին վնասելու միտում չունեմ, այլ՝ ինքս իմ նկատմամբ եմ պահանջկոտ: Ինքնաքննադատությամբ շատ եմ զբաղվում, վերլուծում, թե ինչո՞ւ չկարողացա այս կամ այն բանն անել, կամ՝ ինչո՞ւ արեցի… Հավանաբար, հե՞շտ է ձեզ հունից հանել:Որքան բարի եմ, կամեցող կամ զիջող, կրկնակի հակառակը կարող եմ դառնալ, եթե ինձ հասցնեն այդ աստիճանին: Երբ զգում եմ, որ չգնահատված եմ, «օգտագործված» եմ, դա ինձ հունից հանում է ու ջղայնացնում: Բայց հեշտ էլ մոռանում եմ, հիշաչար չեմ: Իհարկե, մոռանում եմ այն բաները, որոնք աննշան են… Թեև, փառք Աստծո, չարիք կամեցողներ չունեմ: Ի՞նչ խնդրանք կցանկանայիք հիմա հղել Աստծուն:Քանի որ գտնվում եմ աստվածասեր վայրում ու ունեմ հնարավորություն, ցանկանում եմ Աստծուն խնդրել, որ ինձ մի լավ բալիկ պարգևի, ում հայրիկիս հիշատակին իր անվամբ՝ Մարատ կկոչեմ: Հիմա իմ ամենամեծ խնդրանքը, նպատակը, երազանքը դա է: Կյանքս նորից կփոխվի ու խթան կառաջանա. կլինի մարդ, ում համար ես ապրելու եմ… Փաստորեն, ձեզ համար հիմա կարևոր է, որ առաջնեկը տղա լինի:Այո, ցանկալի է: Եթե դա իրականանա, նշանակում է՝ Աստված ինձ լսել է, աղոթքս տեղ է հասել: Ես այդ խնդրանքով ամեն օր եմ դիմում, դա ինձ շատ կօգնի, դրա կարիքը շատ-շատ ունեմ… Նելլի Մարգարյան

  • 2021-10-20
×