«Գաղտնիքներ կան, որ մինչև մեր կյանքի վերջն իրավունք չունենք շոշափել». Սարգիս Նաջարյան

«Գաղտնիքներ կան, որ մինչև մեր կյանքի վերջն իրավունք չունենք շոշափել». Սարգիս Նաջարյան

Մարդուն տրված է ազատ ընտրության հնարավորություն: Կուլ կգնանք գայթակղություններին, թե կմտածենք մեր հոգու խաղաղության ու մեր պարկեշտության մասին՝ յուրաքանչյուրիս որոշելիքն է: Աստված մեզ ցույց է տալիս ճիշտ ճանապարհը, բայց ընտրության հարցում երբեք չի բռնանում:Մեր այսօրվա հյուրը ռադիոհաղորդավար Սարգիս Նաջարյանն է. աշխարհիկ մարդ, ով իր յուրաքանչյուր օրն անցկացնում է հոգևոր ընթերցանությամբ:

 

Ինչպե՞ս սկսեցիք Ձեր գործունեությունը:

Ես ընտանիքի միակ արու զավակն եմ, ով պետք է Նաջարյանների տոհմը շարունակեր: Ծնողներս ինձ վրա շատ էին դողում: 6-րդ դասարանում շատ տարված էի հոգևոր աշխարհով, չգիտեի, թե հետս ինչ էր կատարվում: Երբ փարաջայով հոգևորական էի տեսնում, որոշում էի անպայման հոգևորական դառնալ: Ծնողներիս հայտնեցի դպրոցն ավարտելուց ճեմարանում սովորելու ցանկությունս: Այն ժամանակ հայրս կոմունիստական նկրտումներ ուներ, չհամաձայնեց: Մայրս ավելի մեղմ էր, ավելի քնքուշ, ինձ հասկանում էր, բայց ոչինչ չէր կարող անել: Բայց ես միշտ Աստծուն խնդրում էի կարողանալ իրեն ծառայել: Ամեն դեպքում հոգևորական չդարձաք:Երկու կրթություն ունեմ՝ թատերական և բանասիրական անգլերեն լեզու: Երկու մասնագիտությանս էլ տիրապետում եմ: Հեռակա ավարտել եմ Մոսկվայի արվեստի համալսարանի թատերական ֆակուլտետի դերասանական վարպետության բաժինը: 18 տարեկանից առ այսօր աշխատում եմ և երջանիկ եմ իմ աշխատանքով, ավելի երջանիկ, քան պետք է: Ութ տարի Աստծո նախախնամությամբ որպես ասմունքող մեծ դահլիճներում հատվածներ եմ կարդացել Աստվածաշնչից: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից շնորհակալագրի եմ արժանացել այն բանի համար, որ լինելով աշխարհիկ մարդ` ծառայում եմ հոգևոր աշխարհին: Այնուհետև առաջարկ ստացա նոր-նոր ձևավորվող «Վեմ» ռադիոկայանից, որի կազմավորման առաջին իսկ օրվանից աշխատել եմ: Ամեն օր ութ ժամ կարդացել եմ սուրբ հայրերի գործերը:

 

Փաստորեն Աստված լսեց Ձեր աղոթքներն, ու թեև հոգևորական չդարձաք, հոգևոր աշխատանքով զբաղվեցիք:

Այո, եթե մի բան սիրում ես՝ լինի անձ թե երևույթ, նույնիսկ երկար տարիներ անց այդ սերն անպայման նպատակին կհասնի: Կարևոր չէ, այդ սիրուն կպատասխանեն, թե ոչ, կարևորը սերն է: Եթե սերը շատ խորն է, այն սպանել, հանել հնարավոր չէ, չի մահանա:

 

Դուք հոգևոր հաղորդումներ եք վարում, Աստվածաշնչային ընթերցանություններ կատարում: Դա մարդու հոգեկան աշխարհը փոխո՞ւմ է, ազդեցություն ունենո՞ւմ է Ձեզ վրա:

Իհարկե, այդպես ես իմ աշխարհիկ մեղքերն եմ քավում: Ամեն օր, ամեն ժամ ես բարձրաձայն խոստովանում եմ: Վախենալու ոչինչ չունեմ: Աստված ինձ միշտ փրկում է, իմ տերն է, իմ հրեշտակները միշտ ինձ օգնում են: Դա ինձ համար պարզապես հաղորդում չէ, ինձ համար աշխատանքային ամեն վայրկյանն աղոթք է, պատասխանատու պահ: Եվ ես աշխատում եմ բնական կարդալ, խոնարհումով կարդալ: Դա շատ լուրջ աշխատանք է, Տիրոջը պետք է խոնարհումով մոտենալ… Աղոթում եմ, հրեշտակներին խնդրում, որ ինձ խոնարհում բերեն Տիրոջ խոսքը բարձրաձայնելու համար:

 

Անընդհատ հոգևոր ընթերցանության մեջ եք: Ավելի շատ ո՞ւմ խոսքերն են մեծ ազդեցություն թողնում Ձեզ վրա:

Ս. Հովհան Ոսկեբերանի: Իսկ Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունն ինձ համար կյանքի բանալի է դարձել: Ես տանը պարբերաբար կարդում եմ, քանի որ նոր բաներ եմ գտնում, որոնք երբևէ չեմ նկատել: Իսկ Աստվածաշունչ կարդում եմ ամեն օր: Վերջերս շատ է խոսվում Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության բուժիչ հատկության մասին: Քանի որ Դուք շատ եք ընթերցում, որևէ ազդեցություն նկատե՞լ եք Ձեզ վրա:Եթե շատ անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ դա ուղղակի խոր հոգևոր ստեղծագործություն է, միայն ընթերցանությունը բավական է ներշնչվելու, որոշ ախտեր մի կողմ դնելու և ճիշտ կյանքով ապրելու համար: Բոլոր սուրբ հայրերի գործերն էլ հրաշք են և բուժիչ ազդեցություն ունեն, եթե իսկապես հոգևոր տեսանկյունից և ազնվորեն ես մոտենում: Իհարկե, Նարեկացին հրաշք է, իհարկե կբուժի, և եթե նախկինում բարձի տակ էին դնում, ու հիվանդը թեթևանում էր, ապա դա գաղտնիք է, դա հրեշտակների և Տիրոջ գործն է: Գաղտնիքներ կան, որ մինչև մեր կյանքի վերջն իրավունք չունենք շոշափել: Պետք չէ փորձել վերծանել գաղտնիքը…

 

Գրքում կա՞ն հատվածներ, որոնք Ձեզ համար ավելի ազդեցիկ են:

Տիրամոր հատված, երանիների, մեղաների շարքն է, որ ցանկալի է, որ մարդիկ շատ կարդան՝ հիվանդությունը վերացնելու, մեղմացնելու համար: Բայց չի կարելի վերլուծել «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը: Դա նույնն է, ինչ մշակել Կոմիտասի ստեղծագործությունները, ինչը նույնպես չի կարելի:

 

Իսկ ազդեցությունը փոխվո՞ւմ է գրաբար կամ աշխարհաբար ընթերցանությունից:

Գրաբարն ինձ համար տիեզերական, եթերային, խորհրդավոր լեզու է: Գրաբարով կարդալիս նույնիսկ մի քիչ վախենում եմ (ծիծաղում է): Աշխարհաբարն ավելի թեթև է, քնարական…

 

Պարոն Նաջարյան, դուք 44 տարի անընդմեջ աշխատել եք, եղել եք ռադիոեթերներում, էկրաններին: Ժամանակակից ժանտախտը՝ աստղային հիվանդությունը, երիտասարդ տարիներին ձեզ և՞ս անհանգստացրել է:

Իմ աշխատանքը եղել է իմ հնարավորություններին ու պահանջներին համապատասխան… Իմ աշխատանքի բնույթն այնպիսին է, որ միշտ անհրաժեշտ եմ եղել, Փառք Աստծո, բայց ես դրանում յուրահատուկ ոչինչ չեմ տեսնում: Սա էլ սովորական աշխատանք է, ուղղակի պոպուլյար է: Իսկ քո միջից այդ հիվանդությունը ջնջելու համար պետք է մարդկանց հետ նստել, շփվել ու զրուցել: Թե չէ այս ոլորտի մարդիկ կան, երբ զանգում ես, ով ասես հեռախոսը վերցնում է, բացի իրենից: Որքան հասարակ մարդ լինես, այնքան քո օգուտն է: Հակառակ դեպքում ինքդ քեզ կորցնում ես: Ի վերջո, դու հողեղեն մարդ ես…

 

Դուք, փաստորեն, անընդհատ աղոթական վիճակում եք՝ կարդում եք հոգևոր տեքստեր, բայց նաև պարբերաբար եկեղեցի եք հաճախում…

Ես ոչ միայն սովորական օրերի եմ եկեղեցի գալիս, այլև հատուկ օրերի ու հատուկ աղոթքով եմ գալիս՝ ընդգծված խոնարհաբար շնորհակալություն հայտնելու… Դա այն ժամանակ է, երբ դժվարությունների մեջ եմ կամ այդ դժվարությունները հաղթահարում եմ… Գայթակղությունը մարդուն շեղելու սատանայի ամենամեծ զենքն է:

 

Կարողանո՞ւմ եք խուսափել դրանից, որևէ մեխանիզմ ունե՞ք:

Ուղղակի ինքս ինձ ասում եմ, որ չպետք է գայթակղվել, անցիր առաջ: Ես ինձ գայթակղել փորձողներին բարձրաձայն ասում եմ՝ դու ինձ չես կարող գայթակղել: Ինձ նույնիսկ փորձել են աշխարհի ամենախոսուն զենքի՝ գումարի միջոցով գայթակղել, բայց չի ստացվել… Փառք Քրիստոսին, ես Նրան չեմ կարող դավաճանել, որովհետև այնքան լավ բաներ է ինձ համար արել… Առաջ նման կերպ չէի կարողանում մտածել, բայց հիմա ամբողջովին վստահ եմ իմ խոսքերում: Շատ համարձակ եմ դարձել: Աստված է ինձ հուշում, իրավունք տալիս, բայց չեմ չարաշահում: Գայթակղությունը կործանիչ է… Ես կարող էի հիմա միլիարդատեր լինել, բայց չգայթակղվեցի… Եվ, Փառք Աստծո…

 

Նելլի Մարգարյան

  • 2021-10-20
×