Սիրելի՛ ընթերցող, այս անգամ զրուցել ենք արվեստաբան, կյանքը մշակույթին, սահմանամերձ գյուղերի երեխաներին նվիրած ընկեր Սիմայի հետ։ Սիման «Մշակութամետ» նախաձեռնության մասնակիցներից է, ով մի քանի գաղափարակից երիտասարդների հետ կյանքի կոչեց այդ ծրագիրը։ Հունվարի 29-ից մինչ հունիսի 27-ը շաբաթ և կիրակի օրերին ջութակահար, թավջութակահար, դաշնակահար, պարուսույց, կարպետագործ, լուսանկարիչ երիտասարդների խումբը լինում էր Տավուշի սահմանապահ Չինարի և Այգեձոր գյուղերում։
-Կպատմե՞ք «Մշակութամետ» նախաձեռնության մասին։ Ո՞րն է եղել ձեր նպատակը։
-Երբ դեռ նոր էինք սկսել քննարկումները ու չէինք էլ պատկերացնում մեր անելիքը, պարզվեց, որ Տավուշի սահմանամերձ Այգեձորի դպրոցը մի քանի տարի առաջ ինչ-որ ծրագրով երաժշտական գործիքներ է շահել, որոնք դպրոցում փակված են՝ ուսուցիչներ չլինելու պատճառով։ Հասկացանք, որ ծրագիրը կյանքի կոչելու հրաշալի առիթ է ընձեռվել։ «Մշակութամետ»-ի նպատակը տեղի դպրոցներում երեխաներին մշակութային կրթություն տալն է: Առաջին անգամ պարզեցինք, որ երեխաները կիթառը ջութակից չեն տարբերում։ Այժմ շատերը տիրապետում են որևէ գործիքի, նկարում են ու ասեղնագործում, երգում են, պարում ազգային պարեր, զբաղվում դերասանական արվեստով, հետաքրքրված են լուսանկարչությամբ և կարպետագործությամբ։ Շատերն արդեն հասցրել են բեմ բարձրանալ: Մեր կիթառի ուսուցիչ Զարեհն ասում է. «Ապագա հանճարներ են մեծանում»։
-Ի՞նչ տարիքի երեխաներ են մասնակցում դասերին, և ի՞նչ է սովորեցնում նրանց ընկեր Սիման։
-Դասերին հաճախում են նախադպրոցական և մինչև 12-րդ դասարանի երեխաներ։ Ազգային պարի դասերը ես եմ անցկացնում, իսկ ավագ դպրոցականների հետ ուսումնասիրում ենք արվեստի պատմություն։ Այս առարկան հատկապես կարևորում եմ այն պատճառով, որ ներկայումս դպրոցներում չեն ուսումնասիրվում հայկական արվեստները:
Աշակերտների մեջ կան նաև ուսուցիչներ, ծնողներ, որոնք գալիս են, աշակերտների կողքին նստում նույն դասերին ու շատ կարծրատիպեր կոտրում։ Օրինակ՝ Չինարիի կենսաբանության ուսուցչուհի Մարիամը արդեն սովորում է թավջութակ նվագել, Այգեձորի գրականության ուսուցչուհի Արևը արվեստի պատմության խմբի ամենաակտիվ աշակերտներից է։
-Իսկ ի՞նչն է ամենաշատը հետաքրքրում երեխաներին։ Դասավանդման ընթացքից որևէ հետաքրքիր դրվագ, պատմություն կհիշե՞ք։
-Համարձակ են, սիրում են իրենց իմացածը պնդել, հակառակվել: Այգեձորում վաղմիջնադարյան ավերված եկեղեցի կա՝ Սուրբ Հռիփսիմեն։ Մի անգամ, երբ վատառողջ էի ու դաս չէի կարողանալու անցկացնել, մեր աշակերտ 7-րդ դասարանցի Հրաչը ուղեկցեց ինձ Սուրբ Հռիփսիմե։ Զրուցելով հասանք այնտեղ ու երբ մտանք ներս, տեսանք, որ ներսի պատերն ամբողջությամբ մոմակալած են, քանի որ տեղի բնակիչները հենց պատի վրա էին մոմերը վառել։ Որոշեցինք մաքրել պատերն ու տեսքի բերել ընդհանուր տարածքը։ Հրաչը ամեն ինչ անում էր, որ ավելի հեշտ կարողանանք մաքրել։ Ճիշտ է, ամբողջությամբ չավարտեցինք, բայց այդ օրը ևս մի հայի գիտակցության մեջ իր երկրին տեր և հոգատար լինելու գիտակցություն արթնացավ։
-Ապագայում ի՞նչ ծրագրեր ունի «Մշակութամետ»-ը:
-Մեր երազանքն է Հայաստանի բոլոր գյուղերը դարձնել մշակութամետ, լինել բոլոր գյուղերում։ Այդ պատճառով մեր արմատները տարածվելու են ամենուր։ Արդեն իսկ մեր ներդրումն ունենք Ճամբարակի և Գորիսի գյուղերում, կազմակերպել ենք տեղի դպրոցականների հաճախումը մոտակա քաղաքի երաժշտական կամ արվեստի դպրոց։
-Եվ վերջում՝ ո՞վ է Սիման։
-Սիման մշակութամետ է, մեկը, ով հայրենիքի, պետության, մանկության, արժեքների փրկությունը տեսնում է միայն մշակույթի լույսի ներքո։
Պատրաստեց Շուշան ԲԱԲԱՅԱՆԸ