- Ուզո՞ւմ եք լինել Աստծո որդիներ և ժառանգել երկնքի արքայությունը, - հարցնում է քահանան:
- Այո, - պատասխանում են երեխաները:
- Ուզո՞ւմ եք մկրտվել, - հարցնում է քահանան:
- Այո, - պատասխանում են երեխաները:
Իրականում ոչ միայն բուն մկրտության արարողությամբ, այլ հենց այս որոշումը կայացնելու պահին և հաստատակամ «այո» ասելու ժամանակ է, որ մարդն ընդունում է Աստծուն ու դառնում քրիստոնյա:
Հուլիսի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 10 սաների մկրտությունը:
«Մկրտությամբ կատարվում է Աստծո հրաշքը, և երեխան դառնում է Աստծո զավակ: Ամեն կիրակի մանկատան սաները գալիս են եկեղեցի և մասնակցում Սուրբ Պատարագին, այդ պատճառով կարևոր է, որ Սուրբ Պատարագից հետո նրանք կարողանան Սուրբ Հաղորդություն ստանալ և հաղորդակցվել Աստծո հետ: Սա առաջին դեպքը չէ, որ մանկատան սաների մկրտություն ենք կատարում: Սակայն կարևորը զուտ մկրտության երևույթը չէ: Անկախ նրանից, թե երեխան որտեղ է գտնվում՝ մանկատանը, ընտանիքում, թե օտար երկրում, պետք է մեծանա որպես քրիստոնյա: Այսինքն, երեխան պիտի կապված լինի Եկեղեցու հետ, իսկ մկրտությունը դարձնում է նրան Եկեղեցու լիարժեք անդամ», - ասում է երեցկին Անահիտը:
Սա առաջին դեպքը չէր, երբ այս եկեղեցում մկրտվում էին Մարի Իզմիրյլանի անվան մանկատան սաները: Այսօր հերթական անգամ առիթ ստեղծվեց մկրտել ևս 10 երեխայի: Նրանց համար ևս կատարվեց Աստծո հրաշքը, և 10 երեխա նույնպես դարձավ Աստծո ընտանիքի լիարժեք զավակ և անդամ:
Երեխաների կնքահայրը Բաբկեն Վարդանյանն է, ով մեծ ոգևորությամբ է մոտենում այս խորհրդին:
«Պատասխանատվությունն, իհարկե, մեծ է, բայց միակ ցանկությունս այն է, որ բոլոր երեխաներն առողջանան: Բոլոր աղոթքներս ուղղված են նրան, որ հայրենիքումս ոչ մի երեխա առանց մկրտության չմնա», - ասում է երեխաների կնքահայրը:
Հասմիկ Թամամյան
Լուսանկարիչ Գուրգեն Թադևոսյան