«Մեզ նոր հերոսներ պետք չեն, մեր հայրենիքում սրբազան նահատակների շիրիմներն արդեն շատ են»

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Մեզ նոր հերոսներ պետք չեն, մեր հայրենիքում սրբազան նահատակների շիրիմներն արդեն շատ են»

«Մեզ նոր հերոսներ պետք չեն, մեր հայրենիքում սրբազան նահատակների շիրիմներն արդեն շատ են»

Արդեն 25 տարի է, որ Վեդիում մայիսի 18-ին քաղաքի բնակիչները հավաքվում են ազատամարտի զոհերի պանթեոնում: Ուղիղ 25 տարի առաջ՝ 92-ի մայիսի 18-ին, Երասխի կռիվներում նահատակվեցին իրենց համաքաղաքացիները՝ Մարտին Վարդանյանն ու Մարատ Խաչատրյանը: Ու նրանց շիրիմները դարձան ուխտատեղի: Տարիների ընթացքում այստեղ հավաքվեցին մյուս ազատամարտիկների ու զինվորների աճյունները… Բոլորի հիշատակը վառ են պահում, նրանից շատերի անուններով դասարաններ են կոչվել Վեդու դպրոցներում: Եվ արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի շրջանավարտներն այդ օրը գալիս են պանթեոն՝ հայրենիքին ու ազատամարտիկների գործին հավատարմության երդում տալու: 

Հիշարժան օրը կրկին հավաքվել էին Վեդու դպրոցականները, նրանց ծնողները՝ Արարատյան Հայրապետական թեմի Վեդու Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանի և քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի գլխավորությամբ:


Մինչ հնչում էին վեդեցի նահատակների անունները, ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսաբար ընկած Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմը, սպիտակ ծաղիկներ էր դնում բոլոր շիրիմներին, այնքան կանգնում յուրաքանչյուր նահատակ զինվորի շիրիմի մոտ, որքան իր որդու … Սևազգեստ հոր աչքերում վիշտն ու մորմոքը տեղի էին տվել հպարտությանը…


Հետո հնչեց մեր պետության օրհներգը… Խաչքար-հուշաքարի մոտ ծածանվող երկու հայկական պետությունների դրոշներն էին միայն շարժվում…


Տ. Հովակիմի գլխավորությամբ օրհներգից հետո միասնաբար հնչեց Տերունական աղոթքը… Աղոթքից հետո Տեր հայրը կատարեց նախ Երիտասարդների օրհնության կարգ, ապա՝ Հոգեհանգստյան կարգ և խնկարկեց նահատակ զինվորների շիրիմները:


Շրջանավարտները զույգ-զույգ մոտեցան ու ծաղիկներ դրեցին շիրմաքարերին, պատվո պահակախմբի նման կանգնեցին դրանց գլխավերևում ու խոսեցին հայրենիքի ու անձնվիրումի մասին: Արցունքի կաթիլներ սկսեցին հոսել զինվորների հարազատների ու միջոցառմանը մասնակից կանանց աչքերից, երբ շրջանավարտ տղաները սկսեցին երգել Արմեն Մովսիսյանի «Վեր կաց, եղբայր իմ» երգը: Երգեցին, լռեցին ու նորից խոսեցին նահատակների հետ:


Եվ բոլորը միասին՝ բաց ճակատով, հաստատակամությամբ երդվեցին լինել նրանց գործի շարունակողը, ազնիվ ապրել, սիրել ու պաշտպանել Հայաստանն ամենուր` որտեղ էլ լինեն, ինչ գործ էլ անեն:


Այսօր ճերմակ հագած պատանիները վաղը դառնալու են երիտասարդ ու հագնելու զինվորական համազգեստ կամ զինվորներին նամակ գրող ու անհամբեր սպասող աղջիկներ: Այսօր նրանք խոսում են հերոսության մասին, վաղն իրենք են լինելու հերոսներ… Ու ինչպես նրանք աացին՝ «Մեզ նոր հերոսներ պետք չեն, մեր հայրենիքում սրբազան նահատակների շիրիմներն արդեն շատ են»: Թող նրանց հերոսությունը կերտելով լինի, անարյուն լինի… Թող իրենց համերկրացի Անդրանիկ Զոհրաբյանը վերջին նահատակը լինի:

  • 2017-05-19
×