Ս. Հարության տոնին նվիրված միջոցառումները Արարատյան Հայրապետական թեմում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս. Հարության տոնին նվիրված միջոցառումները Արարատյան Հայրապետական թեմում

Ս. Հարության տոնին նվիրված միջոցառումները Արարատյան Հայրապետական թեմում

Ապրիլի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Հարության տոնը: Այդ առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական Ս. Պատարագ: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ հավարտ Ս. Պատարագի թեմի մի շարք եկեղեցիներում իրականացվեցին տոնական միջոցառումներ:


Տոնի նախորդ օրը ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի և երիտասարդական միությունների նախաձեռնությամբ իրականացվեց «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Հանրապետության հրապարակ: Քարե գորգի վրա երիտասարդները վառվող կանթեղներով խաչ կազմեցին` ավետելով Քրիստոսի հրաշափառ Հարությունը:


Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում Ս. Հարության տոնի առթիվ կազմակերպվեց թեմատիկ ցուցահանդես և զատկական կերակրատեսակների հյուրասիրություն: Ս. Սարգիս եկեղեցու բակը զարդավել էր զատկական տաղավարներով՝ Նոր Նորքի թիվ 101, 102, 104, 108, 113, 116, 120 մանկապարտեզների ջանքերով:


Էրեբունի վարչական շրջանի «Մանկական» զբոսայգում կազմակերպվել էր Ս. Հարության տոնին նվիրված ցերեկույթ, որի ընթացքում տեղի ունեցան օրվա խորհրդին համապատասխան թեմատիկ միջոցառումներ՝ ազգային երգուպար, ուտեստների ցուցադրություն, խաղեր, մրցույթներ:


Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում հավարտ Ս. Պատարագի տոնը խորհրդանշող բարիքներն օրհնվեցին և բաժանվեցին՝ ի վայելումն բնակիչների: Ս. Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի սաներն ազգային երգուպարով միջոցառումը վերածեցին ժողովրդական տոնախմբության:


Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու բակում Ավան վարչական շրջանի աջակցությամբ Հարության տոնը նշվեց մեծ տոնախմբությամբ, որից հետո միջոցառումը շարունակվեց Ս. Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցու բակում: Ավանի հոգևոր հովիվ Տ. Հարություն քհն. Ավագյանն օրհնեց զատկական սեղանը, որից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:
Միջոցառման համերգային մասում հանդես եկան Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի դհոլահարների խումբը, «Հայաստան» պարի համույթը, Ավանի մշակույթի տան «Վերադարձ» ազգագրական երգի-պարի խումբը, «Տաթև» պարի համույթը։


Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդաց միության անդամները Ճրագալույցի Ս. Պատարագից հետո խումբ-խումբ շրջեցին Մասիս քաղաքում` ընտանիքներին փոխանցելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության Ավետիսը, ինչպես նաև նվիրելով հավկիթներ, ճրագներ և տոնական թերթոններ:


Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու բակում կազմակերպվեց տոնին նվիրված միջոցառում և հյուրասիրություն։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2017-04-16
×