Դեկտեմբերի 24-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը նշեց Ամանորը:
Կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն ամանորյա միջոցառումը սկսեց Տերունական աղոթքով: «Սրտագին շնորհավորանքներս եմ ուղղում ձեզ և ձեր ընտանիքներին և գոհաբանությունս հայտնում մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ Իր անսահման սիրո, երկայնամտության ու ողորմածության համար, որ արժանացրեց մեզ ևս մեկ տարի անցնկացնելու և միասին նորը դիմավորելու: Վստահ եմ, որ բոլորս էլ անցել ենք մեծ ու փոքր փորձությունների, նեղությունների ու վշտերի միջով, սակայն դիմացել ենք ի փառս Հիսուս Քրիստոսի: Աղոթում եմ Երկնավոր Հորը, որպեսզի Իր երանելի օրհնությունը պարգևի համայն հայությանը, Իր բազմաթիվ առաքինություններով զարդարի ամենքիս հոգիներն ու մեր սրտերից երբեք չպակասի առ Աստված և առ մերձավոր ունեցած սերը, հույսն ու հավատը, որպեսզի Բարձրյալի Սուրբ Աջի հովանու ներքո մուտք գործենք Նոր տարի և այն պահապան լինի մեզ ողջ տարվա ընթացքում», - ասաց Տեր Գրիգորը:
Կենտրոնի աշխատակիցների, շահառուների և նրանց երեխաների ջանասիրությամբ դահլիճը տոնական տեսք էր ստացել: Նրանց շնորհավորելու էին եկել խաղավարները, Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Հետաքրքրաշարժ խաղերի, երգի ու պարի ուրախ ու հեքիաթային աշխարհ էին ստեղծել իրենց շուրջը Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ինչպես միշտ, այս անգամ էլ Ձմեռ պապը ձեռնունայն չէր եկել, տոնական նվերներ էր պատրաստել թե՛ երեխաների և թե՛ նրանց ծնողների համար:
Ձմեռ պապը երեխաներին փոխանցեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և «Մարտին Սթար» ընկերության կողմից տրամադրած հագուստ և սնունդ, նաև Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության կողմից տրամադրած «Երեխաները կարդում են Աստվածաշունչը» և «Սուրբ Ծննդյան պատմությունը» գրքերը, իսկ կենտրոնի շահառուններից երեսուն ընտանիքների Ձմեռ պապը փոխանցեց սննդի փաթեթներ, որոնք տրամադրել էր Արարատյան Հայրապետական թեմը և ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը:
Կարինե Սուգիկյան