Հետևելով սուրբ և անարատ բարեպաշտությանը

Հետևելով սուրբ և անարատ բարեպաշտությանը

Հոկտեմբերի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իրականացրեց իր հերթական տնայցը, ինչը մեծ ուրախություն պատճառեց 66-ամյա Ռաիսա Վարոսյանին: Տիկին Ռաիսան ամուսնու մահից հետո արդեն տասնութ տարի բնակվում է Ադոնցի 8 հասցեին հարակից տարածքում գտնվող տնակում: Առ այսօր տնակը զուրկ է ջրամատակարարումից և միայն վերջին շրջանում է, որ տիկին Ռաիսային հոսանք է մատակարարվում: Ամեն օր խմելու և օգտագործման ջուր ունենալու համար տիկին Ռաիսան, բավականին տարածք անցնելով՝ ջուր է կրում: Նա ասաց, որ այդ ծանրությունը կրելու պատճառով առողջական խնդիրներ են առաջ եկել՝ ընդհուպ մինչև ոտքի վիրհատության անհրաժեշտություն: Դժվարությամբ, բայց և ճարահատյալ աշխատում է տիկին Ռաիսան և աշխատավարձի ու թոշակի գումարներով փորձում է մասամբ լուծել իր ամենօրյա և առողջության հետ կապված խնդիրները: Նա մեկ դուստր ունի, ով ընտանիք է կազմել և ի վիճակի չէ իրեն օգնել:


Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և տիկին Ռաիսային հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի տրամադրած դրամական օգնությունը (100 ԱՄՆ դոլար):


Աստծուն ծառայելու փափագ ունեցող մարդիկ կատարում են բարեպաշտության զանազան գործեր: Ոմանք նվիրվում են հիվանդների խնամքին, ոմանք՝ աղքատներին օգնելուն, ոմանք՝ քրիստոնեական ուսմունքը երեխաների մեջ տարածելուն, ոմանք մոլորվածներին և ընկածներին են ձեռք մեկնում, ոմանք եկեղեցիներ և խորաններ են զարդարում, ոմանք փորձում են մարդկանց մեջ խաղաղություն և համերաշխություն հաստատել:


Իսկ մի հոգևորական Աստծուն ծառայելու իր ճանապարհին փորձում էր հոգեշահ քարոզխոսությամբ մեծ թվով մարդկանց առ Աստված բերել, ինչի հետ կապված նա հետևյալ համոզմանն էր եկել և այս գրառումը թողել. «Կար ժամանակ, երբ ես ցանկանում էի հարյուր լեզու սովորել, և այդ բոլոր լեզուներով մարդկանց պատմել ավետարանական պատմությունները: «Թող միլիոնավոր մարդիկ հավատան Քրիստոսին», - մտածում էի ես և հաստատակամորեն անգիր էի սովորում թուրքերեն, ֆրանսերեն արտահայտություններ, բայեր, պարսկերեն առածներ:


Մի օր առևտրի կենտրոնի հարևանությամբ տեսա ողորմություն խնդրող մի կորեացու կամ վիետնամցու: Նա չգիտեր մեր լեզուն և չէր կարող պատմել, թե ինչպես է այդտեղ հայտնվել: Նրան ոչ թե գումար, այլ սնունդ էր հարկավոր, դա կարելի էր կարդալ նրա աչքերում: Եվ ես, նրա ձեռքից բռնելով՝ տարա նրան արագ սննդի մի կետ և նրա համար գնեցի հաց, ապուր, հյութ և երկրորդ ճաշի համար անհրաժեշտ սնունդ : Ոչինչ չասացի նրան, այլ մտածեցի. «Հանուն Քեզ, Տեր»:


Դա եղել է մի քանի տարի առաջ, այդպես էլ ես լեզուներ չսովորեցի, բայց դա եղավ իմ լավագույն քարոզը»:


«Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծո և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, անարատ պահել իր անձն աշխարհից» (Հակոբոս 1:27):

 


Կարինե Սուգիկյան

  • 2016-10-21
×