Ուխտագնացություն Արագածոտնի մարզ

Ուխտագնացություն Արագածոտնի մարզ

ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու բարի կամքի տեր հավատավոր երիտասարդներն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ հոկտեմբերի 22-ին ուղևորվեցին Արագածոտնի մարզի եկեղեցիներ: Երիտասարդ ուխտավորներին առաջնորդում էր Նարեկ սրկ. Պետրոսյանը:

 

Ս. Երրորդություն եկեղեցու Երիտասարդաց միության համար սովորություն է յուրաքանչյուր ձեռնարկություն սկսել աղոթքով և ողջ ընթացքում մնալ աղոթական վիճակում: Այս ուխտագնացությունն էլ բացառություն չէր: Ուխտագնացները բարձր տրամադրությամբ ճանապարհ ընկան դեպի Աստծո տներ, ճանապարհն անցան հոգևոր երգերով ու աղոթքներով: Մեկ ժամ չանցած նրանք արդեն Աշտարակի Ս. Գևորգ եկեղեցում էին: «Հայր մեր» և «Տեր ողորմեա» աղոթքներն արտասանեցին, բարձունքում տեղակայված նորակառույց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի: Պատարագիչ Տ. Եղիշե քահանան ուրախությամբ դիմավորեց երիտասարդներին՝ իր քարոզում նշելով, որ երիտասարդների այցը հենց այդ օրը պատահական չէր, այլ՝ Աստծո կամոք, որովհետև տասներկու վարդապետների տոնին Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին չէր կարող դատարկ լինել: Իր քարոզում տեր հայրն առանձնացրեց Բարսեղ վարդապետին, ում գործած հրաշքների մասին պատմեց ուխտավորներին: Հաղորդվելով Տիրոջ Մարմնին և Արյանը՝ երիտասարդները պատրաստվում էին շարժվել դեպի մյուս ուխտատեղի, բայց քանի որ եղանակը ցուրտ էր ու շատերը մրսում էին, եկեղեցու շուրջ մի մեծ շրջան բռնեցին և երգուպարով հեռացան: Հաջորդ կանգառը 12-րդ դարի կառույց Ս. Մարիանե եկեղեցին էր, որը կրում է 3-րդ դարում ապրած սրբի անունը: Տեղի հոգևորականը ողջունեց երիտասարդներին՝ նշելով, թե իր համար  չափազանց ուրախալի է, որ եկեղեցին երիտասարդանում է և իր շուրջ համախմբում այսպիսի հավատավոր երիտասարդների: Տեր հայրը ուխտավորներին ծանոթացրեց Աշտարակի շրջանի Երիտասարդաց միության պատասխանատու Խաչատուր դպիրի հետ, ով պատմեց իրենց միության գործունեության մասին: Զրույցի ընթացքում համաձայնություն եղավ մշտապես համագործակցել ու շփվել երկու միությունների մակարդակով: Խաչատուր դպիրի ուղեկցությամբ երիտասարդները եղան նաև Աշտարակ քաղաքի Կարմրավոր կամ Ս. Աստվածածին, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիներում և իրենց աղոթքը հնչեցրեցին առ Աստված՝ հայցելով Տիրոջ ողորմածությունն և պահպանությունը: Երիտասարդներն այցելեցին նաև Օհանավան գյուղի Ս. Հովհաննավանք և Կարբի գյուղի Ս. Աստվածածին եկեղեցիներ:



Հռիփսիմե Գալստյան

  • 2016-10-22
×