«Սերը բարության ճառագայթումն է»

«Սերը բարության ճառագայթումն է»

Աստված մարդուն արարել է հոգևոր շնորհներով և զորություններով, սակայն դրանք պետք է գործածել, հակառակ դեպքում կնվազեն և կկորսվեն: Աստվածասեր քրիստոնյան,  աստվածապարգև իր շնորհներն ու զորությունները գործածելով՝ փորձում է իր յուրաքանչյուր օրը սրբացնել` զարդարելով այն աստվածահաճո և առաքինի գործերով: Աստծուն և մերձավորին սիրողը ճշմարիտ պաշտամունք է մատուցում Տիրոջը՝ վայելելով աստվածային ներկայության երանությունը:
 

Այդ երանությունը վայելելու ուրախությունն ապրեց նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, երբ հոկտեմբերի 19-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Ավան, Իսահակյան թաղամասի 4/24 հասցեում բնակվող Փոթոյան ընտանիքին: Տասը տարի առաջ ընտանիքի երեք որդիներից մեկը Հայոց բանակի Մատաղիս զորամասում զինվորական ծառայություն իրականացնելիս զոհվել է ականի պայթյունից: Ընտանիքի մայրը՝ 61-ամյա Ալետա Փոթոյանը, ասաց, որ տղաներից մեկն ընտանիք է կազմել, մյուսն ունի առողջական խնդիրներ և ի վիճակի չէ աշխատել: Առողջական խնդիրների պատճառով չեն աշխատում նաև տիկին Ալետան և իր ամուսինը, ով մի քանի վիրահատություններ է տարել: Կարիքավոր ընտանիքը փորձում է իր կարիքները հոգալ ընտանիքի երեք անդամներին տրամադրվող թոշակների գումարներով:
 

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար և նրանց հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնությունը՝ 100 ԱՄՆ դոլար:
 

«Տիեզերքի ստեղծագործութեան ոյժը Սէրն է: Մարդու կեանքի երջանկութեան աղբիւրը Սէրն է: Սէրը՝ որ կեանքով ու գործով կարտահայտուի, ծառայութեամբ ու բարիքով կմարմնանայ և, ի հարկին, խաչով կկնքուի: Սէրը, իսկական, վաւերական սէրը պարզ է, այսինքն՝ ճառագայթում բարութեան, ծառայութեան՝ անստուեր, անխառն, անսակարկ», - ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը:
 

 

 Կարինե Սուգիկյան

  • 2016-10-20
×