Հոկտեմբերի 15-ին` Ս. Մատթեոս, Ս. Մարկոս, Ս. Ղուկաս և Ս. Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնի առթիվ, ԱՀԹ-ի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ կատարեց ուխտագնացություն Օձուն, Սանահին և Հաղպատ: Օձունի եկեղեցում մատուցվեց Սուրբ և անմահ Պատարագ, որից հետո ուխտավորներն այցելեցին Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ:
Ըստ ավանդության՝ Օձունի եկեղեցին հիմնադրվել է դեռևս առաջին դարում՝ Ս. Թովմա առաքյալի կողմից, ով եկեղեցու տեղում օծել է քահանաների ու եպիսկոպոսների: 4-րդ դարում Ս. Գրիգոր Լուսավորիչն ու Ս. Տրդատ Գ թագավորը միանավ բազիլիկ են կառուցել նույն տեղում՝ ի կատար ածելով քրիստոնեությունը տարածելու առաքելությունը: Եկեղեցու այսօրվա շենքը կառուցվել է 5-րդ դարում՝ նույն տեղում և արդեն եռանավ բազիլիկ է, որի գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացվել են 6-րդ դարում, իսկ 1888թ.՝ զանգակատները: Ի դեպ, 1930-1950-ականներին եկեղեցու գմբեթի խաչը փոխարինվել էր հինգթևանի աստղով՝ ստալինյան աթեիստական բռնապետությանը զոհ չգնալու համար: Եկեղեցու կողքին 5-6-րդ դարերի մահարձան է՝ աստիճաններին տեղադրված է կրկնակի կամար, որի որմնախորշերում քրիստոնեական պատկերագրության փորագրված դրվագներ ու նախշազարդեր կրող սյուներ են։ Հայաստանում մահարձանները քիչ չեն, բայց այս մեկի նմանը ոչ մի տեղ չես գտնի: Այն կարծես եկեղեցին հսկող պահակ լինի, նրա քունն ու դադարը պահպանողը: Վարդագույն քարով կառուցված երկու կոթողները, թվում է, թե արևից շիկացել են, տեղ-տեղ՝ անգամ վառվել, բայց դրանից միայն առավել աչքի են ընկնում կանաչի ֆոնին: Եկեղեցու շուրջը նաև բազմաթիվ տապանաքարեր, այլ մահարձաններ ու խաչքարեր կան, որոնք հիմնականում միջնադարյան հոգևորականների գերեզմաններ են:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին