Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 12-ը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցու համայնքի անդամները, եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ, մեկնեցին ուխտագնացության Երուսաղեմ։
Ուխտավորները հնարավորություն ունեցան մասնակցել Ս. Պատարագների, լինել տերունակոխ սրբավայրերում և հաղորդակցվել քրիստոնեական սրբություններին։
Մատենագիրները վկայում են, որ հայերը եղել են Երուսաղեմի առաջին ուխտավորներից։ Դեռևս 7-րդ դարում հայերը յոթանասուն վանք են ունեցել Երուսաղեմում։ Հայոց անդրանիկ հավատացյալ թագավոր Աբգար Առաջինի դարձից հետո, նրա բարեպաշտ կինը` Հեղինեն, մատուռներ է կառուցել և՛ Գլխադիր կոչված Խորանին (Ս. Հակոբյանց վանք), և՛ այլ վայրերում, ուր առ այսօր հայկական վանքեր ու եկեղեցիներ կան:
Երուսաղեմը մի շարք անվանումներ է ունեցել իր պատմության ընթացքում: Ըստ հրեական Միդրաշի՝ «Երուսաղեմը 70 անուն ուներ»: Այն Սաղեմ քաղաքն է, որի թագավորն էր Մելքիսեդեկը, ով հաց ու գինի է հյուրասիրել և օրհնել պատերազմից հաղթությամբ վերադարձած Աբրահամին (Ծննդ. 14.18): Սաղեմը հետագայում անվանեցին Հեբուս, որտեղ տեղաբնակների՝ հեբուսացիների հետ համատեղ բնակվում էին իսրայելացիներ:
Հրաշքներով ու հոգևոր խաղաղությամբ է լցված այս քաղաքը, որին հաղորդակից է դառնում յուրաքանչյուր ուխտավոր, ով հավատով գալիս է ու քայլում Քրիստոսի հետքերով։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին