Հաճախ ենք լսում, որ գրաբարը հին, դժվար ու մոռացված լեզու է: Երևանի թիվ 107 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Աշխեն Պետրոսյանն այդ կարծիքին չէ: Նա տիրապետում է գրաբարի ուղղագրական, քերականական կանոններին ու «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակերում անցկացվող օլիմպիադայի հաղթողներից է: Ծրագիրն Աշխենին հնարավորություն է տվել ծանոթանալ ոսկեղենիկ գրաբարին ու բացահայտել նրա հազար ու մի գաղտնիքները:
Գրաբարի շուրջ ստեղծված բազմաթիվ կարծրատիպերը վերացնելու նպատակով Արարատյան Հայրապետական թեմը` առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օգնությամբ, ձեռնամուխ եղավ «Գրաբարյան օրեր» ծրագրի ստեղծմանը: Ծրագրի նպատակն է ցույց տալ, որ գրաբար հասկանալն ու սովորելը ամենևին դժվար չէ և հենց գրաբարն է, որ մեզ հասու է դարձնում մեր նախնիների ժառանգությանը: «Գրաբարյան օրեր» ծրագիրը միայն օլիմպիադայով չի սահմանափակվում. այն նաև ներառում է ինտելեկտուալ խաղեր և ուխտագնացություններ:
Հուիսի 29-ը դեպի Բջնի ուխտագնացություն կատարելու օրն էր: Ուխտագնացությանը մասնակցեցին գրաբարի օլիմպիադային մասնկացած բոլոր աշակերտները` իրենց ուսուցիչների և ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ: Ուխտագնացների առաջին կանգառը 11-րդ դարում Պետրոս Գետադարձ կաթողիկոսի հրամանով կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին էր: Աշակերտների այցը միայն մոմավառությամբ ու ժամերգությամբ չավարտվեց: Երեխաները մասնակցեցին նաև եկեղեցու մաքրման աշխատանքներին` խոտածածկից ազատելով եկեղեցու բակը:
Ուխտագնացության ընթացքում կազմակերպված ինտելեկտուալ խաղերով ու բանավեճերով աշակերտները ձեռք բերեցին նոր գիտելիքներ:
Ուխտագնացների հաջորդ կանգառը 7-րդ դարում կառուցված Ս. Սարգիս մատուռն էր: Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով` խումբն ի վերջո բարձր բլրին վեր խոյացող սրբավայրում էր:
«Գրաբարյան օրեր» ծրագրից գոհ էին թե' աշակերտերը, թե' ուսուցիչերը: Բոլորն ակնկալում էին, որ ծրագիրն անպայման շարունակական բնույթ կկրի:
Կոջոյան կրթահամալիրի ուսուցչուհի Անահիտ Շահինյանը ծրագրում առաջնահերթ կարևորեց մեր արմատներին մոտենալը, ինչն էլ նպաստում է ազգային հիմքի ամրությանը. «Լավ կլիներ, որ լեզուն ավելի խորը ուսումնասիրելու համար առանձին դասաժամեր տրամդրվեին: Նաև ցանկալի կլիներ, որ հայորդաց տները նույնպես զբաղվեն գրաբարի դասավանդմամբ»:
Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի պատասխանատու Տ. Պարթև քահանա Մուրադյանը զրույցում նշեց, որ գրաբարի դպրոցներից բացի կան քահանաներ, ովքեր եկեղեցուն կից կառույցներում գրաբարի դասընթացներ են կազմակերպել:
Տեր Պարթևի խոսքով` թեև գրաբարն առօրյայում օգտագործվող լեզու չէ, բայց մեր հին ժառանգության մեծագույն կրողն է. «Նորի գալուստով հինը չպետք է մոռացվի, չէ՞ որ գրաբարը ծեսի, մեր հոգևոր ավանդույթների լեզուն է և այն մեզ հնարավորինս շատ մոտեցնում է մեր հավատքին»:
Տեր Պարթևը նաև նշեց, որ ծրագիրն աճելու միտումներ ունի. ծրագրում պետք է ընդգրկվեն նաև մարզերի աշակերտներ ու բացի օլիմպիադաներից պետք է նաև ինտելեկտուալ նոր մրցույթներ կազմակերպվեն` երեխաներին ոգևորելու և ծրագիրն ավելի հետաքրքիր դարձնելու համար:
Էլմիրա Միրաբյան