Աջակցություն Արցախի սահմանապահներին

Աջակցություն Արցախի սահմանապահներին

Հունիսի 2-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ս. Երրոդություն եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանի գլխավորությամբ այցելեց Մարտակերտի շրջանի Մատաղիսի և Հորաթաղի N զորամասեր ու պաշտպանական հենակետեր: Նրանք իրենց հետ տարել էին համայնքների կողմից զինվորների համար հանգանակված օգնությունը` զինվորական անհրաժեշտ պարագաներ, կենցաղային իրեր, սնունդ:

 

Այցելուները զորամասերից մեկի Ս. Գևորգ եկեղեցում խաղաղության աղոթք առաքեցին առ Աստված: Հանդիպումներ ունեցան նաև դիրքերում ծառայող զինվորների հետ՝ մաղթելով Աստծո օրհնությամբ և մեր հերոս նախնիների ու քառօրյայի ժամանակ նահատակված հերոսների ոգով խաղաղությամբ պաշտպանել Հայրենիքի սահմաններն, անփորձանք վերադառնալ տուն:

 

Տեր հորը փոխանցվեց նաև N զորամասի հրամանատար գնդապետ Է. Մկրտումյանի շնորհակալագիրը Արարատյան Հայրապետական թեմի Ս. Երրորդություն և Ս. Աննա եկեղեցիների համայնքներին ու հոգևորականաց դասին` հոգևոր ու նյութական աջակցությամբ նեցուկ լինելու համար:

 

Ապրիլյան պատերազմի լարված օրերին ու դրանից հետո Արարատյան Հայրապետական թեմը ևս ձեռնարկեց Արցախին աջակցելու ծրագրեր: Նման այցելությունների ընթացքում համայնքների կողմից հանգանակված սննդի, առաջին անհրաժեշտության իրերի ու զինվորական պարագաների արդեն իններորդ խմբաքանակն է հասցվում սահմանապահներին:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-06-02
×