Հունիսի 1-ին «Զորավոր մանկունք»-ն իր ելույթով նշանավորեց երեխաների տոնը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հունիսի 1-ին «Զորավոր մանկունք»-ն իր ելույթով նշանավորեց երեխաների տոնը

Հունիսի 1-ին «Զորավոր մանկունք»-ն իր ելույթով նշանավորեց երեխաների տոնը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանի գլխավորությամբ «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղի դահլիճում հանդես եկավ համերգային ընդգրկուն ծրագրով:


«Զարթիք փառք իմ» շարականի երգեցողությամբ «Զորավոր մանկունք»-ը մուտք գործեց դահլիճ՝ ազդարարելով ելույթի սկիզբը: Հանդիսատեսը՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, համակ ուշադրությամբ և հիացած ունկնդրում էր հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության անգին գոհարները: Երգչախումբը հոգևոր երգի ակունքից հնչեցրեց Ս. Մեսրոպ Մաշտոցի «Բազում են քո գթութիւնքդ» շարականը, կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանի մշակմամբ՝ Մովսես Խորենացու «Մեծացուսցէ»-ն, դանդաղ և արագ ավետիսները, կոմիտասյան մշակումներից շարականներ, Ս. Պատարագից հատվածներ՝ «Այսօր ձայնն հայրական», «Տեր ողորմեա»-ն, «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ», «Զանճառելի լուսոյ մայր», ժողովրդական երգերից՝ «Երկինքն ամպել ա», «Առնեմ էրթամ իմ յարը», «Ալյագազ և խնկի ծառ», «Մարոն ա կայնե», նաև Ս. Աստվածամորը նվիրված շարականներ: «Զարթիք փառք իմ» շարականի երգեցողությամբ էլ ավարտվեց «Զորավոր մանկունք»-ի ելույթը:
Հագեցած օրն իր ներդաշնակ և հոգեշինիչ երաժշտությամբ հոգևոր բերկրանք էր պատճառել թե՛ «Զորավոր մանկունք»-ին և թե՛ ունկնդիրներին:


«Զորավոր մանկունք»-ից Ինեսա Փիլոյանը (13տ.) դեռ մանկուց երազել է հոգևոր երգեր կատարել, և այսօր նա մեծ ուրախություն է ապրում, քանի որ իր երազանքը կատարվել է. «Հոգևոր երգերը սկսեցի սիրել, երբ ուսումնասիրեցի մեր եկեղեցու պատմությունը: Ամեն անգամ շարականներ կատարելով՝ ես ավելի եմ մոտենում Աստծուն, զգում եմ, թե երգելիս ինչպես է բոլորիս վրա իջնում Աստծո օրհնությունը: Հաճախակի նաև մասնակից եմ լինում Ս. Պատարագի արարողությանը»:
Ինեսայի մայրիկը ևս շատ ուրախ է, որ իր աղջիկը «Զորավոր մանկունք» երգչախմբում է երգում, իսկ երեխաների օրվա առթիվ մաղթեց անհոգ մանկություն, երջանկություն և խաղաղություն:


«Զորավոր մանկունք» երգչախմբում երգելով՝ Մարիա Խզմալյանը (9տ.) երգի միջոցով բացահայտել է իրեն հարազատ մի աշխարհ՝ հոգևոր աշխարհը: Երգչախմբի փորձից առաջ նա ամեն անգամ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի մտնելով՝ աղոթում է ողջ աշխարհի խաղաղության համար: Մարիան իր հասակակիցներին մաղթեց, որպեսզի բոլորն իրենց կյանքում գտնեն Աստծուն և ծանոթանան ու երգեն մեր հոգևոր երգերը՝ շարականները:


Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը նշեց, որ յուրաքանչյուր ծնող, երեխային քրիստոնեաբար դաստիարակելով՝ դառնում է Աստծո տաճարի շինարարը. «Մեր երեխաները մեր կյանքի աստվածային սիրո կնիքն են, և հոգևոր երգը դեպի Աստված տանող այն ճանապարհն է, որով քայլում են մեր երեխաները: Այդ ճանապարհին նրանք լսում են Աստծո խոսքը, զգում Նրա սերը, ներկայությունը և օրհնությունը: Ուրախ եմ, որ մեր ծնողներն ունեն հոգևոր երգով իրենց երեխաներին քրիստոնեաբար կրթելու բարձր գիտակցությունը, քանի որ միտքը կրթելուց զատ չպետք է անտեսել նաև սիրտը, որը կյանքի աղբյուրն է և ուր պետք է միշտ վառ պահել աստվածային սերը»:

 



Կարինե Սուգիկյան

  • 2016-06-03
×