Աստվածտեսության երանելի ճանապարհին

Աստվածտեսության երանելի ճանապարհին

Հունիսի 2-ին Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ այցելեց Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մայիսյան 24 հասցեում բնակվող կարիքավոր ընտանիքին: Երկու սենյակներից բաղկացած բնակարանը ժամանակավոր կացարան է Թորոյան ընտանիքի համար: Երեք զավակներից մեկը հաճախում է գիշերօթիկ դպրոց: Ընտանիքի մայրը՝ Մուրադյան Արմինեն (35 տ.), չորս ամիս է, ինչ անկողնային հիվանդ է, չի կարողանում քայլել ոսկրային և ողնաշարային լուրջ խնդիրների պատճառով, բացի այդ ոտքի վրա էլ ուռուցք ունի: Ընտանիքին իր հնարավորության և կարողության չափով օգնում են Արմինեի ամուսնու՝ Թորոյան Պարույրի (39 տ.) ծնողները, ովքեր նույնպես սուղ պայմաններում ապրելով՝ վարկեր են վերցրել՝ փորձելով Արմինեի բուժման խնդիրները մասամբ լուծել: Թորոյան Պարույրն իր աշխատավարձով և կնոջ հիվանդության համար հատկացվող թոշակով չի կարողանում հոգալ ոչ ընտանիքի կարիքները, ոչ կնոջ բուժման ծախսերը և ոչ էլ վարկերի տոկոսները վճարել:

 

Տեր Գրիգորը ընտանիքի հետ զրույց ունեցավ, բժշկության աղոթք կարդաց, ապա նրանց հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնությունը, սննդի փաթեթներ, հիգիենայի ու անկողնային պարագաներ՝ մաղթելով ուժ, համբերություն և աստվածային հույսով լեցուն բազում օրեր:

 

Թորոյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին այն ուշադրության համար, որ ցուցաբերվեց իրենց ընտանիքի հանդեպ:

 



Կարինե Սուգիկյան

  • 2016-06-02
×