Մայիսի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի շարք համայնքներ ու կառույցներ Համբարձման տոնը նշեցին նաև ժողովրդական սովորույթներով:
Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը նույնպես մեծ շուքով նշեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Ինչպես բոլոր եկեղեցիներում, այնպես էլ այստեղ առավոտյան մատուցվեց Ս. Պատարագ: Իսկ երեկոյան ժամերգությունից առաջ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրան քահանա Առուշանյանի և խորհրդակատար Տ. Գաբրիել քահանա Պետրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խաչերթ:
Խաչվառների ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Մալաթիայի Հայորդաց տան թմբկահարների խմբի ուղեկցությամբ եկեղեցու համայնքի անդամները խաչապտույտ կատարեցին թաղամասում: Մասնակիցները Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու բակից թմբուկներով, զուռնա-դհոլով շարժվեցին դեպի մոտակա շենքերի բակեր` բնակիչներին մասնակից դարձնելով տոնին: Բակերում կազմակերպվեցին վիճակահանություններ, շուրջպար, որից հետո բոլորը միասին շարժվեցին դեպի Ս. Գրիգոր Նարեկացու արձանը: Այնտեղ Տեր հայրերն օրհնեցին մասնակիցներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին